news.am: Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները 47 անգամ խախտել են երկրի օդային տարածությունը: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ներկայացվաած տվյալների՝ «8 թուրքական ռազմական օդանավեր օդային տարածության 47 խախտում են կատարել», երբ Հունաստանը նշում էր Օսմանյան կայսրության 400-ամյա լծի դեմ 1821-1829 թվականների ազգային ազատագրական հեղափոխության 198-ամյակը:
Գլխավոր շտաբը նշում է, որ 2016 թվականից առաջին անգամ մարտի 25-ին թուրքական ավիացիան ներխուժել է հունական օդային տարածություն՝ խախտելով պայմանավորվածությունն այն մասին, որ երկու երկրները ձեռնպահ են մնում ազգային տոների ժամանակ վարժանքներ եւ զորավարժություններ անցկացնելուց: Թուրքական ինքնաթիռները գրեթե հիսուն խախտումներ են կատարել՝ գերազանցելով 2009 թվականի ռեկորդը, ընդգծել են հունական զինվորականները:
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը նույնպես հաստատել է, որ թուրքական երկու F-4 կործանիքչները փորձել են խանգարել Sikorsky ռազմատրանսպորտային ուղղաթիռի թռիչքը, որով վարչապետ Ալեքսիս Ցիպրասը թռչում էր Ագատոնիսիոն փոքրիկ հունական կղզի, որպեսզի նրա բնակիչների հետ տոնի Հունաստանի ազգային տոնը:
Հաղորդվում է, որ երկու թուրքական F-4-եր, որոնք առանց թռիչքի ծրագիր ներկայացնելու ներխուժել են Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջան, (Athens Flight Information Region, FIR) հունական Սամոս եւ Կոս կղզիների միջեւ 6000 ֆուտ (մոտավորապես 1800 մ) բարձրության վրա փորձել են մոտենալ Հունաստանի վարչապետին տեղափոխող ռազմական ուղղաթիռին, որը թռչում էր 2000 ֆուտ բարձրության վրա՝ (600 մ) Ագատոնիսիոն եւ Առկի կղզիների շրջանում:
Այդ պատճառով հունական ուղղաթիռը ստիպված է եղել կտրուկ իջնել՝ համարյա մինչեւ 100 ֆուտ: 4 մղոն հեռավորության վրա վարչապետի ուղղաթիռին մոտեցած թուրքական կործանիչներին որսալու համար օդ են բարձրացել հունական F-16-երը, որոնք միջազգային պրակտիկայի համաձայն ստիպել են խախտողներին հեռանալ հունական օդային տարածությունից:
Միջադեպից հետո, Անատոլիական գործակալությունը, վկայակոչելով հանրապետության անվտանգության ուժերի աղբյուրին, հերքել է, որ թուրքական օդանավերը խոչընդոտներ են ստեղծել Ալեքսիս Ցիպրասի ուղղաթիռի թռիչքի համար: Գործակալության տվյալներով՝ ոչ ոք չի հետապնդել Հունաստանի վարչապետի ուղղաթիռին, իսկ թուրքական կործանիչնեչը կատարել են պլանային առաջադրանքը:
comment.count (0)