Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|
19:46 - 05 հունիսի, 2021

Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|

armtimes.am: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակում էր, 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել իր  «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ:

Արման Բաբաջանյանն ընտրություններին դաշինքով հանդես կգա  «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության հետ: Դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Արման Բաբաջանյանն է:

Պատգամավորի խոսքով՝ ի սկզբանե  «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտում խնդիր էր դրել ապահովել լայն համախմբում այն քաղաքական ուժերի, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը քննարկման առարկա չեն, եւ համատեղ ջանքերով, նախ, բացառել նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի մնացուկների ռեւանշի որեւէ հնարավորություն, մյուս կողմից, ստիպել իշխանությանը հետեւողականորեն իրագործել երկրում արմատական համակարգային բարեփոխումների օրակարգը։ Իսկ Լեւոն Շիրինյանը, որը «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության ղեկավարն է, առաջինն է կիսել իրենց մտահոգությունները ու պատկերացումները:

ՀԺ-ի հարցազրույցը Արման Բաբաջանյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Բաբաջանյան, մինչ հայտարարելը, որ դաշինք եք կազմելու Լեւոն Շիրինյանի հետ, մամուլում շատ էր շրջանառվում, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դաշինք է կազմելու «Հանրապետություն» կուսակցության հետ, դիտարկե՞լ էիք այդ տարբերակը, քննարկում ունեցե՞լ եք Արամ Սարգսյանի հետ:

- Անշուշտ, մենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, իմ լավ բարեկամ Արամ Սարգսյանի հետ եւս ունեցել ենք քննարկումներ վերը նշված օրակարգով։ Սակայն, պարոն Սարգսյանը որոշեց առաջիկա ընտրություններին մասնակցել առանձին, եւ այդ որոշման մասին պաշտոնապես հայտարարություն արեց, որն էլ մենք ընդունեցինք ի գիտություն։ 

- Ձեր թիմն սկսել է մարզային այցելությունները: Քաղաքացիների հետ հանդիպումներից ի՞նչ եզրահանգման եք գալիս: Ի՞նչ քաղաքական տրամադրություն ունեն նրանք:

- Գլխավոր եզրահանգումն այն է, որ տարիներով Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր, այնտեղ ապրող քաղաքացիներ մնացել են երկրի հասարակական-քաղաքական կյանքից վտարված, օտարված, բազում պարզագույն խնդիրներ մնացել են չլուծված, քանզի երեւանյան բարձր կաբինետներում, որոնք քսան տարի շարունակ զավթված են եղել կազմակերպված քրեական խմբավորման կողմից, այդ հարցերի նկատմամբ վերաբերմունքը «լավագույն դեպքում» եղել է հանցավոր անտարբերությունը, մարդկանց ուղղակի մղել են արտագաղթի՝ գլուխները խնդիրներից ազատելու համար։

Ինչ վերաբերվում է քաղաքական տրամադրություններին, ապա ուզում եմ շեշտել, որ համատարած զզվանք կա «նախկինների» նկատմամբ։ Սակայն, նաեւ մեծ է հիասթափությունը գործող իշխանությունից, որի բազում բացթողումների պատճառով «նախկինների» առանձին շրջանակները փորձում են ռեւանշ ձեռնարկել եւ, ամենակարեւորը՝ դա անհնարին չեն համարում։ Չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիների սեգմենտը չափազանց մեծ է, եւ այդ սեգմենտին չի բավարարում այն քաղաքականությունը, որը նա տեսնում է։

- 26 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ինչի՞ կարող է հանգեցնել սա, ինչի՞ հետ է կապված քաղաքական ուժերի այսքան մեծ հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ:

- Իհարկե, մարդկանց անօտարելի իրավունքն է քաղաքականապես ինքնադրսեւորվել ընտրություններին, եւ այսպիսի մասնակցությունը վկայում է առաջիկա ընտրությունների մեծ կարեւորության մասին, որին արժանացնում է մեր հասարակության քաղաքականապես ակտիվ մասը։ Սակայն, մյուս կողմից, 26 ուժերի մասնակցությունը վկայում է երկրում կուսակցական համակարգի անկատարության, քաղաքական հասունությունից բավականին հեռու լինելու մասին։ Բայց եւ, եկեք ընդունենք, որ սա այն գործընթացն է, որով մենք պետք է անցնեինք 1990-ականներին, ինչը տեղի չունեցավ, քանզի երկրի բնականոն ընթացքը խաթարվեց սովետական մնացուկների եւ կրիմինալ խմբավորումների կողմից՝ առաջին իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում։

- Ընտրությունների երկրորդ փուլ լինելու հեռանկար տեսնո՞ւմ եք: Եվ ընդհանրապես, ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում:

- Մեծ հաշվով, որեւէ հեռանկար բացառելը սխալ եմ համարում։ Բայց եւ այնպես, իշխող քաղաքական ուժը, գոնե վստահելի սոցհարցումների տվյալներով, մնում է առաջատար։ Վստահ եմ նաեւ, որ մեր դաշինքը եւս այս ընտրություններին կարժանանա տասնյակ հազարավոր ընտրողների հավանությանը, եւ մենք պատկառելի ներկայություն կունենանք ապագա խորհրդարանում։ Իսկ պատմականորեն դատապարտված քաղաքական միավորներն, իմ համոզմամբ, չնայած փակ տարածքներից տիրաժավորվող հոխորտանքների, իրենց ակնկալած որոշիչ քանակի ձայներ, այնուամենայնիվ, չեն ստանա։

Շարունակությունը՝ armtimes.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել