ՀՀ առողջապահության նախարարությունը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում խիստ դատապարտել է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացման դեմ ուղղված յուրաքանչյուր փորձ:
«Հարգելի ծնողներ, քաղաքացիներ, բժշկական հանրության ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն:
Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով», - մասնավորապես նշված է հայտարարությունում:
Նշվում է, որ շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը:
«Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում`դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա: Հիշեք՝ հանրային առողջության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)