armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ըստ էության դեմ չէ, սակայն շեշտում է, որ դա պետք է արվի արժանապատիվ ձևով և ոչ հիմա:
Զաքարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երկաթուղու վերագործարկման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Իմ անձնական կարծիքով բոլոր ճանապարհներն էլ պետք է բացվեն, աշխատեն, բայց դա պետք է արվի արժանապատիվ ձևով՝ այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք և կկարողանանք բոլոր բարեկամ, ոչ բարեկամ, թշնամի հարևանների հետ հարաբերություններում հայկական պետական շահը առաջ տանել»,-ասաց Զաքարյանը:
Ըստ նրա՝ պետությունը պարտությունից դեռ ուշքի չի եկել: «Մենք պետք է ուժեղանանք, նոր կարողանանք հարաբերվել հարևանների հետ»,-ասաց պատգամավորը:
Զաքարյանի կարծիքով՝ հիմա ամենաանհարմար ժամանակն է գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու:
comment.count (0)