ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ ձայներ չկային:
«2017-ին ԱԺ-ն ընդունել էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենք, որով նախատեսվում էր ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ընդ որում, նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում: Միևնույն ժամանակ 2018-ին ընդունվեց Հանրային ծառայության մասին նոր օրենքը։ Ընդ որում, հանրային ծառայության մասին օրենքով ամրագրված գույքի և եկամուտների և շահերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները հիմնականում կապվեցին նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:
Հիմա ունենք իրավիճակ, որ փաստացի այդ հանձնաժողովը չի ստեղծվել: Ընդ որում, դրա չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացնել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված: Օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը»,-ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
2019-ից հայտարարագրերը պետք է ներկայացվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել: Հիմա նախագծով առաջարկվում է փոփոխել օրենքը, մասնավորապես այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019-ի հունվարի 1-ից և փաստացի հանձնաժողովի բացակայության պատճառով ուժի մեջ չեն մտել, երկարաձգել ժամկետը և 2020թ հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմները ներդնել: «Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հայտարարագրման ժամկետն ամրագրված է մարտի 1-ին, մենք երկարաձգում ենք դա, և հայտարարագրերը կներկայացվեն մինչ մայիսի 31-ը»-նշեց Քրմոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այն անձինք, ովքեր արդեն ներկայացրել են հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դրանք համարվում են ընդունված, և պարտականությունը՝ կատարված:
ԱԺ-ն օրենքի հիման վրա հնարավորություն կունենա այս տարի ձևավորել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
ՀՀ ազգային ժողով
comment.count (0)