factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստում ընթանում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը:
Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին: Դեռ ամիսներ առաջ դատախազը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ բանկային գաղտնիքները տրամադրվեն նախաքննական մարմնին: Խոսքը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում իրականացված բանկային գործարքներին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել է բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով․
«Մինչև հիմա էլ չեմ հասկացել, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին»,- նշում է պաշտպան Ամրամ Մակինյանը։
Այսօրվա դատական նիստում դատավոր Միսակյանն ուսումնասիրում է գործով առկա գրավոր ապացույցները։ Դրանց համաձայն` Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ «Բարսեղ Բեգլարյանը ստացել է քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման արձանագրությունը, սակայն հրաժարվել է որևէ գրառում կատարել կամ ստորագրել այն։ Քրեական գործի կապակցությամբ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ»,– ասաց Միսակյանը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ռոզա Վարդանյան
comment.count (0)