11 անձանց մեղադրանք է առաջադրվել «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակում |lragir.am|
11:11 - 11 մարտի, 2019

11 անձանց մեղադրանք է առաջադրվել «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակում |lragir.am|

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը Զիբիլիքս անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները:

Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը:

lragir.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել