[Զրույց անցումային արդարադատության մասին․ մաս 2-րդ] Վեթինգ պետք է իրականացվի իրավապահ բոլոր մարմիններում ու դատարաններում․ Կարեն Զադոյան
18:25 - 11 հունիսի, 2019

[Զրույց անցումային արդարադատության մասին․ մաս 2-րդ] Վեթինգ պետք է իրականացվի իրավապահ բոլոր մարմիններում ու դատարաններում․ Կարեն Զադոյան

Ներկայացնում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանի հետ հարցազրույցի 2-րդ մասը: Զրուցել ենք անցումային արդարադատության չորրորդ մեխանիզմի՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործիքակազմի՝ լյուստրացիայի, վեթինգի, հասարակական ակտիվիզմի և օրենսդրական այլ բարեփոխումների թեմայի շուրջ:

Կարդալ 1-ին մասը

-Հաճախ խոսվում էր նաև լյուստրացիայի մասին, սակայն, հանրային լսումներից պարզ դարձավ, որ Հայաստանում այն կարծես չի կիրառվելու։ Լյուստրացիան ինչո՞վ է տարբերվում վեթինգից, և ի՞նչ ռիսկեր է այս գործիքը պարունակում։

-Լյուստրացիան լատիներեն բառ է, որ մաքրագործում է նշանակում։ Այն հիմնականում կիրառում են, երբ մի քաղաքական համակարգից անցում է կատարվում մեկ այլ քաղաքական համակարգի, օրինակ, կումունիստական համակարգից ժողովրդավարականի անցնելիս։ Այդ ինստիտուտը կիրառվել է հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներում։

Լյուստրացիան մարդու իրավուքների պաշտպանության ապահովման առումով խոցելի է, որովհետև ինչ-որ խմբի (օրինակ` կազմակերպության, կուսակցության) պատկանելու հատկանիշներով արգելվում է զբաղեցնել հանրային պաշտոններ և այլն։ Լյուստրացիան որպես մեխանիզմ կիրառելուց առաջ պետք է լրջորեն վերլուծել դրա ռիսկերը։ Բայց լյուստրացիան նաև կարևոր է, քանի որ հանդիսանում է վիրահատական լուրջ միջոց՝ մաքրելու համակարգերը։

Երբ Վացլավ Հավելին՝ Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահին հարցնում են՝ ինչու լյուստրացիայի իրականացման հետևանքով այսքան անփորձ երիտասարդներով համալրեցիք կառավարությունը, նա պատասխանում է. «Ավելի լավ է հինգ տարի սխալներ թույլ տանք, քան հիսուն տարի ապրենք սաբոտաժի պայմաններում»։

Սա փայլուն միտք է, որը խոսում է լյուստրացիայի դրական կողմերի մասին, բայց մենք ունեցել ենք փորձագիտական աշխատաժողով նվիրված անցումային արդարադատությանը, որին մասնակցել են ոլորտի ազգային փորձագետները, և լյուստրացիայի կիրառումը ներկայումս, փորձագետների մեծամասնության կարծիքով, ռիսկային է, այդ պատճառով մեր կազմակերպության կողմից չի առաջարկվել դրա կիրառումն այս փուլում։

-Վեթինգն այս առումով խոցելի չէ՞։

-Վեթինգը թույլ է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել, այն կոնկրետ անձին է վերաբերում, կամայական չէ, խտրական չէ, հետևաբար մարդու իրավունքների պաշտպանվածության առումով խոցելի չէ։ Այս պարագայում նպատակը տվյալ պաշտոնատար անձի գնահատումն է, ստուգումը՝ արդյոք անձը համապատասխանում է այդ պաշտոնին, թե ոչ։

Վեթինգ իրականացվում է հիմնականում ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում, դատական համակարգում։ Խտրականությունը վեթինգի իրականացման ժամանակ պետք է բացառվի, օրինակ՝ եթե խոսում ենք դատական համակարգի մասին, ապա պետք է բոլոր դատավորներն անցնեն վեթինգով, ոչ թե միայն, օրինակ, այն դատավորները, որոնք ունեն մարտի մեկի գործով կայացրած դատական ակտեր։

-Վեթինգն ի՞նչ ընթացակարգով պետք է իրականացվի, ի՞նչ գործընթացների է պետք սպասել։

Տեսե՛ք, խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին, դրանից հետո անցումային արդարադատության հնարավոր կիրառման վերաբերյալ հայեցակարգ պետք է պատրաստվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ ներգրավելով մյուս խմբակցությունները։ Այդ հայեցակարգը նորից պետք է դրվի քննարկման՝ ներառյալ ճանապարհային քարտեզը։ Հայեցակարգում մի քանի կարևոր կետ պետք է լինի՝ կիրառման ժամանակահատվածը. մենք առաջարկել ենք ժամանակահատվածը սահմանել 1991-2018 թվականը, անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում մենք աաջարկել ենք ներառել.

ա) հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում՝ գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ,

բ) համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը, oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ,

գ) կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:

Սա, իհարկե, ամբողջական չէ, կարող է լրացվել։ Հայեցակարգը պետք է նաև ներառի՝ վեթինգից բացի ուրիշ ինչ գործիքներ են կիրառվելու, արդյոք ճշմարտության հանձնաժողովներ ստեղծվելու են, թե ոչ, փոխհատուցման ծրագրերը շահառուների ինչ շրջանակի համար և ինչ ծավալներով են իրականացվելու, բացի վեթինգից ինչ այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ պետք է իրականացվեն և այլն։Սրանից հետո պետք է լինի իրականացման ճանապարհային քարտեզը և հանրային վերահսկողության մեխանիզմները։

Սա պետք է քննարկման առարկա դառնա։ Ցավոք, համացանցից տեղեկացա, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասել է, թե իրենք արդեն պատրաստել են վեթինգի մասին օրենքը։ Իմ կարծիքով՝ սա ոչ համակարգային և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, խոսքը նախևառաջ պետք է գնա անցումային արդարադատության հայեցակարգի մասին, որը պետք է ստանա հնարավորինս լայն հանրային համախոհություն՝ հիմնական դերակատարների մասնակցությամբ, որից հետո կորոշվի՝ որ մեխանիզմն (օրինակ` վեթինգը) ինչ օրենսդրական լուծումներով պետք է իրականացվի։

-Դուք ավելի վաղ նշել էիք, որ վեթինգ իրականացնող մարմնի նկատմամբ հանրային վստահություն ունենալու համար պետք է, որ մարմնի անդամները ևս ենթարկվեն վեթինգի։ Այս դեպքում իրենց ո՞վ է վեթինգի ենթարկելու և ստուգելու՝ համապատասխանում են բարեխղճության տարրերին, թե ոչ։

-Ազգային ժողովն է այդ հանձնաժողովը ստեղծելու, բայց օրենքով կարող է նախատեսվել վեթինգային հանձնաժողովի ձևավորման հստակ մեխանիզմ` ներառյալ չափորոշիչները։ Հնարավոր է՝ ոչ թե Ազգային ժողովն ուղիղ կերպով ընտրի հանձնաժողովի անդամներին, այլ օրենքով նախատեսված կարգով իրավունքի ուժով ձևավորվի ընտրական մարմին, սահմանվեն հստակ և բարձր չափորոշիչներ, և այն անձինք, որոնք կլինեն ընտրական մարմնում, իրենք էլ վեթինգի ենթարկեն վեթինգի հանձնաժողովի անդամներին։ Իսկ չափորոշիչները պետք է նույնը լինեն ինչպես վեթինգի հանձնաժողովի անդամների, այնպես էլ վեթինգի ենթարկվող անձանց համար։

-Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ վեթինգի հետևանքով այնքան մեծ թվով դատավորներ դուրս մնան համակարգից, որ դատական համակարգում ճգնաժամային իրավիճակ ստեղծվի։

-Ես կարծում եմ, որ ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվի, որովհետև վեթինգի սկսելու գործընթացին զուգահեռ պետք է սկսվի դատարանները նոր, բարեխիղճ դատավորներով համալրելու գործընթացը։ Մենք պետք է վերանայենք, օրինակ, արդարադատության ակադեմիա ընդունվելու կարգը, սովորելու ժամկետները, վերանայենք ակադեմիայի ուսումնական ծրագրերի բովանդակությունը։ Ակադեմիայում դատավորի թեկնածուները պետք է սովորեն միայն այն ամենը, ինչը անհրաժեշտ է դատավորին իր պրակտիկայի իրականացման համար, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ կատարել դասախոսական անձնակազմում։

Վեթինգի իրականացմանը զուգահեռ և նշված փոփոխությունների կատարման արդյունքում հնարավոր կլինի պատրաստել դատավորի հավակնորդների անհրաժեշտ շրջանակ` վեթինգի արդյունքում առաջացած թափուր տեղերը լրացնելու համար: Այս գործընթացները պիտի զուգահեռ ընթանան, որպեսզի Ձեր ասած ռիսկը բացառվի։

-Նշել էիք, որ վեթինգ իրականացնող մարմնի անդամները պարտադիր պետք է հայեր լինեն։ Ինչու՞։

-Վեթինգի հանձնաժողովի անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, կարող ենք նաև օգտագործել սփյուռքահայ մասնագետների պոտենցիալը, բայց ոչ երբեք միջազգային, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչների, որովհետև դա մեր Հայաստանի սուվերեն որոշումն է ու պետք է լինի մեր սուվերեն մոդելի շրջանակում՝ հիմնված միջազգային փորձից քաղված դասերի վրա։

Այո՛, մենք պետք է վեթինգը կամ անցումային արդարադատության յուրաքանչյուր գործիքի կիրառումն իրականացնենք բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում՝ միջազգային կազմակերպությունների մոնիթորինգի ներքո, բայց դա պետք է իրականացնենք միայն մեր տեղական ուժերով, միայն մեր հայկական մոդելով։

-Դրա համար բավարար չափով մասնագետներ, պրոֆեսիոնալներ ունե՞նք Հայաստանում։

-Ես վստահ եմ, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ։ Այստեղ ոչ միայն անձի պրոֆեսիոնալ հատկանիշների մասին է խոսքը, այլ նաև՝ բարոյական բարձր նկարագրի։ Տեսե՛ք, ընդանրապես արդարադատություն տերմինը երկու բաղադրիչ ունի՝ արդարություն և դատավարություն: Դատավարությունն իրավական, մասնագիտական ձևակերպում է, իսկ արդարությունը՝ բարոյական ձևակերպում։ Հենց արդարադատություն բառն ինքնին ենթադրում է, որ եթե իրական արդարադատություն է իրականացվում, ապա պետք է դրա իրականացնողը, տվյալ դեպքում՝ դատավորները, նույնպես ունենան և՛ բարձր մասնագիտական պատրաստվածություն, և՛ բարոյական բարձր նկարագիր։ Առանց այս երկուսի ներդաշնակ համագործակցության իրական արդարադատություն չի կարող իրականացվել։

Այդ առումով միայն մասնագիտական բարձր հատկանիշները բավարար չեն, եթե մի պահ ընդունենք, որ մեր դատավորների մի մասի մասնագիտական կոմպետենցիան բարձր է, որը չի կարելի ասել այդ նույն դատավորների բարոյական նկարագրի մասին։ Նույնը և հակառակը, եթե դատավորը բարձր բարոյական նկարագիր ունի, բայց՝ մասնագիտական թույլ կոմպետեցիա, նույնպես արդարադատության իրականացումը խաթարված կլինի։ Դատավորների՝ իրենց պաշտոնին համապատասխանության ստուգումը` վեթինգը, հենց այս երկու սկզբունքների վրա պետք է խարսխվի։

-Արդյոք միայն դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելը բավարա՞ր է համակարգային բարեփոխումների համար։ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն. այս կառույցների նկատմամբ նույնպես հանրային վստահությունն առանձնապես բարձր չէ։

-Մենք կարծում ենք, որ սխալ է միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելը։ Այս հարցում անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Առաջին փուլում այն մինիմում պետք է իրականացվի իրավապահ բոլոր մարմիններում ու դատարաններում։ Միգուցե որոշակի ժամանակային հաջորդականությամբ, բայց այդ միջանցքը պետք է կարճ տևի։

-Որոշ դատավորներ պնդում են, որ վեթինգը նվաստացնող է։

-Սա ամենևին նվաստացնող երևույթ չէ, և ուղղված է հենց դատական իշխանության առողջացմանը, որպեսզի դատավորներն ու իրենց կողմից տրամադրվող հանրային ծառայություններն ավելի վստահելի դառնան մեր քաղաքացիների համար։ Դատավորները վեթինգից հետո կլինեն ավելի վստահելի և ուժեղ, իսկ դատական իշխանությունը՝ ավելի անկախ ու արդյունավետ։ Պետք է իրենք էլ հասկանան, որ վեթինգի իրականացումն իրենց շահերից է բխում։

-Ի՞նչ է սպասվում այն դատավորներին, որոնք կհրաժարվեն անցնել վեթինգի գործընթացով:

-Եթե օրենքով պարտադիր լինի, որ իրենք անցնելու են վեթինգ, բնականաբար, ով չանցավ այն, օրենքի ուժով կկորցնի իր պաշտոնը։ Ես կարծում եմ՝ մինչև վեթինգի իրականացումն էլ երբ դատավորները կպատկերացնեն, որ դա անխուսափելի է, ոչ բարեխիղճ դատավորները կամավոր կերպով կլքեն իրենց պաշտոնները, չկասկածեք։

Այսօր եզակի պատուհան է բացվել մինչև վեթինգի իրականացումը։ Այն դատավորները, որոնք ոչ բարեխիղճ են և օբյեկտիվորեն չեն կարող անցնել վեթինգը, նրանք հնարավորություն ունեն անաղմուկ հեռանալ դատական համակարգից։ Դա թե՛ նրանց, թե՛ դատական համակարգի համար կարևոր և խելամիտ լուծում կլինի։

-Մոտավորոպես ի՞նչ ժամանակահատվածում պետք է վեթինգն իրականացվի։

-Նախ պետք է որոշվի` դա սահմանադրական փոփոխությունների միջոցով է իրականացվելու, թե գործող սահմանադրության շրջանակներում։ Պետք անել ամեն ինչ, որ այն բացարձակ անխոցելի իրականացվի։ Այդ առումով պետք է ռիսկերը գնահատվեն, արդյոք սահմանադրության շրջանակներում արված վեթինգը ռիսկային չի՞ լինելու և դրանից կախված նաև անհրաժեշտ ժամանակահատվածը պարզ կլինի։ Կարծում եմ՝ վեթինգի ամբողջ գործընթացը կտևի մոտ 1-3 տարի:

-Որպես համակարգային բարեփոխումների գործիք նշեցիք նաև հասարակական ակտիվիզմի մասին։ Սա ի՞նչ է։

-Հասարակական ակտիվիզմն այն երևույթն է, երբ հասարակական կազմակերպությունները, մասնագիտացված հանրությունը սկզբից մինչև վերջ վերահսկում են անցումային արդարդատության ամբողջ գործընթացը և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնում հասարակությանը, անհրաժեշտության դեպքում նաև աջակցում իրականացնողներին՝ փորձագիտական խորհրդատվությամբ։

Օրենսդրական մյուս բարեփոխումների համատեքստում նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարություն է պետք ընդունել, դատաիրավական խորը բարեփոխումներ, վեթինգը դրա մի մասը պետք է լինի, որովհետև մի բան է մաքրել համակարգը, բայց կարևոր հարց է նաև այդ համակարգերն ապահովել բարեխիղճ կադրերով։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ներկայիս կառավարող ուժը համակարգային պատկերացում չունի անցումային արդարադատության մասին։ Դա շաբաթներ առաջ էր, այժմ ինչ-որ բան փոխվե՞լ է այս առումով։

-Տեսե՛ք, ես վկայակոչեցի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ համացանցում շրջանառվող դիրքորոշումը, որ իրենց խմբակցությունն արդեն պատրաստել է վեթինգի մասին օրենքը` չունենալով անցումային արդարադատության իրականացման հայեցակարգը: Սա արդեն իսկ խոսում է ոչ համակարգային մտածողության մասին։ Այս ամենը կառուցողական և համակարգային մտածողության հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է համակարգային և ներառողական մոտեցում ցուցաբերել՝ հիմնական դերակատարների մասնակցությամբ։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել