Ոնց օրենքն ասում է, այդպես է լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու այն ժամանակ, եթե դատարանը վճռի, որ Օպերայի հարակից երկու սրճարանները չեն ապամոնտաժվելու:
Նշենք, որ ապամոնտաժման ենթակա 5 սրճարաններից 2-ի (Շոկոլադնիցա» եւ «Մանտալ») ներկայացուցիչները դատարան են դիմել՝ ապամոնտաժման աշխատանքները կանխելու եւ գործունեությունը շարունակելու նպատակով:
«Մենք դրա համար տարբեր տարբերակներ ունենք: Դրա համար մենք չենք սպասում ամբողջին: Որը հնարավոր է՝ հիմա ապամոնտաժում ենք, բետոնային աշխատանքները մաքրելուց հետո կանցնենք կանաչապատմանը: 5-ից 3-ն արդեն ապամոնտաժվել են», – ասաց Մնացականյանը:
Նա հորդորեց ընդամենը մի քանի օր զինվել համբերությամբ, եւ արդեն հնարավոր կլինի տեսնել նաեւ կանաչապատման աշխատանքները:
Իր հերթին քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը նշեց, որ 15 օրվա մեջ ամեն ինչ մաքրված կլինի, կանաչ գազոնը պատրաստ կլինի. «Հետո արդեն մրցույթ շահած ընկերությունները կանաչապատման, սալիկներով կահավորման հարցերը կլուծեն»:
comment.count (0)