Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երեւան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։ «Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի: Հետևաբար կարևոր է, որպեսզի նոր ձևավորվող բարեփոխումները ուղղված լինեն կոնկրետ և շոշափելի արդյունքների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները ողջունել են Հայաստանի Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների հակվածությունը և իրավասությունների բաշխումը կատարելագործելու գործադիր իշխանության ցանկությունը։
««Ուղղահայց իշխանությունը» հին ավանդույթ է Հայաստանում, և ուժերի հավասարակշռության հաստատման ցանկացած պատրաստակամություն միայն պետք է ողջունել»,-ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է օգնել Հայաստանում իրական ժողովրդավարական մշակույթի արմատականացմանը՝ հիմնված հանդուրժողականության և այլակարծության ընդունման վրա:
Հանդիպումների ժամանակ համազեկուցողները տեղեկացվել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, վերաբերմունքի և տոնի ակնհայտ փոփոխություն կա իշխանությունների կողմից, և որ առկա են կոռուպցիայի դեմ պայքարի առաջին շոշափելի արդյունքները։
«Մենք ողջունում ենք նախապատրաստվող բոլոր խոշոր բարեփոխումները դատական անկախության, նոր քրեական քաղաքականության ընդունման և հատուկ կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարին ուղղված ինստիտուտների ստեղծման համար, և նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Համազեկուցողները ուշադիր կհետևեն այդ բարեփոխումների իրականացմանը։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել օգտվել ներկայի շատ բարձր հասարակական աջակցությունից, որպեսզի ակտիվացնեն սոցիալական բարեփոխումների, այդ թվում՝ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների, ինչպես նաև հայկական հասարակության մեջ նուրբ հարցերի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև անհավասարության կամ ԼԳՏԲ-ի հետ կապված բարեփոխումների իրենց ջանքերը։
Նրանք նաև կոչ են արել բոլոր զրուցակիցներին ապահովել Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանսարոտի բանաձևերի վավերացումը, որը նա ստորագրել է։ Անցյալ տարվա մայիսին նախկին այցից հետո զեկուցողները բարձր են գնահատել հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը և հայ ժողովուրդը ղեկավարեցին խաղաղ հեղափոխությունը եւ հետագա քաղաքական անցումը։
«Անցումն արդեն ավարտված է 2018թ․ դեկտեմբերի ընտրություններով, որը բոլոր միջազգային դիտորդները եւ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են ազատ եւ արդար»,- նշել են նրանք։ Լավոչկինան եւ Շիրցելը վերջում ասել են, թե երկիրը խորը փոփոխություններ է ապրում։ «Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ ապահովելու այդ փոփոխությունների բարեհաջող նախապատրաստումն ու իրականացումը»,- եզրափակել են համազեկուցողները:
comment.count (0)