armtimes.com: Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձերը:
Գործարանի աշխատակիցներից Կարո Քարաջյանը հայտնեց, որ 6 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, դրանից առաջ էլ դարձյալ 6 ամիս չէին ստացել: «Նաիրիտում տարվա մեջ ընդամենը երկու անգամ աշխատավարձ ստանալն արդեն պարբերական բնույթ է կրում: Չէինք բարձրաձայնում, որովհետեւ երկիրը վատ վիճակում էր, բայց քանի որ առջեւում Ամանոր է, մարդկանց գումար է պետք»,- ասաց նա:
Կարո Քարաջյանի խոսքով՝ տնօրինությանը բազմիցս են դիմել, սակայն քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերի մեծ մասը Կառավարությանն են հանձնված, որոշել են անմիջապես Կառավարության ներկայացուցիչներին դիմել:
«3-4 հազար հոգուց մնացել ենք 220 աշխատող, ապահովում ենք գործարանի եւ երկրի անվտանգությունը: Ես երկար տարիներ աշխատել եմ «Նաիրիտ»-ում, չեմ ուզում դուրս գալ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ դեռեւս 2006 թվականին Կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառել էր «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչեւ 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումները չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թվականից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություններ ունի նաեւ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։
Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց: Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրել է ՀՀ կառավարությանը: Հիմա «Նաիրիտ»-ը սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։
comment.count (0)