Բոլոր հնարավոր տարածքներում պետք է կանաչ տարածքները վերականգնենք․ Նիկոլ Փաշինյան
09:48 - 19 մարտի, 2019

Բոլոր հնարավոր տարածքներում պետք է կանաչ տարածքները վերականգնենք․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով Ազատության հրապարակի հարակից սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Ես համոզված եմ, որ այդ գործողության մեջ որևէ կողմնապահություն, որևէ շահադիտականություն, որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Եթե ես տեսնեմ, որ այդ պրոցեսում այդպիսի դրսևորումներ են ի հայտ գալիս, ես իմ գործողությունները կանեմ, ես իմ տեսակետը կասեմ, ես իմ ազդեցության հնարավորությունները կօգտագործեմ։

Մենք բոլորս հիշում ենք էլի, որ Օպերայի տարածքում դա տեղի էր ունենում, մենք չե՞նք հիշում ինչեր էր տեղի ունենում։ Եկեք բացենք այդ ժամանակվա մամուլը, ինչ էր կատարվում, մարդիկ ցույցեր էին անում։ Մենք նորմալ ենք համարում Օպերայի տարածքում 90000 դրամով տարածքներ վարձակալելը։ Այդ ովքեր են։ Եկեք վերահաշվարկ անենք՝ դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, այդ գումարը թող վերադարձնեն պետական բյուջե։

Ինձ համար կապ չունի՝ Օղակաձև զբոսայգում է, թե որ զբոսայգում է։ Ես համոզված եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենան իրավական հիմք տարածքը վերադարձնելու երևանցիներին, նա դա կանի։

Բայց ես քաղաքական առումով ուրիշ բան եմ ուզում ասել։ Մենք ունեինք մի շարք շատ ծավալուն ներդրումային առաջարկներ՝ կապված Դալմայի այգիների հետ։ Եվ երբ ես տեսա, որ անընդհատ այդտեղի նկատմամբ հետաքրքրություններ են լինում ներդրումային, ես Երևանի քաղաքապետին և բնապահպանության նախարարին գրություն գրեցի, որ այդ տարածքներում պետք է բացառել որևէ շինարարություն։ Բացի այն, որ այնտեղ կտորներ կան, որ սեփականաշնորհված են․ դա շատ մեծ պատմություն է։ Բայց կա մի հսկայական տարածք, որը հանրային է, և այդ տարածքներում պետք է իրականացվեն բարեկարգման աշխատանքներ, և այդտեղ պետք է լինի հնարավորինս բնական վիճակին մոտ քաղաքային այգի։

Այն, որ բոլոր հնարավոր տարածքներում պետք է կանաչ տարածքները վերականգնենք, դա ինձ համար ակնհայտ է և դա եղել է՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, իմ նախընտրական ծրագրում, դա եղել է նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։

Իսկ այնտեղ, որտեղ օրինականության հետ կապված խնդիրներ կան, իհարկե, պետք է բոլորի իրավունքները պահպանվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել