Ճապոնական դրամաշնորհի շրջանակում Ագրարային համալսարանը կունենա նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն
06:49 - 27 մարտի, 2019

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում Ագրարային համալսարանը կունենա նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն մարդկային անվտանգության ծրագրերի համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հին ջերմոցը վերափոխել նորագույն ժամանակակից ուսումնափորձարարական ջերմատան։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ մատնանշելով գյուղատնտեսության վճռորոշ դերը Հայաստանի տնտեսության մեջ և հավելելով, որ այն լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության ռազմավարությանը և զգալիորեն կնպաստի գյուղատնտեսության ներուժի հետագա զարգացմանը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է համալսարանի համար, որով ներդրում է կատարվում ագրոտեխնոլոգիաներով հագեցած, ուսանողակենտրոն միջավայր ձևավորելու ուղղությամբ։

Ջերմատունն ունենալու է 420 քմ տարածք, կիրառվելու է ուսումնական և հետազոտական նպատակներով ՀԱԱՀ ուսանողների ու դասախոսների, ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» 8-ամսյա նորարարական կրթական ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև ֆերմերների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել