Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը |hetq.am|
15:08 - 02 հունվարի, 2022

Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը |hetq.am|

hetq.am: 2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ «2022 թվականը պետք է Եվրոպայի համար դառնա շրջադարձային պահ»։ «Վերջին տարիներին մեր մայրցամաքն այնքան անգամ են սևացրել, ԵՄ-ին մեղադրել նրանում, որ այն մասնատված է, ունակ չէ ընդհանուր նախագծերի, գտնվում է այն ճանապարհին, որ դառնա պատմականորեն ոչ արդիական»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքերով՝ համավարակը ցույց տվեց, որ միասնությունը ոչ միայն օգտակար էր, այլև հանդիսանում է «հույսի աղբյուր»։ 

Էմանուել Մակրոնը կարծում է, որ զարգացման նոր մոդելը, կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, պետք է խթանի նորարարությունները և ստեղծի աշխատատեղեր, Եվրոպայում ապահովի մրցունակությունը և համապատասխանի կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին։ Ֆրանսիան ցանկանում է կենտրոնանալ շրջակա միջավայրի պահպանության և թվայնացման հարցերի վրա։ 

Բացի այդ, շեշտադրումը կդրվի «եվրոպական ինքնիշխանության վրա»՝ սահմանների պահպանության, ինչպես նաև պաշտպանության հարցերի։ Ֆրանսիայի նախագահությամբ պայմանավորված՝ ամանորի գիշերը ողջ երկրում մի քանի շենքեր, այդ թվում Ելիսեյան պալատը և Էյֆելյան աշտարակը, լուսավորվել են կապույտ գույնով՝ ի նշան ԵՄ դրոշի։ 

Դեռ դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Եվրամիության կողմից Շենգեն գոտու սահմանների պաշտպանության նոր մեխանիզմի մշակման օգտին։ Այդպիսի մեխանիզմը պետք է գործադրվի ճգնաժամային իրավիճակում, «երբ կպահանջվի ուժեղացնել մեր արտաքին սահմանները»,- հայտարարել էր Մակրոնը։ 

Քաղաքական գործչի պնդմամբ՝ խոսքը կարող է վերաբերել Եվրամիության անդամ մյուս երկրներից անվտանգության ուժերի ծառայողներին ու տեխնիկան սահման ուղարկելուն: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպան պետք է ապահովի իր սահմանների պաշտպանությունը՝ հավելելով, որ Փարիզը կպնդի Շենգեն գոտու բարեփոխումները, այն բանից հետո, երբ հունվարին կստանձնի ԵՄ-ում նախագահությունը։

Ֆրանսիայի առաջնորդի խոսքերով՝ առաջիկա վեց ամիսներին նախատեսվում է նաև առաջ մղել եվրոպական պակտը, որը ենթադրվում է միգրանտների առավել արդար բաշխում Եվրոպայի տարածքում։

Լուսանկարում՝ FREDERICK FLORIN/AGENCE FRANCE-PRESSE/GETTY IMAGES


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել