ՓՄՁ ավելի քան 3000 ներկայացուցիչներ դիմել են ԱԺ խմբակցություններին |168.am|
09:58 - 08 մարտի, 2019

ՓՄՁ ավելի քան 3000 ներկայացուցիչներ դիմել են ԱԺ խմբակցություններին |168.am|

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հ/կ-ն այսօր դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ ահազանգելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի, դրանից բխող կանխատեսվող տնտեսական վնասի մասին:

«Բոլորովին դեմ չլինելով ծխելու դեմ պայքարին, հստակ գիտակցելով Առողջապահության նախարարության կանոնադրական նպատակները և նմանատիպ օրենսդրական նախագծերով դրանց հասնելու ցանկությունը, կարծում ենք` ոչ պակաս կարևոր են իրենց ուժերով, իրենց ռիսկերով ձեռնարկություններ հիմնած ՓՄՁ-ների իրավունքները: Ծխախոտային արտադրատեսակների լայն օգտագործումը մեր ազգաբնակչության մոտ մեկ օրում չի ձևավորվել: Այն տասնյակ տարիների, սովորույթների և այլ մի շարք հանգամանքների, իրողությունների արդյունք է:

Դրան զուգահեռ՝ նաև ձևավորվել է այդ արտադրատեսակների սպառման շղթայի եկամուտների, բիզնես մոդելների այսօրվա իրականությունը, որից օգտվում են ծխախոտային արտադրատեսակ արտադրողները, ներմուծողները, վաճառողները, դրա շուրջ ժամանցի, հանրային սննդի կազմակերպիչները, մարքետինգային ծառայություն մատուցողները և այլ բիզնես ոլորտներ, վարձու աշխատողներ:

Իհարկե, պետք չէ անտեսել նաև այս ոլորտում գործունեության արդյունքում ձեռնարկությունների վճարած հարկերը, որը ցավով, բայց պետք է փաստենք, որ այսօրվա խոշոր հարկատուների ցանկում առաջատարներն են»,- ասաց ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը:

Ասոցիացիան առաջարկում է խմբակցություններին՝ քննարկումներ կազմակերպել օրինագծի շուրջ, ինչը, ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, հնարավորություն կտա, մինչ վերոհիշյալ նախագծին քվեարկելը՝ բազմակողմանի պատկեր տեսնելու, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու համար:

168.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել