ՀՌԱՀ-ի անդամների առաջադրումը ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը |tert.am|
05:59 - 27 մարտի, 2019

ՀՌԱՀ-ի անդամների առաջադրումը ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը |tert.am|

tert.am: Երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր հաստիքի մրցույթում առաջադրվածների ցուցակը հրապարակվեց, անկեղծ ասած, ինձ համար շատ տարակուսելի էր այն հանգամանքը, որ առաջադրվել են ՀՌԱՀ-ի առնվազն 3 անդամ՝ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և հանձնաժողովի անդամներ Գագիկ Բունիաթյանը և Արմեն Մկրտչյանը: Ինձ անհանգստացրեց այն, որ սրանով խախտվում են էթիկայի կանոնները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը:

«Մինչև մրցույթը, հայտարարվում էր՝ մրցույթի կազմակերպման գործը պետք է անի ՀՌԱՀ-ը, հետո տեսնում ենք, որ ՀՌԱՀ-ի նախագահը և ևս երկու անդամներ ներկայացված են թեկնածուների ցանկում: Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ստվեր գցել մրցույթի անաչառության վրա: Առհասարակ, Հայաստանում մրցույթները մեծ հեղինակություն չեն վայելում, և ես հույս ունեի, որ այս առիթը պետք էր օգտագործել անբիծ ընտրություն անցկացնելու համար»:

Հարցին, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին ընտրելու է անկախ հանձնաժողովը, այս պարագայում և՞ս կարող է լինել անաչառության խնդիր, Պասկևիչյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հավասարակշռություն, կարգավորման մեխանիզմն է խախտվել: Այո՛, հանձնաժողովը պետք է ընտրի, բայց եթե ՀՌԱՀ-ի հանձնաժողովից մարդիկ են առաջադրվում, որոնք այս պարագայում ունեն գերակա դիրք, որքանո՞վ է հանձնաժողովը կլինի չկաշկանդված»:

Նշենք, որ մինչև մրցույթում առաջադրվածների անունները հրապարակվելը, մամուլում շրջանառվում էր, որ Տիգրան Պասկևիչյանը ևս առաջադրվելու է մրցույթում, սակայն մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ի սկզբանե ցանկություն չի ունեցել մասնակցել մրցույթին.

«Իմ անվան շրջանառությունը կապված էր որոշ մարդկանց տրամաբանական ենթադրությունների և որոշ մարդկանց ցանկությունների հետ: Երկու դեպքում էլ շնորհակալ եմ, որ ինձ չեն մոռացել: Բայց ես չէի պատրաստվում առաջադրվել, որովհետև այս ոլորտում ղեկավարելու խնդիր չեմ տեսնում: Ինձ համար ավելի կարևոր է, որ այդ հանրային ոլորտը լինի բաց և բոլորի համար հավասարապես բաշխված: Անցախ տարիներին, մենք, լինելով ստուդիա, երբևէ որևէ պատվեր չենք ստացվել, մեր արտադրանքները երբևէ Հանրային հեռուստաընկերությամբ չեն ցուցադրվել: Կար խտրականություն: Ինձ համար՝ առաջին հերթին կարևոր է, որ Հանրային հեռարձակման ոլորտը բաց լինի, որ մենք էլ կարողանանք օգտվել դրանից»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել