Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, որոնց 70 %-ը նախկինում Ոստիկանությունում չի աշխատել. Փաշինյան
 |tert.am|
11:41 - 08 հուլիսի, 2021

Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, որոնց 70 %-ը նախկինում Ոստիկանությունում չի աշխատել. Փաշինյան |tert.am|

tert.am: Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության և, մասնավորապես, մայրաքաղաք Երևանի կյանքում, իր գործունեությունը սկսել է Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում՝ բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

«Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, և ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ Ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի Ոստիկանություն»,-ասաց նա։

Վերջինս նկատեց՝ հուլիսի 7-ից Ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը, հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի և քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու։

 

«Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և՛ ՃՈ-ից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակետային ծառայության՝ մեզ ծանոթ գործառույթները, նաև՝ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման գործում, հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե այս բարեփոխումը ծրագրել էին դեռևս 2019-ին։

«2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվում է որոշակի բարդություններով։ Սա մեր շատ մանրամասն՝ մինչև վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց, այնուամենայնիվ կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված խնդիրներ ունեցանք։ Մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի։ Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի, մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել