Քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չկա․ շինարարական ընկերությունների արձագանքը մամուլի հրապարակմանը
12:46 - 27 մարտի, 2019

Քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չկա․ շինարարական ընկերությունների արձագանքը մամուլի հրապարակմանը

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար։ «Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ։ Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով»,- գրել է թերթը։

Ոլորտի մի քանի կազմակերպություններից փորձեցինք ճշտել տեղեկատվության հավաստիությունը։

Անշարժ գույքի կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ»-ը որևէ խնդիր չի ունեցել շինթույլտվություն ստանալու հետ կապված։ Ընկերությունից մեր հարցին պատասխանեցին․ «Մենք նման խնդիր չենք ունեցել, քաղաքապետարանին ինչ փաստաթուղթ ներկայացրել ենք, նորմալ, ժամանակին պատասխանը եկել է՝ և՛ շինթույլտվության, և՛ ցանկացած այլ հարցի հետ կապված։ Մեր ընկերության մասով այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Իսկ «ԿԱՍԿԱԴ ՀԻԼԶ» բազմաբնակարան համալիրից հայտնեցին, որ իրենք շենքերն արդեն կառուցել, վերջացրել են և քաղաքապետարան դիմելու խնդիր չեն ունեցել։ «Սրանից երեք տարի առաջ ենք դիմել ու տասը շենքի համար թույլտվություն ստացել։ Այս ընթացքում իրականացրել ենք շինարարությունը, ու խնդիրներ չեն եղել, մեր կողմից իրականացվող կառուցապատումը կասեցնելու դեպքեր չեն եղել»։

«Ղարիբյանշին» շինարարական ընկերությունից ևս ասացին, որ քաղաքապետարանի կողմից որևէ խոչընդոտ չի եղել, շինարարական աշխատանքները կասեցնելու դեպքեր՝ ևս։

Հրապարակմանը Infocom-ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա նշեց, որ շինթույլտվությունը ինքնին ենթադրվող բան չէ, և բնական է, որ եղած կլինեն դեպքեր, երբ քաղաքապետարանը չի տվել այդ թույլտվությունը։ 

«Այնպես չէ, որ շինթույլտվություն ուզողը ինքնաբերաբար ստանում է այն։ Դա տրվում է քաղաքաշինական նորմերին համապատասխան լինելու պարագայում։ Բայց այդպիսի բան չկա, որ շինարարություն անելը դարձել է անհնար։ Նրանց համար, ովքեր նախկինում շինարարական թույլտվություն կարողացել են ստանալ այնպիսի տեղերում, որտեղ չպետք է ստանային, իհարկե, դա դարձել է դժվար ու նույնիսկ անհնար։ Բայց քաղաքի զարգացման տրամաբանության մեջ տեղավորվող և քաղաքաշինության նորմերին համապատասխան շինթույլտվություններ տրվում են, այն էլ՝ հնարավորինս հեշտացված»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել