2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին ավելի քան 530 միլիոն դրամ կհատկացվի
11:35 - 04 նոյեմբերի, 2021

2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին ավելի քան 530 միլիոն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցը։ Առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար մարզպետարաններին շուրջ 532,121.5 հազար դրամ հատկացնել։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թ․ նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն` ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: 

Ինչպես հայտնի է, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

2006 թվականի՝ հիշյալ որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն` 2020 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: 

Ինչպես նշված է նախագծում, այդ ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: 

«ՀՀ 24 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 27 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Ինչպես վերը նշեցինք, այժմ քննարկվող կարգավորմամբ առաջարկվում է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 532,121.5 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: 

Մասնավորապես, Արագածոտնի մարզպետարանին կտրամադրվի 27,9 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 34 մլն, Արմավիրի մարզպետարանին՝ 25 մլն, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 112 մլն, Լոռու մարզպետարնին՝ 102 մլն, Կոտայքին՝ 28 մլն, Շիրակին՝ 30 մլն, Վայոց Ձորին՝ 38 մլն, Տավուշին՝ 132 մլն դրամ։

Որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել