Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն երկու երկրի ժողովուրդների բարեկեցությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացավ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն արձանագրեց, որ վերջին տարիներին, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական համագործակցության զարգացումն ընթանում է ոչ կայուն ռիթմով:
«Երկկողմ առևտրային ցուցանիշները բավականին ցածր են: Բուլղարիան՝ հանդիսանալով Եվրոպական Միության մաս՝ Հայաստանի համար հուսալի և կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական կապերը մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի համար»,- ասաց Արշակյանը:
Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների միջև 2018 թվականին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 259 մլն ԱՄՆ դոլար, որը 2017 թվականի համեմատ կրճատվել է 19.6 տոկոսով:
Հայաստանից Բուլղարիա արտահանումը 2018 թվականին կազմել է 215.3 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարիների համեմատ կրճատվել է 23.8 տոկոսով, իսկ Բուլղարիայից Հայաստան ներմուծումը ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 43.8 մլն ԱՄՆ դոլար և աճել է 9.5 տոկոսով: Առևտրային դրական բալանսը կազմել է 171.5 մլն ԱՄՆ դոլար:
Նախարար Արշակյանը նշեց, որ երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերութունների ներկա մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը:
«Երկու երկրների գործարարների և գործարար ասոցիացիաների միջև կապերի ամրապնդումը կարող է մեծապես նպաստել բոլոր բնագավառներում հայ-բուլղարական հարաբերությունների արդյունավետ զարգացմանը: Պետք է օգտագործել բոլոր այն հարթակները, որոնք կարող են նպաստել Բուլղարիայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Այս հանձնաժողովի նիստի նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ իրենք քայլեր են իրականացնում ենթակառուցվածքների բարելավման և առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը թույլ կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը:
«Հայաստանը կարևորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարարական մոտեցումների կիրառման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման մեծ խթան»,- ասաց ՀՀ ՏԿՏՏ նախարարը և հավելեց, որ գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում, զբոսաշրջության ոլորտում ակտիվ համագործակցություն է ընթանում Բուլղարիայի հետ:
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեցին նաև կրթությանը և գիտությանը, մշակույթին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը, քաղաքաշինությանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցեր:
comment.count (0)