«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։
[օր 14] Մենք գտանք իրար
[Վահան Կոստանյան] Լույսը բացվեց Ֆրանսիայի հրապարակում։ Վառարանները դեռևս հանդարտ ծխում էին իներցիայով, ընկերներիցս շատերը դրսում դեռ քնած էին, մյուսները զբաղվում էին տարածքի մաքրությամբ, տարբեր անկյուններում, նստարաններին՝ մեր գիշերային պահակները զրուցում էին ոչ պաշտոնական տուրիստական այցով առավոտյան զբոսանքի դուրս եկած երևանցիների հետ։ Նրանցից մի մասը իրոք հետաքրքրված էր զարգացումներով, մյուսները զուտ օգտվում էին առիթից՝ նստել Մաշտոցի պողոտայի մեջտեղում։
Ամեն ինչ մի տեսակ հիշեցնում էր Էլեկրիկը, բայց պետք էր հանկարծ չկրկնել նույն սխալները, ինչի մասին էս օրերին ես ու Միքոն անհանգիստ խոսակցություններ էինք ունենում։ Պետք էր իջնել գրասենյակ, մի քիչ հետևել մամուլին, որովհետև հրապարակում նոթբուքով երկար չէի ձգի։
[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան նախաճաշս տոլմայի տեսքով էր, մամային խոստացել էի՝ պետք է ուտեի (կյանքիս եզակի նախաճաշերից էր, և առաջինն էր, որ տոլմայով էր)։ Խոհանոցի սեղանին երկու «Մարս» կոնֆետ էր դրված, մայրս լուռ պատրաստվում էր ինձ «բոցահեր արևի մոտ» ճանապարհելուն (բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ կռվել են ծնողների հետ ցույցերի մասնակցելու համար, գիտեն, թե ակտիվիստական ճանաչում ու սատարում ստանալը ինչ մեծ բերկրանք է)։
[Արմեն Գալջյան] Առավոտյան մնացել էին մոտ 50 հոգի։ Ցերեկը 14։00-ին հանրահավաք էինք նշանակել, որոշեցի մինչ այդ գնալ տուն և շորերս փոխել։
[Միքայել Նահապետյան] Գիշերը Ֆրանսիայի հրապարակում մարդիկ քիչ էին, առավոտվա կողմ սկսեցին շատանալ, բայց այդպես էլ նախորդ օրվա չափ մարդ չհավաքվեց: Մոտ 3000 մարդ կար։
[Թագուհի Ղազարյան] Արսենը հաշվել է Ֆրանսիայի հրապարակում գիշերած մարդկանց. 150 հոգի: Քիչ է:
Զանգում եմ Սանասարյանին: Համարս չի գրանցել: Ամեն անգամ հեռախոսը վերցնելիս՝ ալո, բարև Ձեզ, ո՞ւմ հետ եմ խոսում: Որոշեցի հոգու հետ խաղալ: Չնայած ոչ աշխատանքային օր է, բայց ասում եմ՝ ձեզ բանկից են անհանգստացնում, այսօր Ձեր վարկի օրն է: Ո՞նց, ասում է, էսօր ա, կներեք, մոռացել էի, մինչև ժամը քա՞նիսն եք բաց: Հանգստացի, ասում եմ, Թագուհին ա: Ու ինձ անհարմար եմ զգում, որովհետև կարծում էի, թե անմեղ կատակ էր:
Առավոտյան քայլերթ ենք անելու, որից հետո պլանավորված է գնալ Մելիք-Ադամյան՝ այսօրվա ԳՄ նիստին, որտեղ հայտնելու են վարչապետի իրենց թեկնածուի անունը:
[Գոհարիկ Տիգրանյան] Գնացի Ֆրանսիայի հրապարկը, ավտոբուսի մեջ հարազատ հոգի էի փնտրում, բայց.... բայցերից չենք խոսում, քանի որ կյանքում ամեն ինչ լինում է ճիշտ պահին և ճիշտ տեղում, ու մարդիկ միայն ճիշտ ժամանակին են արտահայտում իրենց բողոքը։ Հրապարակում մի մասը դեռ քնած էր, իսկ մյուս մասը մաքրում էր տարածքը, ու ինչ-որ ակտիվ շարժ կար։ Հրապարակի անկյունում լուռ նստած էի, ընկերներիցս շատերը ճանապարհին էին, Արփին ասաց, որ մի քանի րոպեից հասնում է, իհարկե, հետո մեզ միացավ նաև Արփենիկիս հայրը՝ ումից բոլորս մի քիչ վախենում էինք։
Հետաքրքիր էր մայթեզրին նստած հետևել ծանոթներիս ու ընկերներիս արևից սևացած ու թոշնած, բայց քաջ ու անհանգիստ դեմքերին։ Հրապարակի տարբեր մասերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ էի տեսնում, արդեն սովորել էի նրանց տարբերել քաղաքացիներից, բայց ինքս իմ հետ պայմանի մեջ էի՝ նրանց աչքին չերևալ։
Խոստովանում եմ՝ ապրիլի 14-ի առավոտը վերջին պահն էր, երբ հետ նայեցի կիսատ թողած կրթությանս աչքերի մեջ, իսկ նա էլ իր հերթին թևերը ծալեց ու հույսը կտրեց ինձնից։ Խնդրում եմ հասկացեք՝ միակ բանը, որից հրաժարվելը բարդ էր ստացվում՝ դժվարությամբ ձեռք բերված կրթության հնարավորությունն էր։
[Սոնա Մնացականյան] Էսօր պիտի գյուղ գնայի, որ Տաթևիկի հետ պարապեի, բայց գիշերը էնքան ուշ եկա ու էնքան հեղափոխությամբ վարակված, որ չեմ ուզում քաղաքից դուրս գամ։ Տաթևիկն ա գալիս, հարցնում եմ՝ գյուղում ինչ են խոսում, շարժ կա՞։ Ասում ա՝ չէ, սաղ նույնն ա։
Կեսօրին հանրահավաք կա, իջնում եմ, Սաքոյին ու Լուսինեին եմ հանդիպում իրանց մամայի հետ, որ ակնհայտորեն անհանգիստ ա․ դե որովհետև պատկերացնում ա, որ հերթական անքուն գիշերներով սպասումների շրջանն ա սկսելու։ Իմ բախտը բերել ա, որ մերոնք գյուղում են։
[Թագուհի Ղազարյան] Բազմաթիվ ծանոթ մարդկանց Ֆրանսիայի հրապարակում տեսնելը, ինչ խոսք, հաճելի է: Վա՜յ, էս էստեղ ե՞ս, ասում եմ՝ ամեն անգամ ուրախությամբ անակնկալի եկած: Կողով անցնում էի, պատասխանում է հերթական ծանոթս՝ չխոստովանելու համար, որ այստեղ հատուկ է եկել, դիսասոցացվելու համար կամ էլ պարզապես կողքով անցնում էր: Սա վերջը դառնալու ա կողով անցնողների հեղափոխություն, կատակում է Դավիթը:
[Սոնա Մնացականյան] Երթը ձգձգվում ա, ազգային-ազատագրական երգեր են հնչում, որոշ խմբեր պարում են։ Էս երգուպար վիճակից շատ եմ ներվայնանում, որովհետև հիշեցնում ա Էլեկտրիկ Երևանը։ Վերջապես Նիկոլը ելույթ ա ունենում, ասում, որ իր համերաշխության կոչին արձագանքել են մի շարք քաղաքական գործիչներ ու կուսակցություններ ու սկսում ա թվարկել։ Էդ անունները լսելով՝ մենք իրար երեսի ենք նայում ու տխուր ժպտում․ քաղաքական դիակները արհեստական շնչառություն են փնտրում։
[Արմեն Գալջյան] Չնայած հանրահավաքի անունը դրել էինք մեծ հանրահավաք, սակայն այսօր ավելի քիչ էինք, քան նախորդ օրը։ Չգիտեմ պատճառը ինչն էր։ Իրավիճակը զարգացնելու համար պետք էր մարդկանց գործողություն ցույց տալ։ Անակնկալ կերպով որոշվեց մտնել Հանրային ռադիոյի շենք։
[Վահան Կոստանյան] Վերադառնալուն պես հավաքվեցինք Կետիկնոցում։ Ես, Լենան, Արարատը ու էլի մի քանի ընկերներ։ Պարզաբանեցին իրավիճակը, որ մեդիա բլոկադայի մեջ ենք գտնվում։ Հանրային ռեսուրսները որեւէ կերպ չէին լուսաբանում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ սրա դեմ պետք էր քայլ անել, գաղափարը, որ պետք է գնալ Հանրային հեռուստաընկերություն, այդքան էլ իրատեսական չէր, որովհետև հեռու էր։
Առաջարկեցի գնալ Հանրային ռադիո։ Ես, Մխիթարն ու Լենան պիտի հասկանայինք, թե դա ոնց իրագործել։ Պետք էր դռները բաց պահել, մինչև մարդիկ կհասնեին։ Որոշվեց, որ Լենան ու Նարեկը կգնան մուտքի մոտ, ու Լենան եթեր կպահանջի՝ շեղելով ոստիկաններին, ու էդ ընթացքում երկու խումբ՝ երեքական ընկերներից, պիտի պահեին դռները։ Խմբերից մեկի հետ Մխիթարը պիտի գնար, երկրորդ խմբի հետ էլ ես։
[Թագուհի Ղազարյան] Քայլերթից առաջ հավաքվում ենք կոորդինացնող խմբով, քվեարկում Ռադիոտուն մտնելու համար:
Մեզնից մի քանիսը մնում են հրապարակում՝ հսկելու, թեև հսկելու առանձնապես բան էլ չկար:
[Գոհարիկ Տիգրանյան] Վահանին տեսա, առանձազրույցի ժամանակ թեթևակի տեղյակ պահեց ինձ պլանների մասին՝ Ռադիոտան գաղափարը դեռ եփված չէր, բայց տեղում կողմնորոշվելիքներից էր։
[Վահան Կոստանյան] Մարդիկ պարզ էին, առաջադրանքը պարզ էր, սկսվեց քայլերթը Սայաթ Նովա փողոցով։ Էս ընթացքում ինձ զանգեց Նորոն, ով պիտի օգներ դռները բաց պահել ու սկսեց հարցեր տալ թե ինչ էինք անելու։ Փորձեցի ինձ հիմարի տեղ դնել, բայց արդեն ուշ էր։ Վստահ էի, որ հեռախոս գաղտնալսվում էր։ Մոռացանք, անցանք առաջ։
[Գոհարիկ Տիգրանյան] Քայլերթը սկսված էր, Արփիից հրահանգ էի ստացել, որ իրեն կողքիս պահեմ ամեն պահի, որ չտաքանա ու ոստիկանների հետ չվիճի։ Ինքնամոռաց կերպով ու բարակ ձայնով գոռում էինք. «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացեք»։
Հասանք Սայաթ-Նովա Խանջյան խաչմերուկ ու օդում կախված անհանգստության արդյունքում հասանք առաջին շարքեր, իսկ Շախմատի տան մոտից, ընկերներիցս կտրվելով, առաջ վազողներին միացա, որ գնում էին Ռադիոտուն։
[Սոնա Մնացականյան] Երթին չենք միանում, քանի որ Սաքոյի ոտքը էլի ցավում ա, Ալինան էլ, Լույսիկին գրկած, չի կարող երկար քայլել։ Մի քիչ հետո Սաքոն ա զանգում Խանդանյան, ասում ա՝ ռադիո ենք մտել, լարված վիճակ ա։
[Միքայել Նահապետյան] Սերժի տոնը Ծաղկաձորում փչացնելու պլանը չստացվեց, փոխարենը որոշում կայացվեց գրավել Հանրային Ռադիոյի շենքը ու մինչև մարդիկ կհասկանային, թե ինչ է կատարվում, լավ կազմակերպված փոքրաթիվ խումբն արդեն ներսում էր։
[Վահան Կոստանյան] Ամեն ինչ անցավ ըստ ծրագրվածի, մարդիկ սկսում էին ներս մտնել։ Գոհարիկն ինձ նախապես խնդրել էր, որ թույլ չտամ իրեն առաջին պլանում հայտնվել, գլուխը տնկած մտնում էր շենք։ Գոռգոռոցներս, թափ տալս չօգնեց, Գոհարիկը ձեռքերը բարձրացրած, գլուխը տնկած վազեց շենք։
[Գոհարիկ Տիգրանյան] Մուտքի մոտ Վահանը ձեռքիցս բռնեց. «Գժվե՞լ ես, սա քրեական գործ ա, չես կարողանալու երկիրը լքել, մոռացե՞լ ես հետ պիտի գնաս»։ Ձեռքը թողեցի ու Մխիթարի հետ մտանք շենք, օգնեց, որ անցնեմ անցակետով, Վահանն էլ միացավ, հետևում մի մեծ բազմություն էր, հասանք վերջին հարկ, ոստիկանական տեսախցիկը նկարեց դեմքս, կրթությունն արդեն մոռացված էր՝ միակ տագնապը ուղարկված էր գրողի ծոցը։
[Արմեն Գալջյան] Ձեռքերներս վեր պարզած վազքով մտանք շենք։ Պետք էր գտնել այն սենյակը, որտեղից հնարավոր էր ուղիղ եթեր մտնել, և տեսանք մի դուռ, որի վրա գրված էր՝ «կողմնակի անձանց մուտքն արգելվում է», գրեթե բոլոր սենյակները ստուգել էինք, մնացել էր սա, և պարզ էր, որ այն, ինչ փնտրում ենք, այս դռնից այն կողմ է: Դուռը փակ էր, այլ ելք չունեինք, պետք է կոտրեինք՝ հակառակ դեպքում շենք մուտք գործելն անիմաստ կդառնար։ Տղաներից մի քանիսը ոտքով այնքան խփեցին, որ դուռը պատախառը փշրվեց։
[Վահան Կոստանյան] Բոլորս վազելով բարձրացանք վերջին հարկ։ Քանի Նիկոլը մտել էր ձայնագրման խցիկ, հարկում խուճապ էր տիրում, ստիպված ձենս գցել էի գլուխս մարդկանց հանգստացնելու համար։
[Արմեն Գալջյան] Նիկոլը մտավ ուղիղ եթերի սենյակ, իսկ ես որոշեցի մնալ միջանցքներում և հետևել, որ ցուցարարները ավելորդ բաներ չանեն․շատերը կարող էին մտածել, որ եթե մի դուռ ջարդել ենք, ուրեմն ամեին ինչ կարելի է ջարդել։
[Վահան Կոստանյան] Կրքերը հանդարտվեցին, Նիկոլը լայվ մտավ։ Իջա դուրս, բոլորը շենքի դիմաց էին, Մխոն՝ Չարենցի հուշարձանի մոտ մենակ նստած։ Մոտեցա, սուսուփուս նստեցինք ահագին, պտտվեց, ձեռքը դրեց ուսիս ու ասեց՝ «ես ու դու արդեն նաղդ դատվում ենք»։
[Գոհարիկ Տիգրանյան] Դուրս գալիս ընկերներիս տեսա շենքի կողքին, Սոնային գրկեցի ու ինքս ինձ հուսադրելով ասացի. «Նորից կդիմեմ նույն ծրագրին, ճար չունեն, կընդունեն հաստատ»։ Սա արդեն հաշվենկատ պայքարին «ցը» ասելու պահն էր։ Համալսարանի հետևում ընկերներով ծխում էինք, երբ բացեցի կուրսեցիներիս հետ չատը ու տեսա, որ երկու կուրսեցիներս գալիս են. «Գոհարիկ, քեզ մենակ չենք թողնում»։ Տպավորիչ էր, գրողը տանի, ես իմ թեթև գոյությամբ մարդկանց ոգեշնչել էի։
[Անի Վարդանյան] Շաբաթ կեսօր էր։ Պապան զանգեց ու ասաց, որ ընկերն ա Մոսկվայից եկել, կես ժամից տաքսի կպատվիրեն ինձ համար, որ գնամ Ապարան։ Ալարում էի անկողնուց վեր կենալ։ Համալսարանի նախորդ օրվա իրադարձությունները բավականին ազդել էր վրաս։ Թերևս առաջին անգամ էի ինչ որ տեղ փակված։
Երբ տաքսին եկավ, արդեն ցուցարարները Հանրայի Ռադիոյում էին։ Նայեցի ուղիղ եթերով, բայց գնալու ցանկություն չառաջացավ։ Երևի բնույթիցս էր։ Ես նման գործողությունների կողմնակից չեմ։
[Վահան Կոստանյան] Շենքում ակցիայի ավարտից հետո բոլորն եկան հուշարձանի մոտ՝ պիցցա ուտելու, հոգեպես լավ չէի, խուճապի մեջ էի, Գոհարիկին խնդրեցի՝ միասին գնանք հետ Ֆրանսիայի հրապարակ։
[Գոհարիկ Տիգրանյան] Ընկերներս գնացին հանգստանալու, Վահանին գտա, Գիրոսում հաց էինք ուտում, երբ աչքը կպավ, գնացի սուրճ ու պաղպաղակ վերցնելու, ու ֆեյսբուքյան չատերս ստուգելիս տեսա Ռուբինյանի նամակը՝ գալիս էր։
[Արմեն Գալջյան] Ուղիղ եթեր չկարողացանք մտնել, բայց մեր նպատակը ոչ այդքան ուղիղ եթերն էր, որքան ինչ որ շենք «գրավելը»։ Խաղաղ դուրս եկանք, երթով գնացինք կրկեսի խաչմերուկը փակելու։
[Թագուհի Ղազարյան] Ես ու Արմենը ուղիղ եթերով ենք հետևում քայլերթին ու Ռադիոտուն մտնելու իրադարձություններին, մինչդեռ հետո Արմենի դեմ քրեական գործի շրջանակում պետք է պարզվեր, որ իրեն մեղադրում են նաև Ռադիոտուն մտնելու գործով:
Ռադիոտան դեպքերից քիչ անց հայրս է զանգում: Ամսի 17-ին, ասում է, հարսանիքի եմ հրավիրված, հետս կգա՞ս: Ասում եմ՝ պապ, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է տեղի ունենում Երևանում ու ամսի 17-ը ինչ օր է: Ի՞նչ օր է, հարցնում է: Լուրերին հետևո՞ւմ ես, հարցնում եմ: Դե, ասում է, մոտս Հանրային ռադիոն է միացրած: Ժպտում եմ՝ և ոչ մի տարօրինակ բա՞ն: Մտածում է: Էսօր մի պահ լույսերն անջատեցին: Հանրային, ռադիոյի պատմության մեջ առաջին անգամ, չէ՞, պապ, ասում եմ: Կներես, ամսի 17-ին Սերժի վարչապետ ընտրվելու օրն է, չեմ կարող գալ: Ասածներիս մեջ երևի որևէ տրամաբանական կապ չգտնելով՝ պատասխանում է՝ լավ, դե ոնց կուզես:
[Արմեն Գալջյան] Վարորդների հետ վեճեր էին տեղի ունենում, նրանց համար այդ պահին ավելի կարևոր էր իրենց անձնական գործերը։ Մենք ներողություն էինք խնդրում նրանցից և շարունակում մեր անհնազանդության գրծողությունները։
[Անի Վարդանյան] Տաքսու վարորդի հետ երկար քննարկեցինք։ Ինքն էլ դեռ չէր որոշել՝ միանալու ա պայքարին, թե չէ։
[Արմեն Գալջյան] Հասանք Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ ավելացել էին, բայց նորից ոչ այնքան, որքան նախորդ օրն էր։ Դա տխրեցնող փաստ էր, բայց պետք էր շարժվել նախնական ծրագրով։
[Թագուհի Ղազարյան] Շուտով պարզվում է, որ ՀՀԿ-ն ԳՄ նիստը տեղափոխել է Ծաղկաձոր: Ավտոերթ ենք պլանավորում դեպի Ծաղկաձոր նախապես հայտարարված ժամի համար, սակայն պարզվում է, որ մինչև մենք կպլանավորեինք ավտոերթը ՀՀԿ-ն ԳՄ նիստը վերջացրած է լինում:
Միքոյին եմ տեսնում՝ հը՞, ի՞նչ կասես: Պինդ ե՞ս, հարցնում ա: Հա, ասում եմ: Դե ուրեմն լսի՝ կրվել եք, վսյո: Մի՜ք: Ոչ մի բան չի ստացվելու, դուք օրակարգ չունեք, մերժիր Սերժին-ը օրակարգ չի: Ինչի՞ ես տենց ասում, էսքան տարբեր մարդկանց այլ բան կարա՞ր հավաքեր մի տեղ, շուրջդ նայի, ասում եմ: Ես ինձ չեմ զոհաբերելու, ասում ա, որ Սերժին Նիկոլը փոխարինի, ինձ համար կարևորը ի՛մ օրակարգն ա, ու ինձ մեկ ա, թե ով կիրականացնի էս օրակարգը՝ Սե՞րժը, թե՞ Նիկոլը: Ահավոր լարված ա: Լարված ենք: Չեմ հավատում ականջներիս: Միքոն դեռ հետո պիտի ցույց տար, թե որքան կարևոր ու սկզբունքային հարց էր իր համար ի՛ր օրակարգը:
[Գոհարիկ Տիգրանյան] Հասանք նորից Ֆրանսիայի հրապարակ, մարդկանց թիվը մեծանում էր, մտածում էինք, հաշվարկում, ասում, որ շաբաթ է, դրա համար են գալիս...
[Վահան Կոստանյան] Եկավ երեկոյան հանրահավաքը, էսօր վիզուալ մարդիկ չէին ավելանում, հեռվում կանգնած հետևում էի, քայլում մարդկանց միջով, որ ականջի ծայրով լսեմ, թե ինչ են խոսում մարդիկ իրար մեջ։
[Սոնա Մնացականյան] Շուտով բարձրախոսով ենք լսում Նիկոլի ուղերձը։ Ահագին ոգևորվում ենք ու նորից տնավորվում Կետիկնոցում։
[Գոհարիկ Տիգրանյան] Երեկոն իջավ, ելույթները, որոնց մի մեծ մասը էդպես էլ չէինք լսում, ավարտվեցին։ Ցուրտը նորից գլուխ էր բարձրացնում, իսկ մթնոլորտում կախված էր թեթև տագնապ, ամեն պահի ոստիկանական գործողության սպասելիք կար, սակայն գործողության սպասումը դեռ հեռու էր և օդում։
[Միքայել Նահապետյան] Երեկոյան նորից Էլեկտրիկ Երևանի շնչով լցվեց Ֆրանսիայի հրապարակը։ Վահանը նստած է բանկոմատի դիմաց։ Մոտենում եմ ու սկսում փնթփնթալ։ Համաձայնության նշան է տալիս, որ ամեն ինչ էնքան էլ «պա պլանու» չի գնում։ Ջղայնանում եմ, գնում տուն` մի քիչ քնելու։
[Վահան Կոստանյան] Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում տժժիկ-կայֆավատի երաժշտության պահանջ էր հասունացել։ Լավ էլիենց երգերը չէին ընդունվում, տարիքով մարդիկ էս ու էն կողմից գոռում էին՝ «արա մի նորմալ հայկական երաժշտություն դրեք, էս ինչ ա»։ Հստակ սերունդների բախում էր ու էս խնդիրը լուծել էր պետք։ Հավաքվեցինք Դիվանբաշիում՝ հասկանալու համար, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում։ Մի քանի ժամ գոռգոռացինք իրար վրա, անկեղծ խոսեցինք, քննադատեցինք, քննարկեցինք, վերջապես եկանք ինչ որ լուծումների։
[Անի Վարդանյան] Ապարանում կյանքը խաղաղ էր։ Էնտեղ մայրաքաղաքի իրադարձությունները շատ ուշ են հասնում կամ ընդհանրապես չեն հասնում։
Երեկոյան արդեն վերլուծում էի համալսարանում տեղի ունեցածը։ Բավականին ազդված էի։ Չէի կարողանում տեղս հանգիստ նստել ու որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ։
[Թագուհի Ղազարյան] Երեկոյան քննարկումը վրանում ենք անում, որ ուղիղ եթերի տակ չընկնենք: Վրանում Նիկոլին` բայց գիտես չէ՞, որ հենց ընտրությունն եղավ-պրծավ, նստեցնելու են, ասում եմ` ոստիկանության հաղորդագրությունը ուղիղ տեքստով էդ մասին էր: Նիկոլը մի քանի վայրկյան լռում ա, ինչ-որ կարևոր բանի մասին ա մտածում երևի: Շատ-շատ դուխաթափ ենք բոլորս, չգիտենք` վաղը ինչ ենք անելու, ժամանակ չկա, երկու օրից Սերժին ընտրում են: Քմծիծաղ ա տալիս Նիկոլը, ասում ա` է եթե բան չենք կարենալու անենք, ինձ համար ի՞նչ տարբերություն Ազգային ժողովում նստած կլինե՞մ, թե՞ բանտում: Անսահման հավատում եմ իրեն: Էն պարզ մարդկային դառնությունը, որ հիմա եմ տեսնում աչքերում ու լսում ձայնի մեջ, էն միտքը, որ երևի նորից պարտվելու ա: Օդում կախված ա էն միտքը, թե ևս մի «պարտվել եմ» ա ավելանալու էդ տողին: Բոլորս լարված սպասման մեջ ենք:
Քննարկումն ընթանում ա: Ես լուռ, լուռ եմ: Գլխումս անընդհատ հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հիշում եմ բոլոր ձախողած կամ գոնե չհաջողած, պարտված մանրումեծ շարժումները, բողոքի ակցիաները: Աչքիս առաջ էն օրն ա, երբ Ազգային ժողովի դեմ հավաքված էինք մի քանի տասնյակ մարդկանցով, իսկ ներսում քվեարկություն էր: Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ հավաքել էր պատգամավորների քարտերը: Դրսում ցուրտ, ցուրտ էր: Իմ տեսած ամենացուրտ ձմեռն ա, 2013-14 թթ. ձմեռը: Կարգին Հայկոն բալոնով գազ ա բերել, վառել, որ տաքանանք, բայց մենք էն կողմի վրա չենք գնում: Անուշիկը չիր ա բերել, որ ուտենք, որովհետև գիտի, որ արդեն քանի ժամ ա` էստեղ ենք ու երևի բան չենք կերել: Կամ էլ չգիտի, բայց բերել ա:
Հետո հիշում եմ Բաղրամյանը, տաք, տաք էր, տաք ասֆալտին քնած եմ: Պարզ ա, որ ոչ մի մեքենա էս ճանապարհով չի քշելու, բայց ես բնազդաբար մայթին եմ պառկել: Մաման զանգել, ասում ա` տուն արի, ասում ա` վտանգավոր ա էդտեղ, ասում ա` եթե ինձ սիրում ես, տուն արի: Ասում եմ` մամ, ո՞նց տուն գամ, դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, որ մենակ քո սեփական էրեխու ապահովության մասին ես մտածում, բա մյուսնե՞րը, բա մյուսները մարդ չե՞ն, ընտանիք չունե՞ն, ես գամ տաք-տաք քնեմ, իրենք ինձ համար մնան ծեծվե՞ն: Ասում ա` լավ, նենց արա գոնե էդ կամեռաների տակ չերևաս: Պարզ ա, որ ոչ թե էստեղ լինելուս համար ա անհանգստացած, այլ էստեղ լինելս իմացվելու: Ես գիտեմ, որ իրենց բազմաթիվ ուղիներով զգուշացնում են իմ մասին, բայց ընտանիքիս անդամներից ոչ մեկը չի փոխանցում, որ զգուշացվել եմ: Հետո, շատ հետո եմ իմանում, որ էսինչը կամ էնինչը գնացել ա հորս մոտ` գործի տեղը, զգուշացրել, եկել են տուն, մորս զգուշացրել, ախպորս են գտել, զանգել, կապվել, զգուշացրել, բայց ոչ մեկը ոչինչ չի փոխանցում ինձ:
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Նորից ձմեռ ա, Ազատության հրապարակում ենք, գազի գնի թանկացման դեմ ստորագրահավաք ենք անում, որ դիմենք դատարան: Հազարավորները արդեն հավաքել ենք, բայց քիչ ա դատարանի համար: Նույն ցուրտ ձմեռն ա` 2013-2014: Ես ու Մաքսն ենք հերթապահում: Ցրտից դողում ենք, բայց տաք թեյ գնելու փող չկա մոտներս, ստիպված ՖԲ-ում ստատուս ենք գրում, որ թեյ բերեն հրապարակ: Արձագանքում են:Հետո նորից երթի ենք: Հիմա արդեն աշուն ա: Երևի Ո՛չ-ի երթն ա: Նիկոլի վրա զայրացած եմ, Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ ա հռչակել: Հետո նորից երթ, սա էլ երևի անոնիմուսների երթն ա, ամեն տարի անում ենք` ավելի շատ ի սոլիդարություն Շանթ Հաարությունյանի: Հետո Խորենացի փողոցում ենք, գիշեր ա: Կողքս Անուշիկն ու Մաքսն են կանգնած: Մեր դիմացի շարքերից ինչ-որ շշեր են սկսում շպրտվել ոստիկանների վրա: Մաքսը վազելով գնում ա առաջ` մի՛ շպրտեք, չշպրտե՛ք, մի՛ արեք: Անուշիկի դեմքը լուսավորվում ա աչքիս առաջ, ինչ-որ ուժեղ ալիք մեզ շպրտում ա էս կողմ-էն կողմ, ու բոլորս սկսում ենք անիմաստ ու անկանոն վազել: Շնչահեղձ եմ լինում: Առաջին անգամ եմ զգում արցունքաբեր գազի ազդեցությունը:
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Դատարանում եմ: Մի քանի հոգով նստած ենք: Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանին դուրս հրավիրեցին դահլիճից` անհարգալից վերաբերմունքի համար: Ընդմիջումից հետո մեզ էլ արդեն չեն թողնում ներս մտնենք: Հետո վարչական դատարանում եմ, Մաքսին մեղադրում են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Հետո քաղմասում եմ: Ոստիկանը ասում ա` ձեզ էնտեղ լինելու համար էդքան վճարում են, մեզ մեր նույն աշխատավարձն են տալիս գիշերները չքնելու համար: Ապշելու բան ա: Երբեք չէի պատկերացնի, որ իրենց էդպես ա մատուցվում էս ամենը: Հետո տանն եմ: Երեք ոստիկան Էջմիածնի բաժնից եկել են հորս հետ ու ասում են, որ եղբայրս բաժնում ա, մինչև չներկայանամ, բաց չեն թողնի: Հարցնում եմ` ի՞նչ կարիք կար մարդ առևանգելու, կարելի էր ուղղակի ծանուցագիր ուղարկել: Հետո նորից փողոցում եմ` նստացույցի, հետո նորից երթի մեջ եմ, հետո նորից` դատարանում, հետո նորից` ոստիկանությունում, հետո նորից` ՀՔԾ-ում, հետո նորից…
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս երբեք փողոց դուրս չեմ գալու ու էս անգամ էլ էի խոստացել: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Գազի գինը թանկացավ, դատարանը կարճեց ստորագրահավաքով դիմած գործը ու թողեց օդի մեջ: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հոսանքի գինը թանկացավ, Բաղրամյանը բացվեց: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Շանթ Հարությունյանը շարունակում ա բանտում մնալ: Հայկին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման: Գևորգը անազատության մեջ ա: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: ՀՀ-ն ընդունեց նոր սահմանադրությունը, այսուհետև մենք խորհրդարանական երկիր ենք` Սերժի վերարտադրման սպառնալիքով: ՀՀԿ-ն մեծամասնություն ապահովեց խորհրդարանում:
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Պարտության իմունիտետով ենք դուրս եկել պայքարի: Թվում ա` էլ ոչ մեկս կորցնելու ոչինչ չունենք: Ամեն ինչ կամ ոչինչ: Երկիրը անժամկետ հանձնել ՀՀԿ-ին` գոնե ինձ համար նշանակում ա փակել Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը: Ճգնաժամային իրավիճակ ա, Ֆրանսիայի հրապարակում հազիվ 2000 մարդ հավաքված լինի էսօր: Օր-օրի նվազում ա հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ մենք հետդարձի ճանապարհ չունենք, չենք թողել ինքներս մեզ համար: Կողքիս նստած են մարդիկ, որոնց հետ կարելի ա գնալ նույնիսկ մեռնելու: Մարդիկ, որոնք դեռ չեն տեսել, բայց հավատում են: Հավատում են, բայց կասկածում են: Սիրուն, սիրուն մարդիկ, որոնք, անհավատալի ա, բայց մի ամիս հետո լինելու են ՀՀ կառավարությունը: Եթե էդ պահին ինձ մեկը նման բան ասեր…
Իսկ օդում կախված է նույն, մշտական, ամենօրյա հարցը՝ տեսնես վաղը մարդ կգա՞:
Թերևս տեղին կլիներ ամսի 14-ի դեպքերի հետ կապված խոսել դեպի Հեղափոխություն Ռուբենի փառահեղ մուտքի մասին, սակայն ես այդ մուտքը չեմ հիշում: Ասում են՝ Ստամբուլում ինչ-որ կրթական ծրագիր անելիս է եղել, ասում են՝ տեսել է երևանյան դեպքերն ու սիրտը չի դիմացել, ասում են՝ որոշել է ամեն բան թողնել ու միանալ «մահապարտ» ընկերներին, ասում են՝ Ֆրանսիայի հրապարակի առումից հետո գնել է առաջին իսկ չվերթի տոմսերն ու ժամանել Երևան: Ես այդ ամենը չեմ կրում՝ իբրև իրադարձության հուշ: Ես պարզապես գիտեմ, որ Ռուբենը սկզբում չկար, մեկ էլ ինչ-որ պահից դառնում է քննարկումների ամենաակտիվ մասնակիցն ու ինտրիգների ամենահմուտ համակարգողը: Օպերատիվ որոշումներ կայացնելիս այդ օրերին դոմինանտ էր Արենի ու Ռուբենի դերը:
Քննարկումից հետո կետիկնոցում հանդիպում եմ հարազատ շրջանակի. Գեմոն, Սաքոն, Սոնան, Քրիստը, Վահրամը, Կարենը, Աննան, էլի մի քանի հոգի նստած սրճում ու զրուցում են: Բան դուրս չի գա, պնդում են: Մեղավոր ժպտում եմ, կարծես թե պարտավոր էի մի բան անել իրենց չհուսահատեցնելու համար ու չեմ կարողացել անել: Մեռնողի վերջին խռխռոցն է, ասում է Գեմոն: Դե հա…, պատասխանում եմ:
[Սոնա Մնացականյան] Քիչ-քիչ սեղաններ են կպնում իրար, քանի որ մեզ են միանում Քրիստը, Մորին, Գեմոն, Զորիկը, Դավիթը, Աննան, Վիոլետը, Արփին Մուշի հետ, Սաքոն Խանդանյան. «թող ինձ ներեն բոլոր էն տղերքն ու աղջկերքը, ում անունները էլ չեմ հիշում», հա, Թագուհին էլ գնում գալիս ա երկու սիրածների արանքում հայտնվածի պես։ Իսկ Կարենը էսօր չի գալիս, քանի որ գնացել ա Արմաշ թռչնադիտարկման, բայց մեր չաթ ա գցում մի քանի ամիս ուշացումով տեղ հասած իրա նոր բոթասների նկարը։ Կարենը սրա մեջ նախախնամություն ա տեսնում, բայց սա դեռ Կարենի՝ վերերկրային բարենպաստ նշաններ տեսնելու սկիզբն ա․․․
[Թագուհի Ղազարյան] Հետո փողոցում հանդիպում եմ ընկերներիցս երկուսին, կանգնեցնում են՝ բան չի դուրս գալու, էս ի՞նչ եք անում: Արդեն խելագարվում եմ էս նույն բառերը լսելուց: Մեկը՝ էս ցիրկ ա, Նիկոլը Սերժի պրոյեկտն ա, դուրս արի խաղից, քանի շուտ ա: Էլ ուժ չունեմ: Հա, քո ասածն ա, ասում եմ ու գրեթե վազելով փախչում: Էդ ընկերոջս մեկ էլ ամսի 23-ին եմ տեսնելու՝ երջանկությունից խելագարված փողոցում բոլորին աջուձախ գրկելիս և չեմ հիշեցնելու էս խոսակցության մասին: Թույլ եմ տալու, որ ինձ էլ գրկի ու գոռա՝ տեսա՞ր՝ ի՜նչ արին, տեսա՞ր՝ ո՜նց հաղթեցինք:
Ուշ երեկոյան Մարիայի ու Արմենի հետ զրուցում եմ Քոստում: Ասում եմ՝ երբ Սանասարյան Դավիթը հարթակից գործադուլի կոչեր էր հնչեցնում, ես հանրահավաքի մեջ էի, ոչ մեկը չարձագանքեց, իսկ կողքիս կինը՝ դու ե՞ս մեր տունը պահելու, տղա ջան: Բացատրում եմ հարկադրված գործադուլի անհրաժեշտությունը: Սրճարանից դուրս գալուց հետո՝ Իլիկի ճամփին, Սանասարյան Դավիթին եմ գրում.
«Դավ, լսի, ստեղ չէիր, որ հետդ խոսեի: Բայց ուզում եմ, որ էս հարցը անպայման դնես քննարկման, մարդ ես, կարողա ես տեղում չլինեմ: Լինեմ էլ, քեզ ավելի լուրջ են ընդունում :Ճ
Լսի, գործադուլ չի լինելու մենակ հարթակից կոչ հնչեցնելով: Ես ախր քո էդ խոսքի պահին ներքևում էի, ու մարդիկ կողքից ասում էին՝ ո՞նց անեն խեղճերը, բա մեր տունը ո՞վ ա պահելու և այլն: Հարցն էն ա, որ իրանք ուզում են, բայց չեն կարա դրա համար պատասխանատվություն կրեն: Պետք ա 1. Մարդկանց գործադուլի պատճառաբանություն տալ 2. դրա պատասխանատվությունը վերցնել մեզ վրա:
Ես մտածում եմ, որ եթե կիրակի լույս երկուշաբթի գիշերը, ասենք 6-ի կողմերը, մանավանդ տոտալ իգնորի պայմաններում, կարողանանք առանցքային ճանապարհներ փակել ու պահել մինչև 12-ը, 1-ը, ինքնըստինքյան գործադուլ կլինի:
Վերցնում ենք մարդկանց ու փակում, օրինակ, արշակունյացը, Գայի պողոտան, Իսակովը: Չգիտեմ, 5 կարևոր ստրատեգիական կետեր, սովորական, էս պրոսպեկտի պես նստարաններ ենք դնում, եթե կան տարածքում, եթե չկան, աշխատացնում ենք ֆանտազիան, նստացնում ենք էդտեղ 5-10 մարդ, նշանակում կոորդինացնող ու ինչքան կարան դա խազ պահում են մինչև բերման ենթարկվելը:
Էդ «բարիկադների» վրա մեծ ցուցանակով գրում ու կախում ենք՝ ԳՈՐԾԱԴՈՒԼ: Քաղաքում կատարյալ քաոս կսկսվի, եթե մենք էլ մի 50-70 հոգով գնանք ԴԱՀԿ-ն փակելու:
Հիմա մի քանի խնդիր կա: Պետք ա ասես՝ էդքան ռեսուրս չունենք, բայց եթե մենք մի 200 հոգի կամավոր չենք կարում մոբիլիզացնենք, ո՞ւմ ա պետք* էդ դեպքում քո 5000 հոգանոց հրապարակը: Պետք ա կաթվածահար անել բոլոր ինստիտուտները: Ու պետք ա դա չթողնվի երեքշաբթի, երկուշաբթին պրոցեսին հաջորդող առաջին աշխատանքային օրն ա:
Ոչ մի հակափաստարկ տեղին չի ռեսուրսի, էներգիայի առումով, ուզո՞ւմ ենք անել: Կամ հիմա ա ժամանակը, կամ մաշում-մարում ենք:
Էսօր էստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում լրիվ բարոյալքված ու մարող-մեռնող վիճակ ա: Պետք ա գազ տալ: Պետք ա փորձել ամեն ինչ: Պետք ա վերցնել մեզ վրա էն պատասխանատվությունը, ինչից մարդիկ վախենում են, որովհետև էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու: Մենք արդեն էշի վրա ենք: Էս քանի օրը պետք ա ներդնենք մեզ, ինչքան կարանք: Գիտեմ, որ ի դեմս քեզ հետս մինչև վերջ գնացող ունեմ, և ուրեմն՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին:
Գրկում եմ»:
[Վահան Կոստանյան] Գիշերը ես, Արարատը ու Հրաչը մնացինք Դիվանում։ Վաղուց մեր տունն էր դարձել էս պսևդոփաբը, գալիս մեզ համար հաց էինք սարքում, խմիչք վերցնում, ուտում, ամանները լվանում, անգամ եթե մարդ էլ չէր լինում, գումարը թողում էինք խոհանոցում ու դուրս գալիս։ Էսօր էլ առաջին անգամ քնեցի մեր տանը՝ երկու բազմոցներից մեկին, որ Հրաչը բերել էր Բ26-ից (նախկին փաբ Սպենդիարյան փողոցում)։
[Միքայել Նահապետյան] Գիշերը 2-ին Փաշինյան Սիփանի զանգից արթնանում եմ ու, մինչև կհասցնեմ պատասխանել, մտքովս հազար սարսափելի բան է անցնում։ Իսկ Սիփանը զանգել էր ասելու, որ Նիկոլն առավոտ 10-ին մեզ է սպասում` խոսելու բան ունի։
[Արմեն Գալջյան] Գիշերը նորից քիչ էինք, նորից հարբեցողների նույն կազմը, նույն տհաճ խոսակցությունները գիշերվա 4-ին 5-ին,։ Հիմա հիշում և զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել քնել․ մի կողմից հարբեցողները, մի կողմից չոր ասֆալտը և, չնայած ոստիկանությունը շատ պասիվ էր, բայց չէր բացառվում, որ նրանք գիշերով կմաքրեն հրապարակը։
comment.count (0)