Պետությունը կաջակցի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, պտղատու այգիների ու հատապտղանոցների հիմնմանը
07:51 - 29 մարտի, 2019

Պետությունը կաջակցի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, պտղատու այգիների ու հատապտղանոցների հիմնմանը

Կառավարության հաստատմանը ներկայացվեց «ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ գեղամ Գևորգյանը զեկուցեց․ «Նախատեսվում է աջակցել 0,5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0,5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողներին։ Պետական աջակցությունը կիրականացվի երկու բաղադրիչներով։ Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքային չափով, որ տնտեսվարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող կոպերատիվներին՝ 0 տոկոսով։

Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է փոխհատուցել այգիհիմնման ծախսերի 40 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքներում՝ 50 տոկոսը։ Փոխհատուցումը կտրամադրվի 0,5-5 հա խաղողի այգիներին, իսկ հատապտղանոցների դեպքում՝ 0,5-3 հա։ Սրանով փորձ է արվել անել այնպես, որ փոքր ու միջին գյուղատնտեսական տնտեսությունների քանակը ավելի շատ լինի քեշբեքի դեպքում։

Ծրագրով նախատեսված է նաև մեկ շահառուի տրամադրվող վարկի և փոխհատուցման առավելագույն չափերը, մոնիտորինգը, հաշվետվողականությունը, ռիսկերը։ Հինգ տարվա ընթացքում սկսզբնական ժամանակահատվածում ֆերմերը պետք է միայն ամսական առավելագույնը վճարի 41 հազար դրամ, որովհետև առաջին տարվա խնամքի ծախսերը պետությունը ևս ֆինանսավորվում է։

Հետբերելիության ժամկետը 6,5 տարի է, շահութաբերության ինդեքսը՝ 2,12, դրա մեջ նաև հաշվել ենք դիսկոնտավորման տոկոսը, այսինքն՝ այսօրվա փողը վաղվա փողի հետ համեմատած։ Ստացվում ՝ եթե մենք օգտվում ենք այս ծրագրից, կարողանում ենք 6,5 տարի հետո ամբողջ ներդրումը հանել, պետության փողը հետ տալ, միևնույն ժամանակ սկսել շահույթ ստանալ։ 

2019-ի աշնանից կսկսենք հիմնել այս այգիները, իսկ 2020 թվականի գարնանը, կարծում եմ, ծրագիրը բում է ապրելու։ Այս ինտենսիվ այգիների ապրանքների պահանջարկը շատ մեծ է և վաճառվում է բարձր գներով։ 

Որոշման նախագիծն ընդունվեց առանց դեմ ձայների։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել