Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն |armenpress.am|
11:30 - 21 հոկտեմբերի, 2021

Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն |armenpress.am|

armenpress.am: Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների ճիշտ գնահատման կարիք է տեսնում: Հակոբյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը:

Ըստ պատգամավորի՝ հենց սկզբից չի կատարվել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքների գնահատում: «Ծրագրերը եղել են անձին վերաբերվող, և երբևէ կարիքներն ամբողջական չեն գնահատվել, ընտանիքի կարիքներին լուծում չի տրվել»,-ասաց Հակոբյանը:

 

Նա նկատեց՝ չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Ըստ նրա՝ լուծումները տրվել են տարերայնորեն:

Արցախցի պատգամավորը խնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ. «Արագ տեմպերով ներգրավելով ՀՀ-ում օպերատիվ շտաբին՝ շատ արագ կատարել ընտանիքների կարիքների գնահատում և դրանք խմբավորել ըստ առաջնահերթության ու տալ լուծումներ»:

Հակոբյանը նշեց՝ նույն խնդիրը կա նաև Արցախում: «Պետք է իրականացվի կարիքների գնահատում: Պետք է առաջնորդվել ոչ թե սոցիալ-հավասարության սկզբունքով, այլ՝ սոցիալական արդարության սկզբունքով»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ Արցախում ոչ հասցեական, տարերային սոցիալական ծրագրեր են իրականացվել ընտանիքների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել