1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի` որպես Թումո կենտրոն: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում: Այս մասին հայտարարություն է տարածել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
«Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև: Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք:
Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ապրող պատանիներին Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բացել ևս մեկ կենտրոն` Սիսիան քաղաքում, ինչպես նաև 6 Թումո տուփ` Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Շաքի, Շինուհայր, Տեղ գյուղերում: Կապանի Թումոյին միացված կլինեն Քաջարանի և Մեղրիի տուփերը, իսկ Սիսիանին` Գորիսի, Շաքիի, Շինուհայրի, Տեղի Թումո տուփերը:
Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շաբաթական շուրջ 320 պատանիների, որոնք ինքնուսուցման փուլը տուփում անցնելուց հետո կմեկնեն Կապանի կամ Սիսիանի կենտրոններ` գործնական դասընթացներին և հատուկ աշխատարաններին մասնակցելու:
Այսպիսով, առաջիկա տարիներին երկու Թումո կենտրոնները ու վեց տուփերը միասին կկազմեն կրթական ցանց Սյունիքի մարզում` պատանիներին տալով որակյալ կրթություն համաշխարհային շուկայում պահանջված բնագավառներում: Հարգելի գործընկերներ, մամուլի հաղորդագրության անգլերեն տարբերակը և նկարները կարող եք ներբեռնել` սեղմելով ներքևի կոճակը։
comment.count (0)