ԱԱԾ-ն «չի նկատում» սպանության բացահայտ սպառնալիքները |epress.am|
07:43 - 11 ապրիլի, 2019

ԱԱԾ-ն «չի նկատում» սպանության բացահայտ սպառնալիքները |epress.am|

epress.am: Իրազեկ քաղաքացիների միավորումը դիմել է Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի դեմ բողոքի ցույցի դուրս եկած մասնակիցներից մեկի հայտարարության հիման վրա:

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ակցիայի մասնակիցներից մեկը սպանության սպառնալիքի մասին հայտարարություն է արել՝ տեսախցիկների առջև ցույց տալով դանակը: Քրեական գործ հարուցելու հիմքերը կան՝ ապօրինի զենք կրելու և սպանության սպառնալիքի հոդվածներով․ — «Ակնհայտ է, որ այդ անձը սպառնում է սպանություն գործել, նաև դանակն է հանում՝ ցույց տալու համար, որ սպառնալիքը իրական է: Ակնկալում ենք, որ երկու հոդվածներով էլ քրեական գործ կհարուցվի և այդ անձը պատասխանատվության կկանչվի»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց․ «Պետք էր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները անհապաղ տարածված այդ ատելության, կյանքին սպառնացող, վտանգավոր հայտարարությունների, մտադրությունների նաև հիման վրա քրեական գործ հարուցեին:

Բառացիորեն մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայության պետը հայտարարեց, որ կեղծ օգտատիրոջը ձերբակալել են, հայտնաբերել են, որը հենց նույն ատելության, սպառնալիքի, թշնամանքի կոչեր էր տարածել, և հենց այդ հիմքով էր քրեական գործ հարուցվել: Եվ այստեղ շատ տարօրինակ է ընտրողական մոտեցումը, որ մի դեպքում, երբ որ ֆեյք օգտատիրոջը հայտնաբերում են, իսկ մյուս դեպքում ոչ թե ֆեյք օգտատեր են, այլ հրապարակավ հանդես եկող մարդիկ, որոնք թույլ են տալիս իրենց անպատիժ նման հայտարարություններ կատարել, ընդհուպ մինչև խաղաղ հավաքի ժամանակ ունենալ ձեռքին սառը զենք, որը կարող է օգտագործվել որպես հանցագործության գործիք»:

Ատելության և բռնության քարոզի ալիքի ֆորմալ առիթը ապրիլի 5-ի պարլամենտական լսումներն էին։ Այդ օրը «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Ազգային Ժովովի ամբիոնից արդրադարձավ Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ բռնությունների, հետապնդումների, արժանապատվության և իրավունքների ոտնահարման և իրավապահ մարմինների անգործության խնդրին՝ կոչ անելով պատգամավորներին ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականությանը ու բարեփոխումների իրականացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել