Մարտունի

Մարտունի քաղաքը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա։ Իր անունն ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին, ում ծածկանունը Մարտունի էր։

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշել. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն: «Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի: Մենք շատ երկար ժամանակ ականատես ենք եղել նաև բժշկական ծառայությունների գերկենտրոնացման, և մեր մարզերի բնակիչները, ովքեր առողջապահական ծառայություններ ստանալու կարիք են ունեցել, նույնիսկ պետական պատվերով, ստիպված են եղել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր անել, այդ թվում՝ տրանսպորտային, կեցության և այլն: Մեր քաղաքականությունը հենց 2018 թ.-ից եղել է այն, որ ծառայությունները պետք է մոտեցնել մարդկանց: Դա առավել արդյունավետ է, մտնում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ և ի վերջո բարեկեցության կարևոր հատկանիշ է, թե ինչքանով է հասանելի բժշկական ծառայությունը մարդկանց համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության ոլորտի զարգացման համատեքստում վարչապետն ընդգծել է հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում պոլիկլինիկաների, արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում: Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը: Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ: «Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: **** Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։  
16:55 - 04 նոյեմբերի, 2023
Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարտունին շուտով կունենա ժամանակակից բժշկական կենտրոն

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։   «Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի աշնանը, ու չնայած համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարություններին՝ շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել և Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ)։   Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մոդուլային բժշկական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է կառուցվում, նմանատիպ կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայոց Ձորի մարզում և նման նախագիծ կա Նաիրիի բժշկական կենտրոնի կառուցման համար։ Այս տիպի նախագծերն ավելի արդյունավետ են թե՛ բժշկական օգնությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ ծախսաարդյունավետության։   Հ.Գ. Մարտունու բժշկական կենտրոնում վերջին տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ։ Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից աշխատում է հեմոդիալիզի ծառայությունը, որը մինչ այդ հասանելի չէր Մարտունիում և պացիենտները ստիպված գնում էին այլ տեղեր»,- նշված է գրառման մեջ։    
17:06 - 03 ապրիլի, 2022
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց |armenpress.am|

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց |armenpress.am|

armenpress.am: Այսօր իրականացված բողոքի ակցիայի արդյունքում մի քանի ժամ փակ էր մնացել Վարդենիս-Մարտունի միջպետական նշանակության ճանապարհը։ Բողոքի ակցիան իրականացրել էին Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնության քվեարկության արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները։ Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում էին, որ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը չի կարողանում իրականացնել իրականացնել իր լիազորությունները, քանի որ նրա աշխատանքի համար ստեղծվում են տարբեր խոչընդոտներ, մասնավորապես, համայնքապետին նախկին իշխանությունները չեն հանձնում համայնքապետի աշխատասենյակի կնիքը եւ բանալիները։ Բողոքի ակցիային նախորդել էր Վարդենիս համայնքի ավագանու նիստը։ Բողոքի ակցիա իրականացնողների հետ ճանապարհը բացելու բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Բողոքի ակցիան ավարտվեց ժամը 16-ի սահմաններում, երբ ճանապարհը փակած մարդկանց խմբի հետ հանդիպելու եկավ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կայացել է զրույց  իր եւ Գեղարքունիքի մարզպետի միջեւ, եւ հույսեր կան, որ առաջիկա 10 օրերի ընթացքում իրավիճակը լիովին կկարգավորվի, աշխատանքները կմտնեն բնականոն հունի մեջ։ «Կոչ եմ անում ավարտել քաղաքական ակցիան, բացել ճանապարհը եւ անցնել ձեր առօրյա հոգսերին։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի»,-ներկաներին դիմեց Ահարոն խաչատրյանը։ Այդ կոչից հետո բողոքի ակցիայի նախաձեռնողները բացեցին ճանապարհը։
17:03 - 08 փետրվարի, 2022
Ոստիկանությունը հայտնում է COVID-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր տալու դեպք բացահայտելու մասին

Ոստիկանությունը հայտնում է COVID-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր տալու դեպք բացահայտելու մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքրոջը, ով քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:58 - 12 հոկտեմբերի, 2021
Արցախի Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը

Արցախի Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը

Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը: Մարզադաշտի վերաբացմանը հաջորդել է ֆուտբոլի վետերանների՝ Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղը,որը նվիրված էր ապրիլյան 44-օրյա պատերազմի նահատակներին, հայ ժողովրդի հաղթանակներին ու դրանք կերտած հերոսներին: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հաղորդմամբ՝ պատերազմի հետևանքով վնասված մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:  «Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի: Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ վերականգնման աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» ՓԲԸ շինարարական կազմակերպության աջակցությամբ:
10:43 - 10 մայիսի, 2021
Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարությանը

Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: ԱՀ ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու: Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները: Նախագահը հանձնարարել է կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը: «Մարտունին զարգացման մեծ ներուժ ունի, և տեսանելի ապագայում պետական և բարեգործական զգալի միջոցներ են ուղղվելու յուրատիպ քաղաքային համայնք ունենալու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք»,- նշել է Հարությունյանը:
18:30 - 23 օգոստոսի, 2020
Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

 Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները։ Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոններում քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։ Մարզի բնակիչներն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով կստանան այն բոլոր ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության գրասենյակ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս, որոնք գործում էին տարբեր հասցեներում»,- գրել է նախարարը:
14:30 - 11 հուլիսի, 2020
ՀՀ ոստիկանության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. պաշտոնեական չարաշահումներ կատարելու և կաշառքի համար մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի

ՀՀ ոստիկանության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. պաշտոնեական չարաշահումներ կատարելու և կաշառքի համար մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ.  մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում «B» և «C», իսկ մեկ դեպքում «BE» և «CE» կարգերի վարորդական վկայականներ տրամադրելու համար 3 անձից, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերևույթ ստացել է տարբեր չափերի՝ 120.000-ից մինչև 200.000 ՀՀ դրամ կաշառք: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձևով, որին մեկ դրվագով առերևույթ ներգրավվել է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետը:   Երկու դեպքում կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձանց վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով տեսուչն առերևույթ կաշառքը տվող երկու անձանցից ընդունել է գործնական քննություն և այն գնահատել բացասական: Այնուհետև, նույն օրը նրանցից կրկին ընդունել է գործնական քննություններ: Դրանց ընթացքում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նա կազմել է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշել է, թե, իբր, այդ անձինք  գործնական քննության ընթացքում ճշտությամբ կատարել են անհրաժեշտ գործողությունները: Մինչդեռ պարզվել է, որ նրանք իրականում ամբողջությամբ չեն կատարել նշված գործողությունները, իսկ գործնական քննությունը կրել է ձևական բնույթ: Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու): Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, բավարարել է տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաև կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի և անձը կալանավորվել է։ Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) և 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը): Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  Նախաքննությունը շարունակվում է: Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
15:34 - 04 հունիսի, 2020
Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն  |armenpress.am|

Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը թույլատրեց ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Ըստ նախագծի հիմնավորման, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրն իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունը և որակը: 43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը: Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։ Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։ Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։
12:34 - 27 մայիսի, 2020
Մարտունիում առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք է բացահայտվել

Մարտունիում առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք է բացահայտվել

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։  Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի  առքուվաճառքի  գործարքներ։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՊԵԿ աշխատակիցների վերահսկողության ներքո, արտարժույթի առքուվաճառաք իրականացնելուց անմիջապես հետո, բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։  Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:  ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ևս մեկ անգամ  հորդորում  է քաղաքացիներին զերծ մնալ  առանց համապատասխան  թույլտվության  արտարժույթի առուվաճառքի գործարքներ կատարելուց։  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:21 - 21 մայիսի, 2020
Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|

Մարտունիում վիրավորական բառեր են գրել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք վիրավորական արտահայտություններ են գրել  կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան պատերին եւ շրջել դարպասի մի հատվածը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետի անձնակազմի գծով տեղակալ Էդիկ Հակոբյանը, քաղաքացու ընտանիքում հոր եւ որդու մոտ կորոնավիրոսի դրական պատասխան է եղել, ինչից հետո նրանք բուժման են տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն: Դրանից  հետո անհայտ անձը (անձինք) գիշերվա ընթացքում կատարել են անթույլատրելի արարք՝ վիրավորելով տվյալ ընտանիքի արժանապատվությունը:  «Մեզ ահազանգել է կորոնավիրոսուվ հիվանդի դուստրը: Պարզվել է, որ անհայտ անձինք շուռ են տվել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» եւ այլ բառեր։ Որոշ բառեր էլ գրեթե չէին  կարդացվում: Գրառումները մաքրվել են, իսկ բաժնում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ»,-ներկայացրեց Էդիկ Հակոբյանը:
13:26 - 14 մայիսի, 2020
«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը

«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը

Արցախի Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա Ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ: Նամակի մեջ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, օրերս «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպում են կազմակերպել: Դժգոհ մնալով հանդիպման մասնակիցների սակավ քանակից՝ նրանք հայտարարություն են տարածել, թե իբր Մարտունի քաղաքի ազատամարտիկները նախապես ձեռնարկել էին հնարավոր բոլոր միջոցները հանդիպման կայացմանը խոչընդոտելու համար: Թեմային առանձին հնչեղություն տալու նպատակով նրանց տարածած հայտարարության մեջ հիշատակվում է Արցախյան ազատամարտի վետերան Սամվել Աբրահամյանի անունը, ինչպես նաև առանց փաստերի ներկայացվում մտացածին ինչ-որ մեքենաների շարժ՝ այսօրինակ էժանագին սադրանքների միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ անելով: Մենք՝ Մարտունի քաղաքի ազատամարտիկներս, խիստ դատապարտում ենք այդպիսի շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Մենք երբեք մեր մեջ թշնամիներ չենք փնտրել, և երբևիցե որևէ մեկից չենք վախեցել, դրա վառ ապացույցը անառիկ պահված Մարտունին է: Կարծում ենք՝ այսքանով ամեն ինչ ասված է»: Նամակի տակ ստորագրել են Արցախյան ազտամարտի մի խումբ վետերաներ՝ Ավանեսյան Արամ, Աբրահամյան Նվեր, Սարգսյան Հայկ, Ավագյան Գարիկ, Սարգսյան Կամո, Արտաշյան Արտաշ, Խաչատրյան Արթուր, Մելքոմյան Միքայել, Օսիպյան Միքայել, Սարգսյան Նաիրի, Ավանեսյան Արմեն, Խաչատրյան Վարդան, Հարությունյան Վյաչեսլավ, Հարությունյան Մխիթար, Մաիլյան Մարտիկ, Աղաջանյան Նորայր, Աբրահամյան Կառլեն, Սարգսյան Վիտալի, Գրիգորյան Վալերի, Մուսաելյան Կամո, Պետրոսյան Հենո, Մուսաելյան Օբեթա, Մանգասարյան Արմեն, Ավագյան Սենորիկ, Ղարիբյան Էդիկ, Սարգսյան Վլադիկ, Մկրտչյան Շմիթ, Ջամալյան Արթուր, Ղարիբյան Արեգ, Հայրապետյան Կարեն, Հակոբյան Արսեն, Հարությունյան Փայլեր, Ստեփանյան Հրաչիկ, Ստեփանյան Վլադիկ, Վանյան Ռոբիկ, Աղասյան Վլադիմիր, Աղասյան Գրիշա, Պողոսյան Նելսոն, Խաչատրյան Ռաֆայել:
13:31 - 25 մարտի, 2019