armtimes.com: Այսօր ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Շատ կարեւոր է հասկանալ մի բան՝ պարտադիր չէ, որ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի եւ ասի՝ ինչ պետք է լինի:
Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՝ ոչ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե չէ, ելույթներին հետեւո՞ւմ են, թե չէ, լրատվությանը հետեւո՞ւմ են, թե չէ: Այդ մարդիկ հետեւություններ անո՞ւմ են: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում: Կարո՞ղ եք բացատրել՝ դա ինչ է նշանակում: Եւ այդ ՔԿՀ պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսի փաստ իրեն հայտնի չէ, որ որեւէ մեկի հանձնուքը չի ստուգվում. «Որեւէ մեկի խցի դուռը բաց չէ, որեւէ մեկը արտոնյալ չէ: Այո, հայտնաբերվում են արգելված իրեր..»
Վարչապետի դիտարկմանը, թե հեռախոսներ է՞լ չկան ՔԿՀ-ներում, Զեյնալյանն արձագանքեց, որ կան, հայտնաբերվում են:
«Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել: Որովհետեւ կարող եմ ասել, որ եթե ավանդույթների մասին ենք խոսում, հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Այսօր բազմաթիվ հանցագործություններ ՀՀ-ում կազմակերպվում են հենց այդ քրեակատարողական հիմնարկներից՝ կապի միջոցներն օգտագործելով»,- ասաց վարչապետը:
Զեյնալյանը նշեց, որ ստուգման սարքավորումներով հագեցված չեն եւ շարքային ծառայողների աշխատավարձի ցածր լինելը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր են. «Մենք մտածում ենք, որ լավագույն տարբերակը խլացնելն է: Գուցե ինչ-որ եղանակով մտածվի յուրաքանչյուր ՔԿՀ-ում այդպիսի մեխանիզմ դրվի՝ խլացնելու համար, որովհետեւ այդ հեռախոսներով մասնակցում են նաեւ ազարտային խաղերի»:
comment.count (0)