Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան |armenpress.am|
12:00 - 13 մարտի, 2019

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան |armenpress.am|

Երևանի Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանները կառուցվել են ինքնակամ և չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ներկայումս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան` «Անիվների վրա», «Համանվագ» և «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ներին պատկանող սրճարանները: Այս ամբողջը ինքնակամ կառույցներ են»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Երևանում կան հատվածներ, որոնք պետք է պահպանել. Ազատության հրապարակին, Կարապի լճին, Հանրապետության հրապարակին հարող և այլ տարածքներ:

«Իհարկե, սրճարանները նույնպես Երևանի կոլորիտային վայրերից են, բայց այս տարածքը, որն անմիջապես հարում է Օպերայի շենքին, պետք է բարեկարգվի: Այս հարցում չկան ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ բիզնեսի նպատակներ»,- ասաց Մնացականյանը:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտող սրճարանների տնօրենների հարցով զբաղվում է ոստիկանությունը:

«Կա Ոստիկանություն` մենք մեր աշխատանքը կիրականացնենք, ոստիկանությունը՝ իր աշխատանքը: Լույսը հիմա անջատել են, սպասում ենք, որ գեներատորները բերեն, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը»,- նշեց Մնացականյանը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել