22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|
22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝ դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|
21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|
21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]
21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am|
21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|
20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]
20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]
20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|
20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|
20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|
19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|
19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|
19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։
19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:
18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]
17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]
17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]
17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]
17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]
17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|
17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]
16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]
16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|
16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։
16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]
16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]
15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]
15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|
15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]
14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|
14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|
13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]
13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։
13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]
12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]
12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|
12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]
12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|
12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]
11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]
11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]
11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]
11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ]
11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]
11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]
11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]
11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]
10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․
1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։
2. Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։
3. Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։
4. Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]
10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]
10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]
10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]
09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]
09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:
comment.count (0)