Ջրային կոմիտեն 22 փոքր ջրամաբարի կառուցման ծրագիր է մշակել |Armenpress.am|
06:42 - 15 մարտի, 2019

Ջրային կոմիտեն 22 փոքր ջրամաբարի կառուցման ծրագիր է մշակել |Armenpress.am|

Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամաբրի կառուցման ծրագիր կա մշակված:

«Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խմ-ը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարևան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Նշված 22 ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 127 մլն խմ: Ընդհանուր ծրագրի նախնական արժեքը 220 մլն դոլար է: Ջրամբարները տեղաբաշխված կլինեն տարբեր մարզերում՝ Գեղարքունիք, Շիրակ, Վայոց ձոր, Արագածոտն, Արմավիր, Կոտայք:
«Նման ջրամբարների կառուցումը մեր երկրին շատ անհրաժեշտ է: Մենք սահմանել ենք առաջնահերթություններ, ըստ որոնց, օրինակ Մարտունիում, Խնձորեսկում, Կողբում, Վերնաշենում, Հարթավանում, ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա: Եթե դրանք կառուցվեն, ապա տեղում ավելի շատ վարելահողերին ջուր հասցնելու խնդիրը կլուծվի»,-ասաց նա:

Նշված ջրամբարների կառուցման ծրագիրն իրականացնելու համար պետությունը ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով: Ներդրումներով ջրամբար կառուցելով՝ մասնավորին հնարավորություն կտրվի այն նաև օգտագործել կոմերցիոն նպատակով՝ ՀԷԿ-ի կառուցում, ձկնաբուծություն և այլն: Արդյունքում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ բազմաթիվ համայնքներում փոքր ջրամբարներ կլինեն: Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ մասնավոր հատվածի կողմից արդեն հերաքրքրվողներ կան:
«Երեկ էլ առաջարկություններ ստացել ենք: Հետաքրքրություն կա, առաջիկայում այդ առաջարկները կուսումնասիրվեն: Կարող ենք ասել, որ ջրամբարաշինության գործում պետությունը դիվերսիֆիկացնում է իր անելիքը նպաստում է նաև փոքր ջրամբարների կառուցմանը»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել