Ծնողները մանկապարտեզին ցանկացած պարագա կարող են տրամադրել միայն կամավոր. քաղաքապետարանը պարզաբանում է
10:27 - 08 հունիսի, 2021

Ծնողները մանկապարտեզին ցանկացած պարագա կարող են տրամադրել միայն կամավոր. քաղաքապետարանը պարզաբանում է

Վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում: Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահանջը առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանով է սահմանված, սակայն այդ նորմի վրա հիմա են սկսել մեծ ուշադրություն դարձնել. քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այդ կետը ևս պետք է պահպանվի: Նրա խոսքով՝ եթե տեսչական ստուգումների ժամանակ բացահայտեն, որ չկա համապատասխան թվով անկողին, մանկապարտեզը կտուգանվի:

Մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե հնարավոր տեսչական ստուգումների պատճառով մանկապարտեզներից պահանջվե՞լ է ապահովել նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ սանիտարական նորմը, ինչպես նաև անկողնային 3 հավաքածուները մանկապարտե՞զը պետք է ապահովի, թե՞ պետք է ուզի ծնողներից։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունները պարբերաբար իրազեկվում են ոլորտին առնչվող կրթական և առողջապահական իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, պահանջվող հրահանգների մասին: Ինչ վերաբերում է մանկապարտեզ հաճախող երեխայի անկողնային սպիտակեղենի երրորդ հավաքածու ունենալու պահանջին, հանրակրթության վարչությունից նշել են, որ երեխաների ծնողները իրենց երեխաների համար յուրաքանչյուր պարագա կարող են տրամադրել կամավորության սկզբունքով:

«Երևանի քաղաքապետարանից մանկապարտեզներին գրություն չի ուղարկվել՝ որևէ  նորմատիվ կամ անհատական  իրավական ակտի  պարտադիր կիրառման վերաբերյալ: Հաստատությունների  տնօրենները պարտավոր են տիրապետել նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերի պահանջներին: Իրականում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցները (պետը) մշտապես տեղեկացնում են (է) մանկապարտեզներին վերապահված գործառույթների մասին՝ հիշեցման նպատակով: Վերոնշյալ ստորաբաժանման կողմից մշտապես հսկվում է առողջապահական գերատեսչությունների կողմից սահմանված սանիտարական կանոնների պահպանման գործընթացը, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2002թ. Հ.857-Ն հրամանով: Պայմանավորված Covid-19-ով՝ գրեթե յուրաքանչյուր օր մանկապարտեզներին տրվել են ցուցումներ՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման խիստ կարևորության վերաբերյալ: 

Մանկապարտեզներում տեսչական մարմինները ստուգումներ իրականացնելիս նույնպես առաջնորդվում են պահանջվող նորմատիվ ակտերով՝ իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակում»,- նշված է մեզ ուղարկված գրավոր պատասխանի մեջ:

Պատասխանի մեջ նաև նշված է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է մանկապարտեզներին փափուկ գույքով ապահովելու խնդիրը, որի անհրաժեշտությունը հնարավոր է գնահատել հաստատություններում գույքագրում իրականացնելուց  հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել