armenpress.am: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:
«Ստեղծված իրավիճակը մեզ համար անհասկանալի է, և մենք պահանջում ենք, որ Մշակույթի նախարարությունը հաշվի առնի նաև մեր կարծիքը: Ուզում ենք հանդիպել Նազենի Ղարիբյանի հետ և հասկանալ, թե ինչպես է հիմնավորում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իր որոշումը: Մենք այսօր եկել ենք աշխատանքի և տեղեկացել ենք այս լուրի մասին»,- ասաց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ներկայացումները չեղարկեն, Լիպարիտ Ավետիսյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա: Արտիստները նշեցին, որ այս ընթացքում Նազենի Ղարիբյանը երբեք չի եկել օպերային թատրոնի առաջնախաղերին, սակայն մշտապես հրավեր ստացել է: Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանը նշեց, որ Մշակույթի նախարարության յուրաքանչյուր ղեկավար պետք է մտնի թատրոն, ծանոթանա կոլեկտիվ անդամների հետ, տեսնի իրականացվող աշխատանքը:
comment.count (0)