Արցախի ԱԳՆ ղեկավարը Միրոսլավ Լայչակին ծանոթացրել է ղարաբաղյան կողմի մոտեցումներին |news.am|

05:18 - 14 մարտի, 2019

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին ծանոթացրել է ղարաբաղյան կողմի մոտեցումներին։ Հանդիպումը կայացել է մարտի 13-ին՝ Երեւանում։

Ինչպես լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է Մասիս Մայիլյանը, զրույցի ընթացքում ինքը ներկայացրել է բանակցություններում Արցախի, որպես երրորդ կողմի, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումները։ «Կարծում եմ՝ ներկայացված փաստարկները համոզիչ էին»,- ասել է Մայիլյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ գործող նախագահը նախընտրել է լսել, եւ ոչ թե գնահատականներ տալ։

Նախարարի խոսքերով, հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս արած հայտարարությունը չի քննարկվել, թեեւ դրանում առկա շատ դրույթներ դիտարկման առարկա են եղել։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնկալվող հանդիպմանը, ԼՂՀ արտգործնախարարը նշել է, որ հանդիպումները կարեւոր են, եւ դրանք պետք է շարունակվեն։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը հստակեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանը ներկայացնելու պատրաստակամության մասին, եւ այն մասին, որ ինքը Արցախը ներկայացնելու իրավասություն չունի։ Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մանրամասների մասին նախարարը հրաժարվել է խոսել՝ հիշեցնելով նիստի գաղտնի բնույթը։

ԱՀ արտաքին գործերի նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել