Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է
18:25 - 29 դեկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Այս տարվա դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը արդեն նախաձեռնել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում անդրադարձավ անվստահության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցերի։ 

Օգտատերերից մեկի հարցը 2012 թ․-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին էր․ «2012 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի կազմում անցել է խորհրդարան, հետո դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից և շարունակել գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ Հիմա Փաշինյանին կարելի՞ էր, Հայկ Մարությանին՝ ո՞չ»,-հետաքրքրվեց օգտատերը։

Գալջյանն էլ արձագանքեց՝ այս երկու դեպքերն ընդհանրապես համեմատելի չեն․ «ՀԱԿ դաշինք է եղել այդ ժամանակ, տարբեր կուսակցություններից ձևավորված դաշինք, և Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, և ստացել է, եթե չեմ սխալվում, 9437 ձայն։ Ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքը որոշել է, որ ստեղծում է կուսակցություն, և Նիկոլ Փաշինյանը պարզապես չի դարձել այդ կուսակցության անդամ։ Այսինքն՝ իրավիճակները տարբեր են․ անձը ստացել է հազարավոր քվեներ, և ինքը ստացել է այդ մանդատը պատգամավոր լինելու համար, որովհետև ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ եղել է «Հայ ազգային կոնգրեսի» առանցքային դեմքերից մեկը, և մեծամասնական ընտրակարգը դրանով է տարբերվում համամասնական ընտրակարգից»։

Գալջյանը, սակայն, մանիպուլացնում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու և «հազարավոր քվեներ» ստանալու արդյունքում չի ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների պարագայում Փաշինյանը իր ընտրատարածքում պարտվել է, իսկ Ազգային ժողովի պատգամավոր է դարձել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։

2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործում էր խառը ընտրակարգ․ Ազգային ժողովը ձևավորվում էր և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներից։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն․ թեկնածուներին կարող էր առաջադրել կուսակցությունը, կամ նա կարող էր ինքնաառաջադրվել։ Իսկ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրությունները անցկացվում են կուսակցական ցուցակներով, և ընտրողները իրենց ձայնը տալիս են կուսակցություններին կամ դաշինքներին։ Կուսակցությունները կամ դաշինքները տեղ են զբաղեցնում խորհրդարանում՝ ըստ ստացած քվեների տոկոսային հարաբերակցության։

2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում։ Փաշինյանը առաջադրվել էր նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով․ նա նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։

Թիվ 7 ընտրատարածքում ինքնաառաջադրվել էին նաև անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիայում առաջադրել էր այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ առաջատար էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը․ նա ստացել էր 19.808 քվե։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների արդյունքում հավաքել էր 9437 ձայն, Տիգրան Գրիգորյանը՝  1262, իսկ Վարդան Վարդանյանը՝ 1088 ձայն։ Այսպիսով, առաջադրված 4 թեկնածուներից խորհրդարան էր անցել Սամվել Ալեքսանյանը, որը դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր։

Համամասնական ընտրակարգի դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  664. 266 քվե կամ  44.1% ձայն ՝ ձևավորելով 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը։ Հավաքած քվեներով 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը հավաքել էր 454.671 ձայն կամ 30.13%։  Իսկ ԲՀԿ-ին հաջորդում էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, որը այդ ընտրությունների արդյունքում հավաքեց 106.901 քվե կամ 7.08% և Ազգային ժողովում 7 պատգամավորական մանդատ ստացավ։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, որովհետև նա ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Ի հավելումն նշենք, որ նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը և չորրորդ համար Արամ Սարգսյանը հրաժարվեցին մանդատներից, ինչի արդյունքում մանդատները տրվեցին Հրանտ Բագրատյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ նույնպես նշված է, որ նա 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։

Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մանիպուլացնում է, քանի որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ոչ թե մեծամասնական ընտրակարգով, այլ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով։ 

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել