Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (նախկին անվանումներ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա), հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է ագրարային բնագավառի համար կադրեր պատրաստող առաջատար բուհը։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։

Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Էմմա Սարգսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝  հավաքին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար։ Խոսքը վերաբերում է ընդդիմության վերջին ժամանակներս կազմակերպվող հավաքերին։ Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակել էր մի խոսակցություն`  կից գրելով, թե Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունը ընդդիմության հավաքներին։ Թոռնիկ Ալիյանը մեր զրույցում հաստատել էր, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, սակայն պնդել էր, թե գումարի դիմաց չի կազմակերպել ուսանողների՝ հավաքներին մասնակցությունը։ Նա նաեւ նշել էր, որ խոսակցությանը ներկա անձանց մեջ Ավետիք Չալաբյանը չի եղել։ Վարդան Թադեւոսյանի մեզ հայտնեց, որ Թոռնիկ Ալիյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ հավաքներին մասնակցելու համար երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր «5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաեւ դասախոս Էմմա Սարգսյանը։ Էմմա Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ քանի որ ՔԿ հաղորդագրության մեջ Սարգսյանի անունը շոշափվել է, դրանից հետո նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, քանզի դա արդեն փաստացի քրեական հետապնդման նշան է։ Դրանից հետո քննիչը, պաշտպանական կողմի համար անհասկանալի կերպով, որոշում էր կայացրել Սարգսյանին ձերբակալելու մասին։ Պաշտպանը բողոքարկել էր ձերբակալման որոշումը, սակայն հաշվի առնելով, որ 24 ժամ անց քննիչի որոշմամբ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ բողոք հետ էր վերցրել․ «Մենք որոշեցինք բողոքը չպնդել, քանի որ ազատ արձակվելուց հետո այն արդեն առարկայազուրկ էր դառնում, ես ինքս, իմ պաշտպանյալի հետ խորհրդակցելով, ձերբակալման դեմ բողոքը հետ վերցրի»։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ ֆորմալ առումով դիրքորոշում չեն հայտնել, չեն ասել, թե մեղքը ընդունում են․  «Այս գործում ամենակարեւոր երկու հանգամանքները հետեւյալներն են․ գործ ունենք հանցակազմի հետ, որը հուլիսի 1-ից այլեւս գոյություն չի ունենալու (նկատի ունի՝ այս տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով,- հեղ․), հետեւաբար այն որեւէ հանրային որեւէ վտանգավորություն չի ներկայացնում, իսկ հանցագործությունը առաջին հերթին պետք է հանրային վտանգավորություն ներկայացնի, եթե ներկայացներ, նոր օրենսգրքում այն ամրագրված կլիներ, եւ երկրորդ, այս ամեն ինչի հիմքում տեսնում ենք ձայնագրություն, որի թե ձայնագրման ընթացքը, թե համացանցում հայտնվելու հանգամանքները, մեղմ ասած, շատ կասկածելի են»։ Ազատ արձակվելուց հետո Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե սա քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործ է։ Երեկ հայտարարություն է տարածել նաեւ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը՝ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ապօրինի որակելով։   Միլենա Խաչիկյան  
13:23 - 17 մայիսի, 2022
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. նա կասկածվում է հավաքներին ուսանողների մասնակցության նպատակով նյութապես շահագրգռելու մեջ

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է. նա կասկածվում է հավաքներին ուսանողների մասնակցության նպատակով նյութապես շահագրգռելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահը հերքել էր․ հրապարակված խոսակցության մասնակիցներից մեկն Ավետիք Չալաբյանն է:
22:50 - 12 մայիսի, 2022
Ագրարայինի ՈՒԽ նախագահն ասում է՝ չէր պատրաստվում գումար վերցնել, իսկ Էմմա Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել

Ագրարայինի ՈՒԽ նախագահն ասում է՝ չէր պատրաստվում գումար վերցնել, իսկ Էմմա Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել

Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակեց մի խոսակցություն, որն, ըստ կայքի, տեղի էր ունեցել Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի և ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջև (արխիվացված հղումը)։ «Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ»,- հրապարակված ձայնագրությանը կից գրել էր կայքը։ Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, որն Ագրարային համալսարանում հրավիրյալ դասախոս է։ Սակայն ՈՒԽ նախագահը պնդեց՝ գումարի դիմաց չի կազմակերպել, որ իրենց բուհի ուսանողներն ակցիաներին մասնակցեն։    Ի՞նչ ենք իմանում ձայնագրությունից Ձայնագրությունն արված է աղմկոտ վայրում։ Մենք փորձել ենք գրի առնել այն ամենը, ինչ հստակ լսելի է խոսակցությունից։ Բամզակետեր են դրված այն հատվածների փոխարեն, որոնք ընդհանրապես չեն լսվում կամ հստակ չեն լսվում։ Սկզբում հարց է տալիս Թոռնիկ Ալիյանը․ - Իսկ Ավետիքը ո՞վ ա։ Նրան պատասխանում է Էմմա Սարգսյանը․  - Ինքը էս շարժման համահիմնադիրներից ա։ Խոսակցությունը շարունակվում է Ալիյանի և Սարգսյանի միջև։ - Էս Քոչարյանինը չի՞։ - ․․․․։ - Բայց Քոչարյանը չի՞ կազմակերպում էս ցույցերը։ - ․․․․։ - Բա ո՞վ ա կազմակերպում։ - Նայի, մի քանի շարժում կա․ մեկը էս «Համախմբում»-ն ա, որը որ ․․․․, մեկը «Դիմադրություն»-ն ա։ ․․․․։ «Համախմբումը»՝ Կարին Տոնոյան, Ավետիք Չալաբյան։ - Կարին Տոնոյան, Ավետիք․․․ Իսկ իրենք գումար-մումար, ի՞նչ առաջարկ։ - ․․․․։ - Բայց նորմալ բան ա՞, հա։ - ․․․․։ - Ես եմ ասո՞ւմ։ - ․․․․։ - Բայց վաբշե ինչքա՞ն ա հիմնական գումարը։ - ․․․․։ - Քիչ գումարի մասին ա խո՞սքը, թե՞ շատ։ - ․․․․։ - Դրամով խոսա՞մ, թե՞ դոլարով։ - ․․․․։ Ձայնագրության հաջորդ հատվածում խոսակցությունը ոչ թե Էմմա Սարգսյնաի և Թոռնիկ Ալիյանի միջև է, այլ վերջնիս ու մի անծանոթ տղամարդու։ Նրանք բարևում են միմյանց, Թոռնիկ Ալիյանը ներկայանցում է։ - Ագրարայինի ուսխորհրդի նախագահն եմ։ Նրանց խոսակցությանից որոշ հատված բացակայում է։ Ձայնագրության շարունակության մեջ լսում ենք Թոռնիկ Ալիայանի ձայնը․ - Դե ձեր բառերի մեջ շեշտեցիք, ես էլ ձեզ կարամ աջակցեմ, ձեզ օգնեմ, չէ՞։ Ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ օգնության մասին ա խոսքը։ - Նայի, ասեմ քեզ, կախված նրանից՝ ․․․․։ Դուք ինքերդ պետք ա ձևակերպեք ձեր կարիքները։ - Եթե մեր կարիքները կախված ա ֆինանսի՞ց։ Կարաք օգնե՞ք ֆինանսով։ - Եթե կախված ա ֆինանսից, կարանք օգնենք ֆինանսով։ - Հա՛, պա՛րզ․ էսօրվա դրությամբ նյութականն ա, ֆինանսն ա, բոլորին էդ ա հետաքրքրում։ Մարդիկ ինչի՞ համար են գոյատևում։ Գոյատևելու, ապրելու համար, ամեն ինչի համար ֆինանսն ա։ - Ով որ գոյատևում ա, ֆինանսն ա, ով որ ապրում ա, ֆինանսից բացի՝ նաև ուրիշ ․․․․։ - Դե հա, էլ ավելի արժեքներ ունեն․ նենց չի՝ ես մտնում եմ ստեղ, ես գումարի կամ ինչ-որ տենց մի բանի համար, բայց կոնկրետ իմ թիմը, որ հիմա ձևավորվում ա, ինքը իրա շահը ունի։ Հիմա դու էսօրվա դրությամբ ինձ ասես՝ Թոռնի՛կ ջան, պետք ա ինձ հազար հոգի հավաքես էսինչ տեղը, էսինչ գաղափարի համար մենք պետք ա զրուցենք երկու ժամ կամ երեք ժամ կամ մի ցելի օր կամ պտի վրաններ խփենք կամ սենց մի հատ բան անենք կամ ճանապարհ փակենք, դու ասում ես՝ սենց մի հատ բան ա պետք, բա հետո՞։ - ․․․․։ - Հետո՞, մենք փակեցինք, մենք արեցինք էդ ամեն ինչը, ես էդ մարդկանց հետո ոնց եմ բան անելու։ - ․․․․։ - Դուք երկու հազար հոգու համար ինչքա՞ն ֆինանս եք նախատեսում։ - ․․․․։ Խոսակցությանը միանում է ևս մի անծանոթ տղամարդ (նա հավանաբար սկզբից էլ ներկա էր), որն ասում է․  - Ոնց որ, ի՞նչ պետք ա անեք․ եթե դուք կարողանաք ըմբոստություն կազմակերպեք համալսարանում, էդ մի բան, եթե պիտի գաք, ասեք՝ երկու հատ խաչմերուկ փակեք, էդ ուրիշ բան։ Նրան պատասխանում է ՈՒԽ նախագահը․ - Հիմա նայեք, ես էլ էդ եմ սում, դրա համար էլ ես ձեր հայեցողության վրա եմ թողնում էդ գումարային պահը։ - Որ ասես՝ դու ինչ կարաս անես, այսինքն՝ ինչ գործողություն կարա քո ուժերի մեջ լինի։ Այնուհետև կրկին խոսում է առաջին անծանոթ տղամարդը․ - 2000 մարդ կարաս մոբիլիզացնես ․․․․, բայց պարտադիր չի՝ 2000 ․․․․, որ 200 էլ պետք լինի, էլի կարաս ․․․․։ Նորից երկրորդ տղամարդն է խոսում․  - Բայց նայած՝ ինչ գործողության շուրջ։ Օրինակ, ի՞նչ գործողություն կարաք անեք, կարա՞ք դասադուլ անեք։ Թոռնիկ Ալիյանը պատասխանում է․  - Դասադուլն ինչ ա՞, որ դասադուլ չանեմ։ Խոսակցությունը շարունակում է երկու անծանոթ տղամարդկանցից մեկը։ - Նաև կարան գան միտինգի մասնակցեն։ Մենք դրա մասին ենք խոսում։ Հիմա ինչ ա՞ պետք դրա համար։  Խոսակցության որոշ հատված չի լսվում։  Անծանոթներից մեկն ասում է․  - Տարբեր տեսակ գործողություններ կան, դու մի հատ մտածի, թե ինչ տեսակ գործողությունների եք դուք պատրաստ մասնակցել։ Պատասխանը չի լսվում։ Այնուհետև խոսում է անծանոթ տղամարդկանցից մեկը․  - Գիտե՞ս՝ ինչ գործողություն լավ կլիներ ու բավականին հեշտ․ օրինակ՝ մենք ակցիա կազմակերպենք բուհի դիմաց, ու ասենք, մի հազար հոգի դուրս գա, միանա էդ ակցիային ու երթով գնան, ինչ-որ մի գործողություն անեն, որը որ կհամաձայնացնենք իրար հետ։ Հաջորդիվ ձայնագրության մեջ լսվում է Թոռնիկի Ալիյանի և Էմմա Սարգսյանի միջև խոսակցությունն արդեն այլ վայրում, քանի որ շրջապատի աղմուկը չկա։ Առաջինը խոսում է Թոռնիկ Ալիյանը․ - Բայց ի՞նչ ասեց։ - Նայի, ինքը ասում ա՝ եթե 2000 հոգի ֆուլ բերում ա մի երթի համար, 2 միլիոն։ - 2 միլիո՞ն։ Էդ ինչո՞վ ա հաշվում, որ։ - Ասում ա՝ մարդը 1000 դրամ։ - Մի հոգին 1000 դրա՞մ։ - ․․․․։ - Եթե հենց հիմա հանեմ, հենց հիմա տալիս ա՞։ Պատասխանը  չի լսվում։ Ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։   Ի՞նչ է ասում Թոռնիկ Ալիյանը Թոռնիկ Ալիյանը մեզ պատմեց, թե երբ ու քանի անգամ է հանդիպել Էմմա Սարգսյանին, կոնկրետ ինչ է առաջարկել վերջինս, և ինչու է ՈՒԽ նախագահը սկսել խոսել գումարից։ Չնայած սկզբում Թոռնիկ Ալիյանը նշեց միայն ՈՒԽ աշխատասենյակում Էմմա Սարգսյանի հետ հանդիպելու մասին, բայց ի վերջո նա և ՈՒԽ փոխնախագահ Արմեն Սոլոմոնյանը ներկայացրին դեպքերի ժամանակագրական հերթականությունը։ Նրանց պատմածից պարզ դարձավ, որ հանդիպում է տեղի ունեցել նաև երկու անծանոթ տղամարդկանց հետ։ Ըստ ՈՒԽ նախագահի և փոխնախագահի՝ Թոռնիկ Ալիային մինչ այդ անծանոթ Էմմա Սարգսյանը զանգել է և ասել, որ գյուղատնտեսական մի ծրագրի շրջանակներում ուզում է խոսել նրա հետ։  «Գալիս է էստեղ, հանդիպում մեր նախագահի հետ, զրուցում են ծրագրի շրջանակներում։ Հետո ինքը (Էմմա Սարգսյանը- խմբ․) կտրուկ թեման փոխում է դեպի քաղաքականություն ու ասում է՝ իմ ղեկավարության հետ, ուզում եմ, հանդիպեք ու զրուցեք։ Ու մեզ հետաքրքրում է էն փաստը, թե ինչ է իրենց միտքը, ինչ է իրենց ուզածը։ ․․․․ Ու էդ ամեն ինչը պարզաբանելու համար հացուփորձի միջոցով [Թոռնիկ Ալիյանը] գնում է հանդիպման իրենց ղեկավարության հետ»,- պատմում է Արմեն Սոլոմոնյանը Նշված հանդիպումը տեղի է ունեցել համալսարանից դուրս։ Թոռնիկ Ալիյանը պնդում է, որ չի գնացել գումար վերցնելու և ուսանողներին ակցիաներին մասնակցու համար մոբիլիզացնելու նպատակով․ «Ես ուղղակի էդ ամեն ինչին քմծիծաղով եմ նայել, ես չեմ նայել, որ պետք ա գումար վերցնեմ, ես ուղղակի ուզում էի հասկանայի՝ ինչի են կրթական օջախները ներգրավվել էս ամեն ինչի մեջ»։ Մեր դիտարկմանը, թե ձայնագրության մեջ լսվում է, որ առաջինը հենց Թոռնիկ Ալիյանն է խոսում գումարի մասին, ՈՒԽ նախագահը պատասխանեց․ «Ես բառ եմ տալիս, որ բառ ստանամ։ Կամ եթե ես գումարով ուզենայի անել, չէի կարա՞ շուտվանից անեի։ Կամ 2 մլն, ամեն մի ուսանողի համար համար 1000 դրամ, տրամաբանորեն էլի մտածեք»։ Ալիյանի խոսքով՝ խոսակցությունը տեղի է ունեցել մի շաբաթ առաջ, սակայն նոր է հրապարակվել․ «Ի՞նչ եք կարծում, երբ որ տենց բան լինի, ես հիմա ի՞նչ պետք ա անեի․ ես պետք ա արդեն ուսանողությանը հանեի, գումարը վերցնեի ու ուսանողությանը հանեի»։ ՈՒԽ նախագահը պնդեց՝ ձայնագրությունն ամբողջական չէ․ «Ասում եմ՝ ինչ եք առաջարկում, բա՝ էս, էս, ասում եմ՝ բա որ եթե ֆինանս լինի։ Ի վերջո, պատկերացրեք, ուզում են գումարով գնել երիտասարդներին։ Ես մինչև վերջ որ խոսում եմ, ես ասում եմ՝ բա որ հասնենք  Հանրապետության հրապարակ, հաջորդ օրը ձեր գումարը պրծնի, ասում եմ՝ ինչ ա՞ լինելու, ուսանողությունը պիտի հե՞տ գա, ժողովուրդը ցրվի՞, ասում եմ՝ նշանակում ա՝ դուք գաղափարի համար չեք պայքարում»։ Հարցին, թե ովքեր են խոսակցությանը մասնակցած տղամարդիկ, ՈՒԽ նախագահն ու փոխնախագահը պատասխանեցին՝ չգիտենք։ Քանի որ խոսակցության մեջ Էմմա Սարգսյանը տալիս է «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի անունը, հարցրինք՝  նրանցից մեկը արդյո՞ք Չալաբյանն է եղել։ Երբ Թոռնիկ Ալիյանն ասաց, որ չգիտի՝ Ավետիք Չալաբյանն ով է, ցույց տվեցինք վերջինիս լուսանկարը։ ՈՒԽ նախագահն ասաց, որ անծանոթ մարդկանցից մեկը Չալաբյանը չի եղել։ Երեկ civic.am-ը հարցրել էր Ավետիք Չալաբյանին, թե արդյո՞ք դասախոս Էմմա Սարգսյանի նշած Ավետիք անունով անձը հենց ինքն է։  Չալաբյանը պատասխանել էր․ «Կարծում եմ՝ ձայնագրությունն ապօրինի է արված, ես բացարձակ չեմ մեկնաբանում, հուսով եմ՝ իրավապահները կզբաղվեն, ու իսկությունը կհայտնաբերվի»։ Թոռնիկ Ալիյանը չպատասխանեց մեր հարցին այն մասին, թե Էմմա Սարգսյանը որ քաղաքական ուժի կամ գործչի անունից էր առաջարկներ ներկայացնում․ «Ինքն ընդհանուր ուժից է, ես չգիտեմ՝ ինքը որ ուժից է»։ Ալիյանին նաև խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է անծանոթ տղամարդկանց հետ զրուցելիս ասում․ «Դասադուլն ինչ ա՞, որ դասադուլ չանեմ»։ «Էդ ուղղակի խոսացնում եմ։ Դասադուլն ի՞նչ ա, որ չկարողանան անեն, էդ բոլոր ուսանողներն էլ կարան անեն, դասադուլն ամենապրիմիտիվ բանն ա։ Ինձ հարց են տալիս, ասում են՝ դասադուլ կարա՞ս անես, ասում եմ՝ դասադուլն ինչ ա, որ չկարանամ, բայց ես չեմ ասում՝ գիտես ինչ կա, էդ դասադուլի համար ես գումար եմ ուզում»,- ասաց Ալիյանը։ ՈՒԽ նախագահի և փոխնախագահի խոսքով՝  համալսարանից դուրս հանդիպումից հետո Էմմա Սարգսյանը երկրորդ անգամ է եկել Ագրարային, որտեղ էլ մերժում է ստացել,  և իրենք գումար չեն վերցրել նրանից։ Իրենց նպատակն ի սկզբանե եղել է պարզելը, թե ովքեր են ներգրավված այս գործում և ինչ են ուզում առաջարկել ուսանողներին։ «Տարբեր առաջարկություններ են եղել, սա առաջին դեպքը չէ, եղել է ժամանակ, որ առաջարկություններ են արել, բայց մենք մերժել ենք»,- նշեց Ալիյանը։ Հարցին՝ խոսքն այս պահի՞ն ընթացող, թե՞ այլ ակցիաների մասին է, ՈՒԽ նախագահը պատասխանեց․ «Չէ, բոլոր ակցիաների հետ կապված, մենք բոլոր ակցիաներին մերժել ենք ու էս ակցիան էլ ենք մերժել»։ Հարցին, թե ով է ձայնագրել խոսակցությունը, եթե խոսակցություններին ներկան են եղել միայն Թոռնիկ Ալիյանը, Էմմա Սարգսյանը և անծանոթ մարդիկ, ՈՒԽ նախագահը չկարողացավ պատասխանել։ Նա պնդեց, որ որևէ կապ չունի տեսանյութի հրապարակման հետ։ Իսկ հարցին, թե ինչու միջադեպից հետո չի դիմել բուհի ղեկավարությանը կամ ոստիկանություն, պատասխանեց․ «Դա իմ պոզիցիայից, մենթալիտետից դուրս ա, որ ես էդպիսի քայլ անեի»։   Էմմա Սարգսյանը չի մեկնաբանում կատարվածը Մենք ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Էմմա Սարգսյանից։ Նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել․ «Նախ, չեմ մեկնաբանում, երկրորդ, իրավունք չունեմ ինչ-որ բան էս պահին մեկնաբանելու, որովհետև ոնց հասկացա՝ նյութեր են նախապատրաստվում»։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրապարակված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում Քննչական կոմիտեում մայիսի 10-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի նշված կետը վերաբերում է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ։ Աննա Սահակյան  
15:46 - 12 մայիսի, 2022
Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման․ Ագրարային համալսարանի ՈՒԽ

Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման․ Ագրարային համալսարանի ՈՒԽ

Երեկ՝ մայիսի 10-ին, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։ Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ և իմաստազուրկ փորձը և համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, և որևէ մեկը, ոչ համալսարանում և ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի և ազատության վրա։ Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, և մենք որևէ պարագայում երբևէ չենք սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության և քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական և ազգային շահերը։ Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։ ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին և շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։  Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար։
12:43 - 11 մայիսի, 2022
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»: Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա:
19:45 - 24 սեպտեմբերի, 2020
Ճապոնական դրամաշնորհի շրջանակում Ագրարային համալսարանը կունենա նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում Ագրարային համալսարանը կունենա նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն մարդկային անվտանգության ծրագրերի համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հին ջերմոցը վերափոխել նորագույն ժամանակակից ուսումնափորձարարական ջերմատան։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ մատնանշելով գյուղատնտեսության վճռորոշ դերը Հայաստանի տնտեսության մեջ և հավելելով, որ այն լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության ռազմավարությանը և զգալիորեն կնպաստի գյուղատնտեսության ներուժի հետագա զարգացմանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է համալսարանի համար, որով ներդրում է կատարվում ագրոտեխնոլոգիաներով հագեցած, ուսանողակենտրոն միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Ջերմատունն ունենալու է 420 քմ տարածք, կիրառվելու է ուսումնական և հետազոտական նպատակներով ՀԱԱՀ ուսանողների ու դասախոսների, ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» 8-ամսյա նորարարական կրթական ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև ֆերմերների կողմից։
06:49 - 27 մարտի, 2019