ՀՀ դեսպանը Իրաքի քաղավիացիայի ղեկավարի հետ քննարկել է Երևանի և Բաղդադի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը
05:32 - 03 ապրիլի, 2019

ՀՀ դեսպանը Իրաքի քաղավիացիայի ղեկավարի հետ քննարկել է Երևանի և Բաղդադի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ապրիլի 2-ին հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim):
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Այնտեղ մասնավորապես նշված է․«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծեց վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում ստորագրման կարևորության մասին։

Գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմը, նշելով իրենց կողմից՝ Հայաստանը որպես զբոսաշրջային բարեկամ երկրի առաջնայության դիտարկման մասին, պատրաստակամություն հայտնեց վերագործարկելու երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային կանոնավոր չվերթները՝ կարևորելով հայկական կողմի՝ իրաքցիներին արտոնագրային որոշակի դյուրացումներ տրամադրելու հարցի վերանայման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվեցին մոտ ժամանակներս կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ օդային հաղորդակցության բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել