armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:
«Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ հատուկ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը հորդորեց սպասել իրենց գերատեսչության պաշտոնական տեղեկություններին:
comment.count (0)