ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 14] Մենք գտանք իրար
18:45 - 13 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 14] Մենք գտանք իրար

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 13] Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 6.30 էր, արթնացա, հավաքեցի հանրակացարանի սենյակիս միակ լուսավոր կետը՝ սեղանս, ինձ կարգի բերեցի, վերցրի ուսապարկս (քանի որ հագուստ բերելու կարիք չկար) ու գնացի Մարիի ու Լուսինեի սենյակ, նրանք արդեն ինձ էին սպասում, տաքսին պատվիրված էր։

Սուրճի նախահեղափոխական մի վերջին բաժակ լցրինք մեր երակներն ու իրար գրկեցինք։ Տաքսու մեջ մի հատ ստուգում էի նամակներս, Կիևցի ընկերներիցս մեկը՝ Օլեգը գրել էր. «Հարգում եմ որոշումդ, պինդ կաց»։ Սեղմ բյուջեիս վերջին 300 գրիվնյան ուզում էի տալ երկու ընկերներիս (Մարիի ու Լուսինեի մասին դեռ էլի եք լսելու, մտապահեք), չվերցրին, լացեցինք իրար գրկեցինք, նկարվեցինք (չգիտեմ էլ ինչու) ու սպասում…

[Վահան Կոստանյան] Հավաքեցի մաշված պայուսակս. տաք հագուստ, ադյալ, բժշկական դիմակներ, ջուր ու թեթև ուտելիք ու դուրս եկա տանից: Մաման արդեն վերջին տարիներին սովորել էր, որ էդ պայուսակն իմ մի ուղղությամբ տոմսն էր դեպի փողոց, էդ օրը կարող ա գայի, կարող ա և ոչ, կարող ա ինձ հետ բերեին՝ կենդանի կամ ոչ:

[Միքայել Նահապետյան] Ամբողջ գիշեր անձրևը չի կտրվել, ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել։ Դե՛, ախպերի՛կ, ուրբաթ 13-ն է` ինձ հույս եմ տալիս, որ Սերժի համար է ուրբաթ 13, պայուսակս լցնում եմ անձրևապաշտպան համազգեստներով, թերմոսը` սուրճով ու իջնում ԵՊՀ։

[Արմեն Գալջյան] Առավոտյան Պտղնիից գնացի ԵՊՀ։ Այնտեղ նորից իրազեկման ակցիա պետք է անցկացնեինք։ Երբ հավաքվել էինք մուտքի մոտ, անվտանգության աշխատակիցը մոտեցավ մեզ և պահանջեց, որպեսզի ցրվենք։ Ես կոնֆլիկտի մեջ մտա նրա հետ և կոչ արեցի իրեն վերադառնալ իր բունը․ չեմ ժխտի կոպիտ եմ խոսել, բայց չեմ փոշմանում։

[Թագուհի Ղազարյան] Էսօր քայլերթը մտնելու ա քաղաք, պիտի դիմավորենք: Մանր կաթիլներով, կպչուն անձրև ա գալիս: Առավոտն սկսում ենք համալսարանում իրազեկմամբ: Դասադուլի կոչեր ենք անում: Բոլորս միասին հազիվ քսան հոգի լինենք: Խեղճ, աննշան, թույլ: Ներս մտնել չեն թողնում:

[Միքայել Նահապետյան] Քիչ ենք։ Կամ շատ չենք։ Ոչ մի շենք մտնել նորմալ չի հաջողվում, փոխարենը՝ սադրանքներ ամեն քայլափոխի։ Գիտեմ՝ կռվել չի կարելի, մտքում անընդհատ կրկնում եմ՝ «խփես` կրված ես», ու գիտեմ կրվել չի կարելի։ Բայց նորից անհաջողակ ապուշի կանխավարկածով մեզ նայող դեմքերը սպանիչ հուսահատությամբ են լցնում։ Թքած` ոչ առաջինն ա, ոչ վերջինը. ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս...

[Թագուհի Ղազարյան] Տարբեր մուտքերից խորամանկորեն մտնում ենք կենտրոնական մասնաշենք, բարձրանում գիտխորհրդի դահլիճի մոտ: Վահանն ուզում ա անպայման «Իմ քայլ»-ի բուկլետը գիտխորհրդի դահլիճին փակցնել: Կպցնում ա: Ֆոտո եմ անում: Վայրկյաններ ա տևում:

Մոտենում ա տարածքը հսկող համազգեստավոր մի կին, պոկում: Վահանն ասում ա` ինչի՞ եք պոկում: Ասում ա` էստեղ չի կարելի: Ասում ա` բայց էստեղ էլի բաներ կան կպցրած, միայն սա՞ չի կարելի: Ասում ա` չի կարելի և վերջ: Վահանն ասում ա` վերադարձրեք հենց հիմա: Կինը պատռում ա բուկլետն ու շպրտում Վահանի վրա: Ի՞նչ անել: Անզորության զգացողություն ա:

[Արմեն Գալջյան] Հետո հայտնվեց ուսանողների ՀՀԿ-ական թևը։ Անվտանգության աշխատակիցը նրանց մի կողմ քաշեց և պատմեց իմ և իր կոնֆլիկտի մասին, ինչից հետո տասովշիկների ատրյադը փորձում էր ինձ հրավիրել մի անկյուն և, այսպես ասած, բազառ սարքել։ Ընկերներս ինձ հետ պահեցին և, չնայած ես դրանց վրա կատաղած էի, բայց ինքս ինձ ասեցի՝ «հանգիստ, մեկ ա երկու ժամից գալու ենք ԵՊՀ֊ն գրավելու»։

[Թագուհի Ղազարյան] Շարունակում ենք իրազեկել: Աշխարհագրության ֆակուլտետի մոտ երեք-չորս սևազգեստ տղաներ ասում են, որ իրենք դասի են, խանգարում էինք, դուրս եկան զգուշացնելու, որ հեռու գնանք էստեղից: Մարդ չգիտի` ինչ անի: Կռի՞վ սարքենք: Իմա՞ստը: Երեկ Պտղնիում Նիկոլի հետ պայմանավորվել ենք, որ քաղաք մտնելուց հետո առաջինը համալսարան ենք գալու: Հույսս միայն էն ա, որ որոշումը չի չեղարկվի:

[Վահան Կոստանյան] Վերցրի ռուպըռն ու իջա համալսարան: ԵՊՀ բակում թեթև աժեոտաժ էր, հավաքված էին մարդիկ, ում հետ վերջին օրերին արդեն իրազեկման ակցիաներ էինք անում ու նորերը, ովքեր որոշել էին միանալ Երևանի մատույցներում քայլարշավի մասնակիցներին դիմավորելուն: Դժվար էր նորից տեսնել ծանոթ դեմքեր տարկետումից հետո, նորից մարդկանց աչքերում համակարգին մարտահրավեր նետելու պատրաստակամություն ու չոգևրորվել դրանից: Բոլորի գլուխներում նույն միտքն էր: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, իմ հոգին հանձնվել չգիտի:Ու Ալեք Մանուկյան փողոցը կրկին լսեց համալսարանական ագրեսիվ փոքրամասնության բողոքի ձայնը, որ լռել էր մի քանի ամիս:

[Գոհարիկ Տիգրանյան] Ինքնաթիռ էի նստում, 3 ժամ 50 րոպե, սպասումի ավելի դաժան պահ՝ չէ, չեմ լսել։ Հետս վերցրել էի Բուլգակովի «Մորֆի» ստեղծագործությունը, հեղափոխության երազից կախվածության մեջ եղող մարդը կարդում էր կախվածություն ունեցող բժշկի օրագիրը (ով կմտածեր, որ ուղիղ մի տարի հետո ես էլ եմ բացահայտում իմ տարիների կախվածությունը)։ Արագ կարդալուս ունակությունը մի կողմ դրած՝ ամեն էջը 7-8 րոպե կարդալով ու սրտիս զարկերը հաշվելով։ Արփիին խոստացել էի. «Առանց ինձ ոչ մի հեղափոխություն»։ Գնում էի խոստմանս տեր կանգնելու։

[Սոնա Մնացականյան] Օրը՝ ուրբաթ: Պիտի Վահրամին փոխարինեմ համալսարանում, գնացել ա Ամերիկա՝ գիտաժողովի ու նախորդ օրը մեզ պատվիրել՝ առանց իրեն հեղափոխություն չանել։ Դասից հետո որոշ գործեր եմ անում օֆիսում, էլի հետևում լայվերին ու սպասում երեկոյան միտինգին։

[Թագուհի Ղազարյան] Հետո գնում եմ շրջանային. պիտի ֆակուլտետ մտնեմ: Տարօրինակ զգացողություն ա, մի օր առաջ գիշերը երեքին էստեղ թաքուն գրաֆիտի էի անում հենց մուտքի առաջ, իսկ հիմա գնում եմ ամբիոն` գործեր ունեմ: Արմենը գալիս ա շրջանային ու ինձ վրցնում, գնում ենք քայլերթին ընդառաջ:

[Վահան Կոստանյան] Երթուղային ավտոբուս նստեցինք դեպի ավտոկայան: Ավտոբուսի վարորդը մի պահ անսպասելիությունից կամ անհանգստությունից արգելակեց՝ լսելով, որ ռուպըռը պատուհանից հանած գոռում եմ «քայլ արա, մերժիր Սերժին» և իրազեկում երեկոյան հանրահավաքի մասին: Խնդրեց-պահանջեց, որ դադարեցնեմ:

Հասանք ավտոկայան: Էնտեղ էին Շահենենք, մենք, ահագին անծանոթներ: Պիտի սպասեինք մինչև Պտղնիից ժողովուրդը հասներ հիմնական ճանապարհին: Րոպեները չէին անցնում: Անհամբերությանը, անհանգստությանն ու ոգևորությանը խառնվել էր ավտոկայանի սյուների միջև վազող սառը քամին ու լավ արդարացում դարձել դողացողների համար:

[Արմեն Գալջյան] Վերադարձա Պտղնի, որտեղ տնկեցինք հաղթանակի ծառը և անձրևային եղանակին շարունակեցինք քայլարշավը։ Մտանք Երևան։ Հյուսիսային ավտոկայանի մոտ մեզ դիմավորեցին ակտիվիստները։ Արդեն մոտ 200 հոգի կլինեինք։

[Վահան Կոստանյան] Եկան: Ու սկսեցինք քայլել: Տարօրինակորեն հստակ էին քայլերը, կարծես՝ բոլորը գիտեին դեպի ուր ենք քայլում ու որն է լինելու ճանապարհի վերջը: Մի քանի ռուպըռներով իրազեկումը շարունակում էինք:

[Միքայել Նահապետյան] Երթը հասնում է Հյուսիսային ավտոկայան։ Էդպես դիմավորում են ազատարարներին, էդպես դիմավորում են ռազմաճակատից վերադարձողներին, որոնք բոլոր ռացիոնալ հաշվարկների համաձայն պիտի հետ չգային։

[Թագուհի Ղազարյան] Հյուսիսային ավտոկայանում մենք ու քայլերթը միանում ենք իրար ու շարունակում ճանապարհը: Ճանապարհին ամենավտանգավոր ու ամենաշատը ուշադրություն պահանջող բանը Չալոն է կամ Քայլոն: Չի հարմարվում քաղաքի անցուդարձին, մեքենաներին: Ոտքը վնասում է:

[Միքայել Նահապետյան] Քայլոն Գիքորի պես խամ է քաղաքին։ Մինչև Օպերա երկու անգամ մեռնելուց պրծավ, մի անգամ ոտքը կոտրեց ավտովթարից, բայց իր կամքը ամուր է քարից էլ, իր հոգին հանձնվել չգիտի։

[Արմեն Գալջյան] Քայլոն առաջին անգամ էր Երևանում, և մեքենաների առատությունը նրան շփոթության մեջ էր դրել, ինչի արդյունքում նա ընկավ ավտոմեքենայի տակ և ոտքը վնասեց, բայց դա նրան չխանգարեց մեզ հետ հասնել Ազատության հրապարակ։

[Վահան Կոստանյան] Մի քանի կիլոմետր քայլելուց հետո ռուպըռը ստիպված էի թողնել, արդեն կիսակտրված ձայնով գտնել Հայարփիին ու Սոնային, որպեսզի գնանք օդանավակայան՝ Գոհարիկին դիմավորելու:

Շարքերից առաջ էինք ընկել՝ հույս ունենալով տաքսի գտնել ու գնալ: Մի մեքենա անցավ կողքներովս, ու անծանոթը հարցրեց, թե ուր ենք գնում: Օդանավակայանի մասին պատասխանը լսելուց հետո ներողություն խնդրեց ու առաջ անցավ: Բայց մի հիսուն մետր քշելուց հետո կանգնեց ու ասեց՝ նստեք, ես կտանեմ:

Էդգարը, պարզվեց, ողջ ընտանիքով եկել էր մասնակցելու ցույցերին: Պատմեց, որ 2004-ի ցույցերից հետո քաղաքական հայացքների համար բանտարկվել էր, ազատվելուց հետո մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց հիմա վերադարձել էր Հայաստան կռիվ տալու:

[Թագուհի Ղազարյան] Ես ու Արարատը քայլերթից դուրս ենք գալիս: Նիկոլը սկսում է նորից խոսել բարձրախոսով. հետը հավասար բառ առ բառ ասում եմ տեքստը: Արարատը զարմացած՝ դու ի՞նչ գիտես, թե ինչ ա ասելու, ես՝ ախր երրորդ անգամ ա նույն տեքստը ասում:) Հետո սա ամենօրյա հումոր է դառնալու, թե ինչպես եմ ես հարթակի տեքստերը «կանխագուշակելով» գրեթե անգիր ասում բոլորի հետ հավասար:

[Վահան Կոստանյան] Ժամանակին հասանք օդանավակայան: Հեղափոխական դեսանտը ժամանեց շատ մարտական տրամադրված: Գրկվեցինք բոլորս Գոհարիկի հետ, բայց ինքը դրա ժամանակը չուներ: Որոշեց արագ գնալ տուն ու իջնել քայլերթին միանալու:

[Գոհարիկ Տիգրանյան] Օդանավակայանում ինձ դիմավորում էին Արփին, Սոնան ու Վահանը, իսկ մորս խնդրել էի չգալ օդանավակայան։ Գրկվեցինք, Արփին, սովորության համաձայն, գոռում էր. «Չեմ հավատում Գոհարիկ, չեեեեմ հավատում, դու՞ ես»։ Հասանք քաղաք, մի անծանոթ, բայց բարի մարդ էր մեզ Երևան բերողը, ով փողոցում տեսել էր ընկերներիս ու առաջարկել բերել իրենց ինձ դիմավորելու։

[Վահան Կոստանյան] Լայվով հետևում էի, որ գնում են ԵՊՀ: Այ սա ես ոչ մի կերպ չէի կարող բաց թողնել, մերժիրսերժինը՝ մերժիրսերժին, բայց ազատ-անկախ ուսանող գոռալն ու համալսարանը ոտքի հանելը շատ յուրահատուկ նշանակություն ուներ ինձ համար: Դրա համար էլ Ալեք Մանուկյանի վրա, Էդգարը դեռ մեքենան չկայանած, ինձ դուրս շպրտեցի ու վազեցի: Չեմ էլ հիշում՝ Էդգարին հասցրի շնորհակալություն հայտնել, թե չէ, բայց մի օր պիտի անպայման հանդիպել ու շարունակել իր հետ զրույցը:

Առաջին պլանում Արարատը, Նիկոլը, Արայիկը, Մխիթարը ու անվտանգության պետ պարոն Առուստամյանն էին, ով ժամեր առաջ զանգել էր ինձ՝ «Վահան, հո համալսարան չեք գալու, մի եկեք ստեղ, տղա ջան, գնացեք Օպերայում ցույց արեք էլի»: Ես էլ ոչ մի պատասխան չէի տվել:

[Թագուհի Ղազարյան] Քայլերթով գալիս ենք ու հասնում համալսարան: Կենտրոնական մուտքի դռները փակ են: Հենց աշխարհագրության ֆակուլտետ ենք մտնում առաջինը: Էն, թե առավոտը ինչքան քիչ էինք ու թույլ, ու էն, թե մի քանի ժամ անց ոնց շատացած ու ուժեղացած հետ եկանք էստեղ: Աննորմալ զգացողություն ա` հաղթանակի, ուժեղության: Էնքան շատ ենք, որ շնչելու օդ չկա:

[Արմեն Գալջյան] Նորից եկանք ԵՊՀ։ Նույն անվտանգության աշխատակիցը եկավ և փակեց դուռը, մենք կողքի ֆակուլտետով ներխուժեցինք ԵՊՀ, բայց դեպի կենտրոնական մաս՝ դեպի ռեկտորի սենյակ տանող ճանապարհը փակ էր ներսից։ Նորից վերադարձանք կենտրոնական դռան մոտ։

[Դավիթ Պետրոսյան] Բուդապեշտում էի։ Լսարաններից մեկում հերթական սեմինարն էի ունկնդրում, երբ հեռախոսով տեսա, որ ցուցարարները փորձում էին մտնել ԵՊՀ։ Չեմ հիշում ոնց, բայց չնկատելով ես դուրս եկա լսարանից ու ամբողջ ուշադրությունս կետրոնացավ տեսանյութի վրա, սրտի արագ թրթիռով հետևում էի ու չգիտեմ՝ ինչի էի սպասում։

[Անի Վարդանյան] Համալսարանում դասի էինք։ ՓիԱր էր։ Դասախոսը քննության տետրերն էր բերել, որ մեր գնահատականները նայեինք։ Էդ պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 100 մարդ ԵՊՀ բակով արագ քայլում էր դեպի կենտրոնական մասնաշենք։ Դասախոսին խնդրեցի՝ գոնե թողնի պատուհանից նայեմ։ Մոտեցա նայեցի ու էլի նստեցի։ Աղմուկը պարզ լսվում էր դրսից, բայց թե ինչ էր կատարվում՝ տեղյակ չէի։

[Վահան Կոստանյան] Մենք զանգեր էինք ստանում տարբեր ֆակուլտետների ընկերներից, ովքեր ասում էին, որ համալսարանի դռները փակել են և թույլ չեն տալիս իրենց դուրս գալ ու միանալ ցույցին: Մի կերպ, մարդկանց միջով անցնելով ճխլվեցի առաջ, ինչին հաջորդեց ոչ բռնի մուտքը համալսարան:

[Արմեն Գալջյան] Այս անգամ մեր ընկերներից մեկը կարողացավ դուռը պահել, և մենք ներխուժեցինք համալսարան՝ դեպի ռեկտորի սենյակ, անվտանգության աշխատակիցը նորից հասցրեց և այս անգամ փակեց ռեկտորի սենյակի դուռը։

[Վահան Կոստանյան] Տասնյակ մարդիկ ձեռքերը բարձրացրած վազում էին վերև: Հասանք մինչև հինգերորդ հարկ: Արամ Սիմոնյան բաժանորդը անհասանելի էր ու դուրս չեկավ խոսելու:

[Միքայել Նահապետյան] Համալսարանի միջանցքները պայթում են թմբուկի ու մեր ոտքերի ձայներից, ռեկտորը թաքնվել է սենյակում, ու Առուստամյանը մի կերպ է ջանուջիգյարով պահում վերջին դուռը։ Չմտանք։ Թողեցինք, որ էդ մի քանի քառակուսի մետրի վրա ռեկտորը պահի իր գերիշխանությունը։

[Թագուհի Ղազարյան] Համալսարանում բոլոր դռները փակ են, միջանցքներում մարդ չկա: Տպավորություն ա, որ մեր մտնելուց տասը րոպե առաջ համալսարանը լուծարվել ա: Նույնն էլ կենտրոնականում ա: Միայն համալսարանի մի քանի աշխատակիցներ են երևում` երեք-չորս հոգի:

Կենտրոնականում` Ռեկտորի աշխատասենյակի միջանցքում ենք կանգնած: Քույրս ա իջնում վերևից: Ընկերուհին էստեղ ադմինիստրատիվ բաժնում ա աշխատում: Մոտը հյուր եկած էր եղել: Ասում ա` վերևում բոլորը վախեցած են, խուճապի մեջ: Ասում եմ` մենք իրենց չենք ուտելու, չէ՞: Ասում ա` ինձ ասեցին, որ ձեզ շրջանցելով իջնեմ, զգույշ լինեմ: Զվարճալի ա իմանալ, թե ինչ ա կատարվում իրենց մոտ: Քիչ ա մնում մտածեմ, թե էս ամենը ինքնանպատակ ա, բայց չէ՞ որ մենք մտածում ենք, որ էդպես նաև իրենց համար լավ կլինի:

[Անի Վարդանյան] Զանգը տվեց։ Կուրսընկերուհիս վազելով եկավ ու ասաց, որ երկու կողմից դռները փակված են։ Ելքի հնարավորություն չկա։ Վազելով իջա առաջին հարկ, որպեսզի անվտանգության աշխատակցից ճշտեմ՝ ինչ է կատարվում։ Տեղում չէր։ Մի քանի րոպե սպասելուց հետո զանգեցի անվտանգություն, բայց իրենք հարցս լսելուց հետո անջատեցին։ Ահավոր զայրացած էի։ Մարդկանց կուտակումը գնալով շատանում էր։ Երևի ներսում 400֊500 ուսանող կար, եթե ոչ ավելի։ Միջազգային կապերի վարչության պետը՝ պարոն Մարգարովն էլ էր ներսում փակված։ Ամբողջ զայրույթս իր վրա թափեցի։ Ինքն էլ շատ վիրավորված ասաց, որ նույն կարգավիճակում ենք, ինքն էլ է փակված, ես էլ, երկուսս էլ չգիտենք՝ ինչու։

[Միքայել Նահապետյան] Վարդանյան Անին է զանգում, ասում ՝ «ուզում եմ դուրս գամ, դռները փակել են մեր վրա, ի՞նչ անեմ», ասում եմ` զանգի ոստիկանություն ու ասա, որ քո կամքին հակառակ քեզ անազատության մեջ են պահում։

[Անի Վարդանյան] Մոտ 10 րոպե հետո զանգեցի ոստիկանություն ու ասացի, որ մեզ փակել են համալսարանի ներսում։ Դրանից 5 րոպե հետո հայտնվեց անվտանգության աշխատակիցը ու բացեց դուռը։ Ես վազելով դուրս եկա ու գնացի կենտրոնական։ Պարոն Առուստամյանին՝ մեր անվտանգության պետին, գտա ու բացատություն պահանջեցի։ Ինքն էլ ասաց՝ ինչ ասել են, դա արել ենք, մենք պատասխանատվություն չենք կրում։ Դա ինձ ավելի զայրացրեց։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները մտել էին ԵՊՀ, բարձրացել Արամ Սիմոնյանի կաբինետ, բայց նրան այդպես էլ չէին տեսել։

[Միքայել Նահապետյան] Մի րոպեից դռները բացվում են, քանզի երևակայում եմ Անին ինչ կոսմիկ սկանդալ է բարձրացրել։

[Վահան Կոստանյան] Ակցիան շարունակվեց համալսարանի մյուս մասնաշենքերում, ինչից հետո քայլերն ուղղվեցին դեպի Ազատության հրապարակ:

[Անի Վարդանյան] Վազելով գնացի ֆակուլտետ, պետք է գրավորս բողոքարկեի։ Բայց ներվայնությունից ոչինչ չէի կարողանում ասել։ Տետրս վերցրել ու անիմաստ նայում էի վրան։ Հասկացա, որ դասախոսի հետ բանավիճելն անիմաստ է։

[Դավիթ Պետրոսյան] Տեսանյութի ավարտից անմիջապես հետո զանգեցի ընկներներիս՝ իմանալու, թե ինչ ընթացքի մեջ են գործերը, ինչ նորություններ կան։ Ես շատ էի ուզում շուտ գալ Հայաստան ու րոպե առաջ միանալ ընկերներիս։

[Անի Վարդանյան] Դուրս եկա ֆակուլտետից, ու ընկերուհուս հետ գնացինք Արամ Սիմոնյանին նամակ գրելու, որտեղ բացատրություն էինք պահանջում մեզ համալսարանում փակելու համար։ Երբ բարձրանում էինք 5֊րդ հարկ, ողջ ռեկտորատի անդամները՝ պրոռեկտորները, գիտխորհրդի նախագահը միջանցքում կանգնած էին։ Հիշում եմ՝ հատկապես ընկերուհիս ոնց էր զայրացել իրենց անիմաստ բացատրություններից։ Ահավոր լարված խոսակցություն ունեցանք, նամակը տվեցինք ու դուրս եկանք։

Արդեն լսարանում մեզ բոլորը ծափահարելով դիմավորեցին։ Իրոք բոլորն էին զայրացել ներսում փակված լինելուց։ Եթե պարոն Սիմոնյանը մի փոքր շուտ հասկանար, որ մեզ համալսարանում փակելուց ոչ թե ճնշում, այլ ավելի է զայրացնում, երբեք նման բան չէր անի։ Ինքն իր այդ քայլով ուսանողներին դրդեց դուրս գալ ու պայքարել։

[Դավիթ Պետրոսյան] Այդ օրը, հիշում եմ, երբ գրախանութում էի, հատուկ գնեցի Հաննա Արենդտի «Հեղափոխության մասին» գիրքը։

[Արմեն Գալջյան] Մենք բավարարվեցինք նրանով, որ ռեկտորը վախկոտի պես փակվել էր իր սենյակում և շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ։

[Թագուհի Ղազարյան] Համալսարանից դուրս ենք գալիս ոչ միայն հաղթանակած, այլև փոխվստահությունը ամրապնդած զգացողությամբ: Չէ՞ որ համալսարան մտնելու մասին երեկ ենք պայմանավորվել: Իսկ համալսարանում անպատրաստ էին մեզ դիմավորել: Նշանակում է՝ արտահոսք չի եղել: Նշանակում է՝ անվերապահորեն վստահելի մարդկանց խումբ է ձևավորվել, որոնք կարող են միմյանց հետ աշխատել:

[Գոհարիկ Տիգրանյան] Մայրիկիս տեսնելուց հետո, երբ արդեն քայլարշավի մասնակիցները ԵՊՀ-ից դուրս էին եկել, Անի հյուրանոցի մոտ հանդիպեցի նրանց, սիրտս դուրս էր գալիս տեղից, ուրախ էի, հասկանու՞մ եք, նորից թևեր էի ստացել ու ինձ չէի մեղադրելու։ Արփիին գտա նորից ու սկսեցինք քայլել, ինքնամոռաց գոռում էինք, նորից պայքար, նորից տարածքն իմն էր, միակ պայմանն իմ՝ մեդիայով չերևալն էր, համալսարանում ոչ ոք չգիտեր, որ ես թողել եմ դասերս Կիևում ու հետ եկել։

[Վահան Կոստանյան] Էս ընթացքում միացավ Գոհարիկը, մի քիչ պատմեցի իրեն վերջին օրերի նորությունների մասին: Բոլորս շատ անհանգիստ էինք: Աբովյան փողոցում վիզուալ տպավորություն էր, որ մենք ահագին ենք, բայց չգիտեինք՝ ինչ է կատարվում Ազատության հրապարակում:

Զանգեցի ընկերներիցս մեկին, ով ասեց, որ մի քանի հազար մարդ կա հավաքված: Արարատն անտանելի անհանգիստ էր, վազեցի, որ ասեմ էս մասին: Լսելուն պես փաթաթվեցինք իրար: Մի տեսակ չէինք հավատում դեռ, բայց ոգևորության ալիքը երկուսիս մեջ էլ բարձրանում էր: Մի քանի հարյուր մետր էր մնացել հասնելու ու անորոշությունը ցրելու համար:

[Թագուհի Ղազարյան] Հյուսիսային ենք հասնում ժամադրությունից 10 րոպե առաջ: Նստում ենք էստեղ մինչև նշանակված ժամը գա, օդում կախված է հարցը՝ տեսնես մարդ կլինի՞ Ազատության հրապարակում: Ազատության Կարլենը մոտեցնում է մեզ Ազատության հրապարակի լայվը, և տեսնում ենք լեփ-լեցուն Ազատության հրապարակը:

[Արմեն Գալջյան] Երբ արդեն Հյուսիսային պողոտայում էինք, լրագրողներից մեկն իր հեռախոսով մեզ ցույց տվեց հրապարակի մարդաշատությունը։ Այդ պահին մենք հասկացանք, որ պլան մինիմումը կատարված է։

Բայց մի խնդիր կար՝ հրապարակից մոտ 300 մետր էինք հեռու և տեղեկացանք, որ հոսանքի խնդիր կա, բարձրախոսը և երաժշտությունը չի միանա։ Պատկերացնում եք, 13 օր քայլել ենք հասել Երևան, մոտ 5000 մարդ է հավաքվել, մեզ է սպասում, և հոսանքի խնդիր ունենք։ Բայց ինչպես հաճախ, լսվեց «կախարդական» այդ խոսքը՝ «չգիտեմ մի ձև լուծեք էդ հարցը», ու հարցը լուծվեց՝ չգիտենք, թե ինչպես։

[Սոնա Մնացականյան] Իջնում եմ Ազատության հրապարակ․ առաջինը Սաքոյին եմ տեսնում․ ասում եմ՝ ոնց ես ցավացող ոտքով եկել, ասում ա՝ էլաստիկ բինտս եմ կապել, կդիմանամ։ Էլիզը չի եկել հետը, որովհետև չի հավատում։ Ես էլ առանձնապես չեմ հավատում, բայց դե գոնե հարամենք Սերժի տոնը։ Գործից հետո մեզ են միանում Քրիստն ու Գեմոն։ Հետո Կարենն ա մեզ մի կերպ գտնում ու երևի դրանից հետո ա, որ սկսում ա ակտիվորեն օգտվել և մեզ էլ քարոզել sharedestination ծրագիրը։ Աննան դեռ դաս ա անում Մեդիալաբում, ավելի ուշ կմիանա։

[Գոհարիկ Տիգրանյան] Ինձ ու Արփիին գունավոր գմփիկներ տվեցին, որ Հյուսիսային պողոտա մտնելիս բոլորս վառեինք, հրահանգը լավ չլսելու պատճառով, վերջից եկողներս շուտ վառեցինք։ Մուննաթների մի քանի ալիքից հետո հասանք Ազատության հրապարակ, մինչև հասնելը զանգել ասել էին մարդաշատ է։ Արփին գոռում էր. «Գոհարիկ, ստացվելու ա, Գոհարիկ էս անգամ կարող ենք, կստացվի չէ՞»։ Ու ես նորից Ազատության հրապարակում էի, նույն զգացումն էր, հենց նույնը, ինչ 2013-ին էր, ու հեչ չէի նեղվում, որ մշտապես քաղաքականացված քաղաքացի էի համարվում։

[Արմեն Գալջյան] Միացրեցինք ֆայերները և մտանք Ազատության հրապարակ։ Հրապարակը լիքն էր մարդկանցով, չնայած կարող էր ավելի լիքը լինել, բայց սկզբի համար սա էլ էր բավարար մեզ համար։ Բարձրացանք հարթակ, միացրեցինք քաղաքացու երգը և շունչ քաշեցինք՝ հասկանալով, որ իսկապես մենակ չենք։

[Վահան Կոստանյան] Ֆայըռները վառած մտանք հրապարակ: Անցնում էինք մարդկանց միջով ու մարդիկ չէին ավարտվում, մի տեսակ երազի էր նման ու տենց՝ կիսաապշած վիճակում չկարողացա անցնել մարդկանց միջով ու մոտենալ հարթակին: Ու հետո էլ բոլոր օրերին մնացի ներքևում, մարդկանց մեջ՝ հեռվում մի տեղ կանգնած, լսելու՝ ինչ են խոսում ու հարթակ մի անգամ բարձրացա:

Մոտ չորս հազար մարդ կար: Ու էդ պահին հիշեցի, որ ՔՊ-ում քայլարշավի ռազմավարական պլանավորման ժամանակ, երբ դիտարկում էին տարբեր սցենարներ տարբեր քանակությամբ մարդկանց համար, երբ կհասնենք Երևան, Նիկոլն ասել էր՝ «տվեք 4000 մարդ ու ես հեղափոխություն կանեմ»: Ինքն էլ ոգևորված իր ելույթում նշեց՝ համարում է, որ այս հրապարակը ներկայացուցչական է: Շատերը միգուցե դա չհասկացան, բայց հենց էդ պահին ասում էր, որ կամ կհաղթենք կամ ինքը դուրս կգա քաղաքականությունից:Հիմա կարող էի գրել, որ վիճակը նետված էր, բայց էս արտահայտությունը երևի դեռ ավելի տեղին կլինի տարբեր դեպքերի համար:

[Միքայել Նահապետյան] Հասնում ենք Ազատության հրապարակ։ Նիկոլը ինչ-որ բաներ է հայտարարում արագաչափերի, վարկերի ու էլի բավականին անկապ բաների մասին, որ հաճելի են հնչում, բայց գործի հետ կապ չունեն։

[Թագուհի Ղազարյան]

Եվ ահա մենք Ազատության Հրապարակում ենք:
Մե՛նք, որ եկել էինք տարբեր ճանապարհներով:
Մե՛նք, որ ունեինք տարբեր փորձառություններ:
Մե՛նք, որ պայքարի տարբեր ուղիներ էինք անցել:
Մե՛նք, որ գիշերել էինք փողոցներում, որ վտանգի ենք ենթարկել մեր աշխատանքը, ազատությունը, առողջությունը, մտերիմներին:
Մե՛նք, որ կորցրել էինք երբեմնի ընկերներին էս ճանապարհին:
Ու մե՛նք, այո՛, որ ապրիլի 13-ին գտանք իրար Ազատության հրապարակում:
Ու չկորցրինք իրար տարբեր փողոցներում ու Հանրապետության հրապարակում:
Որ ճանաչելի դարձանք իրար համար՝ նույնիսկ անծանոթներս:
Որ ճանաչելի դարձրինք իրար՝ ցույց տալով միմյանց մեր հայացքները, մեր ժպիտները, մեր վանկարկումներն ու ազդանշանները:
Մե՛նք, որ շարունակաբար ապացուցում ենք, որ մեկ անգամ իրար գտնելուց հետո այլևս ճանաչում ենք իրար որտեղ էլ լինենք, ինչպիսին էլ լինենք, ինչ էլ լինենք անելիս, կարող ենք անհրաժեշտ պահի նորից գտնել իրար:
Մենք իրար կորցնելու իրավունք չունենք:

[Սոնա Մնացականյան] Չեմ հիշում ՝ ինչ էր խոսվում էդ օրը ամբիոնից, բայց հիշում եմ, որ Սաքոն ու Գեմոն էին կողքս կանգնած ահավոր շատ ու ահավոր ներվայնացած խոսում․ Վահագին համոզում էին, որ պետք չի նախապես ասել, թե չի հաջողվի, որ պետք չի գալ մենակ նրա համար, որ ընկերներդ ՔՊ-ում են, որ եթե անգամ կասկածներ էլ կան, էս պահին չարժի հանրայնորեն դրանք հայտնել, ընդհակառակը՝ պետք ա թարգել պեսիմիզմը ֆեյսբուքում ու ուրիշներին էլ ներքաշել էս պրոցեսի մեջ, որովհետև լիքը մարդ դժգոհ ա, տանը նստած համաձայն ա մեզ հետ, բայց ներգրավված չի։
Քիչ-քիչ ահագին մարդ ա հավաքվում, էսքան չէինք սպասում․ ուրախանում ենք։

[Արմեն Գալջյան] Արդեն ծրագիրը կար, պետք է մեր հսկողության տակ վերցնեինք Ֆրանսիայի հրապարակը։ Մինչ ժողովուրդը կշարժվեր, ես Վահանը, Գոհարիկ և էլի մի քանի հոգի ձեռքերով շղթա կազմեցինք և փակեցինք Մաշտոցի պողոտան, ինչը քարուքանդ արեց երթևեկությունը և ազատ դաշտ ստեղծեց ցուցարարների համար։

[Գոհարիկ Տիգրանյան] Հրապարակում հերթով տարիներ շարունակ կողք կողքի պայքարած ընկերներիս տեսա, ինչպես միշտ խմբված, կենտրոնում կանգնած էինք։ Ելույթներից հետո կարծես քայլում էինք, ու թեթև անձրև էր գալիս, սկզբի շարքերում պիտի չերևայի, սա ինքս ինձ տրված հրահանգ էր, բայց հենց Ֆրանսիայի հրապարակը փակելիս՝ մոռանալով ու ընդվզելով իմ կանոնները, մի քանի երիտասարդների հետ փակեցի Բաղրամյանից եկող փողոցը։

[Անի Վարդանյան] Երեկոյան 7֊ին Կարպիսի հետ Օպերայում էինք։ Հասանք էն պահին, որ Նիկոլ Փաշինյանը արտասանում էր իր բանաստեղծության «ես մենակ չեմ, մենակ չեմ » տողերը։ Ավարտելուց հետո հավաքվածները քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, և սկսվեց չորս կողմից փողոց փակելը։ Հայտարարեցին, որ գիշերը էդտեղ են մնալու։ Մենք ավելի ուշ հեռացանք։ Ես որոշել էի՝ եթե մինչև ամսի 17֊ը էդտեղ են մնալու, ես այլևս չեմ վերադառնա Ազատության հրապարակ։ Ես դեմ էի կենտրոնացված պայքարին։

[Միքայել Նահապետյան] Հետո երթը առաջնորդում է Ֆրանսիայի հրապարակ ու էնտեղ իսկական Էլեկտրիկ Երևան սարքում` Արմենիա ԹՎ-ի աստղերով, երգով, պարով։ Եվ ո՜վ դու զարմանք, երբ հասկացան, որ Սերժը խոշոր հաշվով թքած ունի 3 օրով ինչ-որ «կալցեվոյ» փակելու վրա։ Բայց օրը գա` բարին հետը։

[Սոնա Մնացականյան] Հայտարարում են, որ պիտի շարժվենք Ֆրանսիայի հրապարակ, շարժվում ենք։ Էստեղ ավելի շատ ենք թվում իմ աչքին։ Ինչ-որ պահից սկսում եմ մրսել, Քրիստն առաջարկում ա իրենց տուն գնալ՝ տաք շորեր հագնելու։ Ես, Քրիստը, Աննան ու Կարենը գնում ենք։ Մինչև Թումանյանի խաչմերուկ Մաշտոցը մերն ա, և դա մեզ կարգին նվաճում ա թվում։ Քրիստն ասում ա՝ ինչ լավ քաոս ենք ստեղծել։ Կարենը ինչ-որ բան ա մեջբերում Սադհգուռուից, որը մոտավորապես ձևակերպվում ա սենց․ «Կարևորը, որ ստեղծելով չտիրանաս»։ Բայց էս պարագայում գուռուին սխալ ենք հանում․ մեզ պետք ա տիրանալ գոնե քաղաքի կենտրոնին։

[Վահան Կոստանյան] Ֆրանսիայի հրապարակը փակվեց: Դրվեցին նստարանները, վառվեցին վառարանները, ադյալները հայտնվեցին, Ռոդենի շուրջ վրանային ավան սկսեց ձևավորվել: Նոր մարդիկ էին գալիս, ընկերների էի տեսնում, ում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհանդիպեմ էդտեղ:

Ամենամեծ անակնկալներից մեկը մեր ֆակուլտետի Հրաչին թևերից մեկում ակտիվ կազմակերպչական աշխատանքներով զբաղված տեսնելն էր: Հրաչի հետ մեկ տարի առաջ Իրանում գիտական գործուղման ժամանակ ժամերով խոսում էինք Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների մասին, հաճախ շատ հարցերում անհամաձայնություններ ունենում: Հրաչը էդ պոստն առանց քնելու պահեց էնքան ժամանակ, քանի դեռ Ֆրանսիայի հրապաակում էինք:

[Գոհարիկ Տիգրանյան] Հետո շատացանք, ընկերներ, զրույցներ ու ցուրտ։ Գերագնահատել էի Երևանի կլիմայական պայմանները, հոդացավերս էլ, որ արդեն երկար տարիներ պայքարիս ամենահավատարիմ ընկերն էին, մյուս կողմից։ Պայքարի, արդեն սովորական դարձած, բայց ամեն անգամ նոր հույսով համեմված մասը սկսված էր։ Դրվել էր սկիզբ մի բանի՝ որի անունը ոչ ոքիս հայտնի չէր։

[Արմեն Գալջյան] Չնայած Երևանի ամենակենտրոնում էինք, բայց մեզ պահում էինք այնպես, ինչպես, նախորդ 13 օրերին․ վառարանի վրա նորից պլեճ էինք ուտում, վրանները բացել էինք, ասում-խոսում էինք մեզ համար։

[Սոնա Մնացականյա] Տաք թեյ խմելուց ու տաք շորերով զինվելուց հետո վերադառնում ենք Ֆրանսիայի հրապարակ։ Մարդիկ խումբ-խումբ կանգնած, նստած, շրջելով խոսում են։ Հրապարակի կենտրոնում վառարան ա դրված, որը շատ սյուռ ա, հաջորդ օրերին արդեն սովորական էր թվում։

Գնում ենք Կետիկնոց, մի քանի սեղան կպցնում իրար, որ տեղավորվենք։ Անընդհատ տարբեր ծանոթներ են գալիս ու գնում, ու չեմ հիշում, թե ով ասում ա՝ նոր մեկը անցնում էր, հարցրեց, թե էս ինչ հաշիվ ա, ինչու եք հավաքվել։ Մի տեսակ վիրավորված ենք զգում մեզ։ Էլ չասած, որ ոստիկանությունն էլ իր հերթին ա մեզ անտեսում, ոչ մի ոստիկան չի երևում տարածքում։ Այսինքն՝ ուզում են ասել, որ դուք էդքան չկաք, կամ հասկացել են, որ ինչքան իրենք կոշտ են արձագանքում, էնքան շատանում ենք։

Ու մտածում ենք՝ ոնց մարդկանց տեղեկացնենք, որ միանան։ Դե, Ֆեյսբուքի հրապարակը պիտի գործածենք։ Աննան ասում ա՝ էրոտիկ ստատուսներ մտածեք, որ գայթակղվեն գան։ Ծիծաղում ենք, բայց փորձում ենք․ Աննան գրում ա՝ «Ժող, չորս օր բան ա, կպեք։ Գիշերվա պենուարներն իմ վրա»: Քրիստն էլ գրում ա՝ «Իսկ դու կգիշերեի՞ր Ռոդենի հետ Ֆրանսիայի հրապարակում։ Մենք ստեղ ենք»։

[Վահան Կոստանյան] Գոհարիկին ուշ ժամի մի կերպ խնդրելով համոզեցի տուն գնալ՝ չնայած շատ էի կարոտել ու վազվզոցի մեջ չէի հասցնում կարոտս առնել, բայց ցուրտ էր, իսկ ուժերը դեռ խնայել էր պետք:

[Արմեն Գալջյան] Գիշերը, ցավոք, շատ մարդ չմնաց՝ մոտ 190 հոգի, որից մի քանիսը ուղարկված մարդիկ էին, մի քանիսը հարբեցող, ովքեր ամբողջ գիշեր զզվելի խոսակցություններ էին տանում, բայց մի կերպ մոտ 3 ժամ կարողացա քնել վրանիս մեջ։

[Վահան Կոստանյան] Գիշերը հեշտերից չէր: Ճակատի թևում հաճախ ուղարկված սադրիչներ էին հայտնվում ու պետք էր լինում վազել ու հանգստացնել կրքերը:

Լուսադեմին վերջապես որոշեցի մի քիչ աչք կպցնել: Մի տեղանոց վրանում տեղավորվել էինք ես, Բաբայան Նարեկը, Արարատը: Արարատն ինձ էր տվել իր տաք քնապարկը, որը օգնում էր դիմակայել սառը ասֆալտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել