Պղնձի արտահանումը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է |hetq.am|
13:24 - 07 մարտի, 2019

Պղնձի արտահանումը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է |hetq.am|

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի մաքսային արժեքը կազմել է 525.5  մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի համեմատ արտահանվող պղնձի քանակը նվազել է 64.4 հազ. տոննայով կամ 13.2 %-ով, իսկ մաքսային արժեքը՝ 61 մլն դոլարով կամ 10.4 %-ով։ Չնայած այն հանգամանքին, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակում պղնձի միջազգային գները նվազել են՝ Հայաստանից արտահանվող պղնձի մեկ տոննայի միջին գինն ավելի բարձր է եղել, քան նախորդ տարում։ Մասնավորապես, 2017 թվականին արտահանված պղնձի մեկ տոննայի միջին գինը կազմել է 1999 դոլար, իսկ 2018 թվականին՝ 1237 դոլար։

Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում պղնձի արտահանման ֆիզիկական ծավալներն են 2009-2018 թվականներին։

 

2018 թվականին պղնձի խտանյութի արտահաման ծավալների անկումը սպասելի էր, քանի որ Հայաստանում կրճատվել են արդյունահանման ծավալները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է (արդյունահանվել) 317.4 հազ. տոննա պղնձի խտանյութ, որը 25.9 %-ով զիջում է 2017 թվականի ցուցանիշը։ Նվազել է նաև չզտած պղնձի արտադրությունը։ Այն կազմել է 8.8 հազար տոննա՝ նվազելով 26.7 %-ով։ Հիշեցնենք, որ արտադրության անկումը պայմանավորված է Թեղուտի հանքի շահագործման աշխատանքների դադարեցմամբ։ Հանքը աշխատանքները դադարեցրել է 2018 թվականի փետրվարից։ Այն շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի հարկերը նախորդ տարի եռակի կրճատվել են։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայասատանից արտահանված մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութի 47 %-ն արտահանվել է Բուլղարիա, 23 %-ը՝ Շվեյցարիա, 18.5 %-ը՝ Չինաստան, մոտ 10 %-ը՝ Ռումինիա և փոքր քանակությամբ՝ այլ երկրներ։ Էական աճ կա Ռումինիայի մասով. եթե 2017-ին արտահանվել է մոտ 3 հազար տոննա, ապա 2018-ին՝  40 հազար տոննա։ 2017-ին Կանադա պղինձ չի արտահանվել, իսկ 2018-ին՝ արտահանվել է 4.6 հազար տոննա։ Աճել է նաև դեպի Շվեյցարիա արտահանումը. 2017-ին՝ 76 հազար տոննա, 2018-ին՝ 99 հազար տոննա։

hetq.am

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել