Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|
13:35 - 06 օգոստոսի, 2021

Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի բողոքը։ Դատարանն անփոփոխ թողնեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքում նշել էր, որ Սարգսյանին կալանավորելու հիմքերը բացակայում են։ Ինչպես նշել էր պաշտպան Էմին Խաչատրյանը՝ խափանման միջոց կալանքի ընտրությունը բավականին խնդրահարույց է: «Մեկ հոգու՝ այն էլ գործով շահագրգիռ անձի ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը, ապա՝ կալանավորման որոշում կայացնելը, դուրս է իրավական մտահորիզոնից։

Իմ պաշտպանյալը բերման չի ենթարկվել, այլ քննիչի ծանուցմամբ ինքնակամ ներկայացել է բաժին, որտեղ ապօրինի ձերբակալել, ապա՝ կալանավորել են նրան։ Սա քաղաքական հետապնդում է, Արթուր Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այնտեղ նկարագրված իրադարձությունները որևէ կապ չունեն նրա հետ»,- նշում է պաշտպանը։

Հիշեցնենք, որ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իրեն է մակագրել, ինչը վրդովեցրել էր պաշտպանական կողմին։ Նրանք կասկածի տակ էին դրել դատարանի անաչառությունը, որի հիմքով ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել