armenpress.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ով անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել էր, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։
Արսեն Թորոսյանը, մասնավորախպես նշել է. «Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։
Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։
Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։
Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։
Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ նա մոտ երեք հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չի մնացել։
Այժմ Զավեն Գրիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։
Իհարկե շինարարական պայմանագրերի մասով առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերում է առողջությանը՝ մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան»։
comment.count (0)