Զարթոնքցիները սպառնում են փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող ճանապարհները
12:48 - 18 մարտի, 2019

Զարթոնքցիները սպառնում են փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող ճանապարհները

Զարթոնքցիները մեկ օրով դադարեցրած ցույցերը վաղը վերսկսելու են, եթե մինչև այդ համայնքապետ Պարույր Սարգսյանը հրաժարական չներկայացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ ավելացնելով, որ այսօր առավոտյան ստեղծված իրավիճակը քննարկել են Արմավիրի փոխմարզպետի հետ:

«Փոխմարզպետը մեզ առաջարկեց ստորագրահավաք անել: 350-400 ստորագրություն հավաքելու դեպքում կանցկացվի քննարկում, որից հետո կորոշեն համայնքապետի լիազորությունները վայր դնելու հարցը: Մենք մինչև այդ երկու անգամ հանդիպել էինք իր հետ, և հավասար էր պատասխան չստանալուն, քանի որ դրական պատասխան չենք ստացել»,- ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը:

Համայնքի բնակիչը պատմեց, որ փոխմարզպետի հետ հանդիպումից հետո մարզպետարանում պատահաբար հանդիպել են մարզպետին, և հարցը իրեն էլ են ներկայացրել:

«Նա ասաց, որ մեզ չի ուզում տեսնել: Վերջնական խոսքն էլ եղավ այն, որ եթե անգամ Ա կետից Բ կետ գնան գործերը, ու վերջում գա իր մոտ, միևնույն է՝ մերժելու է»,- պատմեց համայնքի բնակիչը։

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը իրավունք չունի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնել: Մարզպետը պատրաստ է հանդիպել ու քննարկել խնդիրը։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել