Ոստիկանությունը հայտնում է COVID-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր տալու դեպք բացահայտելու մասին
13:58 - 12 հոկտեմբերի, 2021

Ոստիկանությունը հայտնում է COVID-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր տալու դեպք բացահայտելու մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքրոջը, ով քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

«Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել