Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում
10:54 - 27 դեկտեմբերի, 2021

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Դեկտեմբերի 24-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները, դրան հետևած՝ Արցախի Ազգային Ժողովի և նախագահի, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների դատապարտող հայտարարություններից ու հանրային կտրուկ արձագանքից հետո արված արդարացումներն ու կեղծ տարակուսանքները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են նրա պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս:

«5165 շարժումը» վերահաստատում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, անքննելի ու անկասելի է: «5165 շարժումն» անվերապահորեն կանգնած է Արցախի ու արցախցիների կողքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Դա Արցախի ժողովրդի որոշումն է, և ոչ մի պաշտոնատար անձ, ոչ մի գործիչ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ, որոնք կհակասեն Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությանը:

Ավելին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի այն որոշումը, որն արգելում է ՀՀ գործադիր իշխանությանը ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում մինչ օրս ուժի մեջ է, և այն խախտելը հակազգային, հակապետական ու հակասահմանադրական է:

Մենք քանիցս բարձրաձայնել ենք Նիկոլ Փաշինյանի նշված մտադրությունների մասին՝ հղում անելով նրա ադրբեջանանպաստ հայտարարություններին, բացահայտ զիջողական ու պարտվողական քայլերին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների պարագայում արագորեն սահմանագծում և սահմանազատում անցկացնելու քաղաքական ուղեգծին: Իսկ վերջին հայտարարությունները հերթական անգամ վկայեցին, որ նա, հանուն խաղաղության կեղծ օրակարգի իրականացման, ինչպես նաև սեփական իշխանության գոյության երկարացման պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ընդունելով վերջինիս հետ հարաբերությունների արագ կարգավորման գնալը ևս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Ավելին՝ նա նաև պատրաստակամ է հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջատիրությունից, ինչի վկայություններն առկա են նաև դեկտեմբերի 24-ի հարցազրույցի որոշ դրվագներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել