ՄԻԵԴ-ն այս անգամ էլ արձանագրել է Լևոն Բարսեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտումը |hetq.am|
13:14 - 22 սեպտեմբերի, 2021

ՄԻԵԴ-ն այս անգամ էլ արձանագրել է Լևոն Բարսեղյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտումը |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 21-ին ևս մեկ վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Այս անգամ արձանագրվել է, որ պետությունը խախտել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը Լ. Բարսեղյանին պետք է վճարի 1500 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հիշեցնենք, ՄԻԵԴ-ը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) գործով ևս Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել՝ պարտավորեցնելով ՍՊԸ-ին վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ հատուցում: Այս դեպքում խախտվել էր ընկերության արտահայտվելու ազատության իրավունքը:

Նշված երկու գործերն էլ վերաբերում են նույն իրադարձություններին: Մասնավորապես, 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաքներ էին սկսել Ազատության հրապարակում: Ոստիկանական ուժերը հավաքները ցրեցին և մարտի 1-ին Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն:

2008թ. մարտի 2 -ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Լևոն Բարսեղյանը ժամանել է Գյումրու կենտրոնական Թատերական հրապարակ և փորձել է մտնել հրապարակ` բողոքի ակցիա անցկացնելու համար: Սակայն մերժվել է նրա մուտքը ոստիկանության ծառայողների կողմից: Բարսեղյանը չի ենթարկվել նրանց հրամաններին և տարվել է ոստիկանական բաժանմունք:

Ոստիկանական բաժանմունքում վարչական գործ է հարուցվել Բարսեղյանի նկատմամբ՝ ոստիկանության ծառայողների օրինական հրամաններին չենթարկվելու պատճառաբանությամբ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բարսեղյանից բացատրություն են վերցրել և ազատ արձակել:

Ոստիկանությունը դիմել է դատարան՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բարսեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նա առաջին հերթին պնդել է, որ ոստիկանությունը չի կարողացել հիմնավորել, որ նա մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել՝ պնդելով, որ ինքը հանրահավաք կազմակերպելու նպատակ չի ունեցել: Ամեն դեպքում, մարդկանց հրավիրելը արգելված արարք չի եղել, հետևաբար չէր կարող օրենքով պատժվել: Ավելին, որևէ ապացույց չի ներկայացվել, որ տվյալ պահին ավելի քան 100 մարդ է հավաքվել Թատերական հրապարակի մոտ կամ դրա մերձակայքում, հետևաբար, այն պնդումը, որ ինքը մյուսներին կոչ է արել հանրահավաք անցկացնել առանց նախնական ծանուցման, անհիմն է, քանի որ օրենքը չէր պահանջում նախնական ծանուցում, եթե հանրահավաքին մասնակցում է 100-ից պակաս մարդ: Հետևաբար՝ ոստիկանության հասցեագրված հրամաններն իրեն ուղղված չէին կարող օրինական համարվել:

2008թ. հունիսի 10-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել Լևոն Բարսեղյանի հակընդդեմ հայցը՝ վերջինիս ենթարկելով վարչական տույժի` 50 000 հայկական դրամի չափով:

Ինչպես «Դարեսկիզբ» ՍՊԻ-ի, այնպես էլ այս գործով կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ Հայաստանը Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ շեղվել էր 11-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորություններից (Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում), հետևաբար, Բարսեղյանի դիմումը պետք է մերժվի: Կառավարությունն ընդունել է, որ չնայած նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն արտակարգ դրություն կար նաև երկրի երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում: Հետևաբար, այդտեղ ևս պարտավորությունների շեղում էր անհրաժեշտ, քանի որ ռիսկ կար Երևանի իրադարձությունների և Գյումրիում այդ իրադարձությունների կրկնության միջև:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահի կողմից 2008թ. մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը և համապատասխան շեղումը վերաբերում էին բացառապես Երևանին, մինչդեռ սույն գործի հանգամանքները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում, որոնց նկատմամբ վերը նշված միջոցները չեն կիրառվել: Ըստ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածը թույլ է տալիս շեղումներ կատարել Կոնվենցիայից բխող պարտավորություններից միայն «այնքանով, որքանով խիստ անհրաժեշտ է իրավիճակի ծայրահեղությամբ»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել