Հայաստանում մանկական քաղցկեղի քիմիաթերապիայի կուրսի համար տրամադրվող գումարը պետությունն ավելացնում է՝ 150 հազար դրամի փոխարեն դարձնելով 250 հազար դրամ: Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը պետությունն իր վրա է վերցնում: Եվ մենք հաշվել ենք, որ դրա համար մոտ 50 մլն դրամ փող է պետք լինելու: Հայաստանում գրանցվում է սոլիդ ուռուցքների (հյուսվածքային ուռուցքներ`գլխում, որովայնում, թոքում) 100 դեպք, որից մոտ 70 դեպքը բուժվում է Հայաստանում, 30-ը՝ արտերկրում: Եվ այդ 70 դեպքի քիմիաթերապիայի ծառայությունները հավելյալ մոտ 50 մլն դրամի կարիք ունեն, որ հիվանդանոցային բուժման բոլոր ծախսերը փակվեն՝ բացառությամբ դեղերի: Մենք ամեն քիմիաթերապիայի կուրսի համար՝ առանց դեղերի, տալիս ենք մոտ 150 հազար դրամ գումար: Գիտենք, որ դա քիչ է: Որոշել ենք դա դարձնել 250 հազար դրամ՝ քիմիաթերապիայի ամեն կուրսի համար»,-ասաց Թորոսյանը:
Նախարարը նշեց՝ քանի որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ հազարավոր երեխաներ չկան, հաշվել են, որ մոտ 50 մլն դրամ գումար է պետք, որ այդ 150 000 դրամը դարձնեն 250 000: Թորոսյանը նշեց՝ դրա շնորհիվ երեխայի ծնողից չեն ուզի գոնե կատետոր, փոխարինվող պարագաներ, պալատի գումար և այլն:
comment.count (0)