ՀՀ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը նպատակ ունի բարձրացնել ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը։
Հարցի զեկուցման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագիծը երեք մասի բաժանեց՝ նշելով, որ առաջին մասով առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր էլեկտրոնային համակարգ ներդնել, եւ բջջային հավելվածի միջոցով սպասարկող կազմակերպությունների հետ ե՛ւ վերահսկողության մակարդակն ու հաշվետվողականությունը բարձրացնել, ե՛ւ քիչ ռեսուրսներ ծախսել՝ ստանալով լավ արդյունք․ «Հաշվի առնելով, որ սա նորույթ է, ե՛ւ մեզ, ե՛ւ սպասարկող կազմակերպություններին այս հավելվածով աշխատելու համար, առաջարկում ենք սա կիրառել 2023-ի հունվարի 1-ից, բայց այս տարի կսկսենք որոշ կազմակերպությունների հետ սա փորձնական կիրառել, եւ երբ համակարգը սկսի աշխատել, 2023-ից կսկսենք կիրառել»,- մանրամասնեց Սանոսյանը։
Նախագծի երկրորդ մասով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների մեքենասարքավորումների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, սարքավորումների քանակի մասին է․ «Նախորդ օրենքում կա կմ-ների վերաբերյալ հատված, թե յուրաքանչյուր X կմ-ի համար ընկերությունը քանի մեքենա պիտի ունենա․ եթե 50կմ-ի համար մեկ գրեյդեր (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա) էր պահանջվում սապասարկվող կազմակերպություններից, հիմա էդ թիվը սահմանվում է 40՝ յուրքաքանչյուր 40կմ-ի համար՝ մեկ տեխնիկա, որպեսզի կարողանա արագ, որակով սպասարկել։ Վերջապես ուզզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ եւ ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից աղ-ավազ են շաղ տալիս։ Մյուս կարեւոր պահանջն այն է, որ ընկերության մեքենապարկի 70%-ը սեփական մեքենանել լինեն»,- ասաց Սանոսյանը՝ պարզաբանելով, որ երբ այս պահանջը չկա, մեքենաներն իրարից են վարձակալում, սպասում՝ մինչեւ մեքենան մի տեղ ավարտի գա։ Բացի դրանից՝ պահանջվելու է, որ սարքավորումները ամենաշատը 15 տարվա հնության լինեն, այսինքն՝ կազմակերպությունները պետք է հնարավորինս թարմ ավոտմեքենաների պակ ունենան։
«Երրորդը, որ նախատեսվում է, նորից անվտանգության բարելավմանն է վերաբերում․ հաշվի առնելով, որ ավելացնում ենք ֆինանսական միջոցները, ի սկզբանե պահանջ ենք դնում, որ եթե սպասարկող ընկերության տարածում լրացուցիչ աշխատանքների, կահավորման կարիք է առաջանում, ապա մենք այլեւս լրացուցիչ չենք ֆինանսավորում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտում գները հաշվարկված են 2010-ի գներով, իսկ այժմ որոշակի փոփոխություններ են եղել, մյուս կողմից մենք պահանջները խստացրել ենք, առաջարկվում է 1կմ-ի համար կիրավող գնի համար կիրառել 1,3 գործակից, այսինքն՝ ֆինանսավորումն ավելացնել, որպեսզի կազմակերպությունները պահանջներին բավարարել եւ որակյալ սպասարկում իրականացնել»։
Վարչապետը ճշգրտեց՝ ճի՞շտ հասկացան, որ հիմա կառավարությունը մարդկանց խոստանում է, որ այլեւս մայրուղիների վրա բահով թափքից ավազ ցանող մարդկանց եւ մեքենաներ չենք տեսնի, եւ եթե այո, դա երբվանից տեղի կունենա։ Նախարարը պարզաբանեց, որ այս ոլորտում մրցույթները հինգ տարին մեկ են, իսկ այս տարի հինգ տարին ավարտվում է․ «Այս որոշումն ընդունելուց հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին մրցույթ կանցկացնենք, դրա արդյունքներումմ այս պահանջները դրվելու են, որոշ դեպքերում գուցե մի քանի ամիս ժամկետ ունենանք, որպեսզի իրենք պարկը լրացնեն, բայց մեծ մասում՝ հատկապես հանրապետական, միջպետական ճանապարհներին դա չենք տեսնի այլեւս»։
comment.count (0)