Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան
16:47 - 02 նոյեմբերի, 2021

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային  խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը  որակով կատարելու համար:

Քաղաքաշինության պատասխանատուները նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով, նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով,  շահագործման կհանձնվեն:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել