Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան
12:37 - 25 դեկտեմբերի, 2021

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին․ Փաշինյան

Շարունակելու ենք աջակցել Երևանին և Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ մենք միասին ձևակերպել ենք 2017, 2018 թվականներին։ Այս մասին Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմանակալության արարողության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հաջողություններ մաղթել քաղաքապետին  և Երևանի ավագանուն այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերը իրագործելու համար։ Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքը այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է, և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր արդեն ՀՀ 4000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է քաղաքի կառավարման, համայնքի կառավարման նոր մոդել, որը, ըստ էության, համապատասխան է նաև երկրի կառավարման մոդելին և մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը, այո, իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, նաև Գյումրիի, նաև Վանաձորի կառավարման առումով»։

Փաշինյանն ասաց՝ այն ծրագիրը, որը 2018 թ․-ից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի ավագանու ընտրությունների 2017 թ․-ի ծրագրից․ «Այն զարգացման ուղղությունները, որ այսօր իրականացվում է Երևան քաղաքում, ահա իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թ․-ին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագարումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրը, և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2018 թ․-ին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20% ձայն է ստացել»։

Վարչապետը նաև նշեց, որ կառավարությունը այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին։ «2018 թ․-ից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին։ Ընդ որում, ես ուզում եմ շատ կարևոր մի արձանագրում անել․ ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր քաղաքական թիմը ունեցել է մեծամասնություն, եթե «Ելք» դաշինքն էլ հաշվենք, ավելի լայն մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կառավարումը»։

Փաշինյանը նաև մի հանգամանքի անդրադարձավ․ «Վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին, մեծ մասում գործող քաղաքապետերը հաղթել են։ Սա ամենևին պատահական չէ։ Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ կառավարությունը գործում է ինքը իր դեմ կամ քաղաքական մեծամասնությունը։ Ինչ նկատի ունեին։ Մենք, ըստ էության, 2018 թ․-ից ի վեր եթե Երևանն էլ ներառենք, շուրջ 350 միլիոն դոլարի ներարկումներ ենք արել տեղական ինքակառավարման մարմիններին և մենք ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման, քաղաքացուն հանդիման, ժողովրդին հանդիման, և մենք դա արել ենք երկու գործիքով»։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նախ գիտի, որ ընտրությունների արդյունքները ՀՀ-ում չեն կեղծվում․ «Երկրորդը, մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ  հստակ ուղերձ ենք հղել ՏԻՄ-երին, որ չի լինելու ՏԻՄ-երի, այսինքն՝ համայնքերի զարգացմանը իրոք նպաստող մի ծրագիր, որը կառավարության կողմից կմերժվի, և այդ սկզբունքը մենք պահել ենք, պահում ենք ու պահելու ենք»։

Նա նաև նշեց, որ համայնքների ավագանու նոր ընտրակարգ ամբողջ հանրապետության տարածքում ներդնելով համայնքների գործող ղեկավարներին ավելի մոտիկ են դարձրել իժողովրդին․ «Ավագանու անդամները, ըստ էության, դա հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապը ապահովելն է։ Ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի խզումը ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է։ Եվ ես այս ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր եմ համարում, և մենք, այո, պետք է շարունակենք պետական ինստիտուտների կայացման այս քաղաքականությունը, որովհետև հենց ինստիտուտների կայացումն է, որ պիտի երաշխավորի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետագա և բնականոն զարգացումը։ Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, մենք շարունակելու ենք աջակցել Երևանին և Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ մենք միասին ձևակերպել ենք 2017, 2018  թվականներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել