Նոր Զելանդիայի ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար հանգանակվել է ավելի քան 1,5 մլն դոլար |armenpress.am|
09:34 - 16 մարտի, 2019

Նոր Զելանդիայի ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար հանգանակվել է ավելի քան 1,5 մլն դոլար |armenpress.am|

(c)  AP PHOTO

Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին հանգանակությանը մասնակցել է 33 հազար մարդ:

«Սարսափելի կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել: Նրանք ունեն մեր աջակցության ու օգնության կարիքը: Հավաքված գումարը կօգտագործվի Քրայսթչերչ քաղաքում կրակողների հետևանքով մահացածների ու վիրավորների ընտանիքներին օգնելու նպատակով»,- ասվում է հիմնադրամի էջում:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:

Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը: Վիրավորներից 12-ը, այդ թվում և երեխաներ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:

Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել